HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Մատաղիսի զորամասի հրամանատարի գործով դատարանում հարցաքննվում է դիվիզիայի հրամանատար Կարեն Շաքարյանը

Արդեն երկու նիստ է, ինչ դատարանը Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանի գործի քննությունը անցկացնում է դռնփակ ռեժիմով։

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում իր վկայությունը կշարունակի դիվիզիայի հրամանատար Կարեն Շաքարյանը։

Ըստ մեղադրանքի՝ Սևակ Աբրահամյանը, զբաղեցնելով Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնը, խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, որի հետևանքով ժամանակին չի հայտնաբերվել և չի կասեցվել պետության դեմ հարձակումը։ Աբրահամյանի մեղադրանքում ասված է նաև, որ վերջինս 2020թ. սեպտեմբերի 26-ի երեկոյան խնջույք է կազմակերպել բանակի սպաների մասնակցությամբ։ Մեղադրանքում որպես ծանր հետևանք նշված է այն, որ Ադրբեջանը գրավել է Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Սևակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունը մասամբ է ավարտվել, բայց դատարանը ապացույցների հետազոտման կարգը իր իսկ միջնորդությամբ փոխել է և անցել վկաների հարցաքննությանը։

Հիշեցնենք, որ դատախազ Վազգեն Վարդանյանը փակ ծրարով դատարանին էր հանձնել գաղտնի 16 փաստաթուղթ։ Ռազմական գաղտնիք պարունակող այդ փաստաթղթղերը դատարանը որոշել է ուսումնասիրել դռնփակ ռեժիմով։

«Կալանքի տակ մնալու ժամկետներն անհիմն երկարացնում են այն պատճառաբանությամբ, որ վկաները դեռ հարցաքննված չեն։ Այս գործով դատակոչված 51 վկա կա, եթե այդ տրամաբանությամբ գաղտնի փաստաթղթղերը հետազոտենք, հետո անցնենք վկաների հարցաքննությանը, Սևակ Աբրահամյանը մինչև 2030թ. կալանքի տակ է մնալու»,- նշեց Թամրազյանը։

Պաշտպանը կարծում է, որ Կարեն Շաքարյանի, Օնիկ Գասպարյանի, Ջալալ Հարությունյանի ցուցմունքները դռնփակ կլինեն։ Սակայն իր տեսակետն այն է, որ այս գործով ոչ մի նիստ չպետք է դռնփակ լինի։

Թամրազյանը հայտնեց՝ միջնորդելու է, որ այս վկաներից հետո մյուս վկաների հարցաքննությունը շարունակվի դռնբաց։

Դիվիզիայի հրամանատարն այժմ գաղտնի փաստաթղթերին առնչվող ցուցմունք է տալիս, նրա ցուցմունքը վերաբերում է նաև պատերազմի նախորդող օրերին։

Պաշտպանի խոսքով՝ նախաքննության փուլում դիվիզիայի հրամանատարը 3 անգամ առերեսվել է Աբրահամյանի հետ։

«Իրենք (հեղ.- դատախազությունը) մեղադրանքում նշել են, որ մինչև 2020թ. սեպտեմբերի 26-ի ժամը 18:00-ն, 6-րդ պաշտպանական շրջանը բոլոր տեղեկությունները, ինչ ստացել է, նորմալ զեկուցել է, 26-ին չի զեկուցել վերադասին։

Առերեսմանը ուրիշ բան են ասում, նորից ցուցմունքը փոխում են, ուրիշ բան ասում, հետո գալիս ենք առերեսման, նորից մեր ասածներն ընդունում, առերեսումից հետո տանում են, լրացուցիչ ցուցմունք վերցնում, նորից մի հիմար բան ասում են, բերում։ Էն մարդը ասում ա՝ մինչև սեպտեմբերի 26-ն ինձ զեկուցել են, որ ոչ մի խնդիր չենք ունեցել, բայց չգիտես խի 26-ի իրադարձությունները չեն զեկուցել, բայց տենց չի կարող լինել։

Իսկ զեկուցումն էնպես չի, որ զորամասի հրամանատարը պետք է անձամբ զեկուցի դիվիզիայի հրամանատարին։ Զորամասում օպերատիվ հերթապահն ինքը զեկույցները ստանում է և զեկուցում դիվիզիայի օպերատիվ հերթապահին, և զորամասի ամեն ծառայության պետ իր վերադասության դիվիզիայի հրամանատարին զեկուցում է, չի կարող այդ ինֆորմացիան դադարեցվել»,- հայտնեց Արման Թամրազյանը։

Բացի այդ, Աբրահամյանի պաշտպանի խոսքով՝ առաջնագիծը կահավորված է եղել տեսադիտարկման համակարգերով, դրանք օնլայն ռեժիմով դիտել են և՛ առաջնագծում ծառայություն իրականացնող ստորաբաժանման ղեկավարները, և՛ զորամասի ղեկավարները, և՛ դիվիզիայի ղեկավարները, և՛ ՊԲ ղեկավարները, և՛ Գլխավոր շտաբը։

Դիվիզիայի հրամանատար Կարեն Շաքարյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ ասելով մի ուրիշ անգամ։

Լուսանկարում՝ Կարեն Շաքարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter