HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞ւմն է շվեյցարական բանկի 100 մլն դոլարը. իրավապահները չեն կարողացել պարզել

2022-ի մայիսին «Հետքը» հրապարակել էր շվեյցարական Credit Suisse բանկում ՀՀ քաղաքացի Նինա Մինասյանին պատկանող հաշվին շուրջ 100 մլն դոլարի մասին հետաքննությունը։

Նինա Մինասյանի անվամբ բանկային հաշվեհամարը բացվել էր 1997-ին, երբ Մինասյանն ընդամենը 14 տարեկան էր։ 2013 թ.-ի դրությամբ այդ հաշվին պահվում էր մի քանի տասնյակ միլիոն շվեյցարական ֆրանկ։

Մինասյանի աշխատանքային պատմությունը, որևէ բիզնես չունենալու փաստը և ընտանեկան հանգամանքները մի շարք հարցեր էին առաջացրել։ Մասնավորապես, թե ինչպե՞ս է ՀՀ քաղաքացին կարողացել այսքան միջոց կուտակել, և իրականում ո՞ւմ է պատկանում այդ գումարը, արդյոք այս հարստության իրական տերն օգտագործում է Մինասյանի անունը իր կարողությունը թաքցնելու համար։

Հակակոռուպցիոն կոմիտեին վերջերս հարցրել էինք, թե արդյոք «Հետքի» հետաքննության մեջ ներկայացված փաստերի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ։ Մեզ հետաքրքիր էր՝ կա՞ն արդյոք կասկածյալներ, ձերբակալված կամ հարցաքննված անձինք։

Հակակոռուպցիոն կոմիտեից պատասխանել են, որ մեր հետաքննության մեջ տեղ գտած հանգամանքները ստուգելու նպատակով օրենքով սահմանված կարգով «օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր առերևույթ հանցանքի հատկանիշներ մատնանշող տվյալների առկայության մասին տեղեկություններ ձեռք չեն բերվել, ուստի քրեական վարույթն իրականացնող մարմին հանցագործության մասին հաղորդում չի ներկայացվել»։

Ստացվում է, որ մեր հետաքննությունից մեկուկես տարի անց իրավապահ մարմինները չեն կարողացել պարզել այս գումարների ծագման իրական աղբյուրը։

Հրապարակումից առաջ մենք հարցում էինք ուղարկել նաև Հայաստանի Կենտրոնական բանկ՝ նշելով, որ Հայաստանի քաղաքացի Նինա Մինասյանի՝ Credit Suisse-ում ունեցած բանկային հաշվին մեծ գումարներ կան, և մենք կասկածում ենք, որ այն, հնարավոր է, փողերի լվացման նպատակով է բացվել։ 

Կենտրոնական բանկին հարցրել էինք՝ արդյոք Նինա Մինասյանի շվեյցարական բանկային հաշվին Հայաստանի բանկերից փոխանցումներ եղել են, և հակառակը՝ շվեյցարական բանկից Նինա Մինասյանը փոխանցումներ կատարե՞լ է հայաստանյան բանկեր: Կենտրոնական բանկը պատասխանել էր, որ հայցվող տեղեկատվությունը բանկային գաղտնիք է: Սա մենք ինքներս էինք գիտակցում, բայց մեր ուսումնասիրությունները թույլ էին տալիս ենթադրել, որ Նինա Մինասյանը չէր կարող ունենալ այդքան մեծ գումար։

Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը (ՖԴԿ) պետք է ստուգեր բանկին տրամադրած տեղեկությունը, իսկ եթե հիմնավոր կասկածներ գտներ, ապա պետք է տեղեկացներ իրավապահ մարմիններին: ՖԴԿ-ն իր ուսումնասիրության արդյունքների մասին չի տեղեկացնում այլ մարմինների։ 

Հաշվի առնելով, որ որևէ քրեական վարույթ չի հարուցվել, ՖԴԿ-ն, ըստ երևույթին, որևէ տեղեկություն չի հայտնել իրավապահ մարմիններին։

Մենք դիմել էինք նաև Credit Suisse բանկին և հարցրել՝ արդյոք ստուգել են Նինա Մինասյանի գումարների ծագման աղբյուրը: Բանկը ստանդարտ պատասխան էր տվել՝ հաշիվ բացելիս ստուգում են ծագման աղբյուրը, իսկ մնացածը բանկային գաղտնիք է:

Նշենք, որ Նինա Մինասյանի մայրը՝ Ցողիկ Զաքարյանը, հանրային ծառայող է եղել, 22 տարի աշխատել է Պետական գույքի կառավարման կոմիտեում, իսկ 1996-1997 թթ. աշխատել է Կենտրոնական բանկում։

Նինա Մինասյանը մեր տվյալները կեղծ էր համարել և պնդել էր, որ որևէ կապ չունի այդ գումարի հետ։ Իսկ նրա մայրն ու եղբայրը մեր ունեցած տվյալները սուտ են որակել։ 

Հիշեցնենք, որ «Հետքի» հետաքննությունը Suisse Secrets անվանումը ստացած աշխարհի ամենահարուստ և ամենակարևոր բանկերից մեկի վերաբերյալ միջազգային լրագրողական հետաքննության մասն էր։ Տասնյակ լրագրողներ բացահայտել էին, որ Credit Suisse-ը բանկային հաշիվներ էր բացել բազմաթիվ հանցագործների և կոռումպացված քաղաքական գործիչների համար:

Այս միջազգային հետաքննության և մի շարք այլ սկանդալների կենտրոնում հայտնվելուց հետո Credit Suisse-ը հայտնվեց ճգնաժամի մեջ։ Բանկի անկումը կանխելու համար Շվեյցարիայի կառավարությունը բանակցեց մեկ այլ շվեյցարական գիգանտի՝ UBS գրուպի հետ, և վերջինս այս տարվա հունիսին ավարտեց Credit Suisse-ը գնելու գործընթացը՝ վերջ դնելով Credit Suisse-ի ավելի քան 170 տարվա անկախ գոյությանը։

Գլխավոր լուսանկարը՝ Fabrice Coffrini | AFP | Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter