
Տնտեսական աճի տեմպը թուլացել է. 7.4%՝ երրորդ եռամսյակում
2023 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը՝ ՀՆԱ-ի աճը, 7.4% է կազմել նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ։
Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի տվյալները, Հայաստանի տնտեսական աճի տեմպը գնալով ընկնում է։ Առաջին եռամսյակում այն 12.1% է կազմել, երկրորդում՝ 9.1%:
Ամսական կտրվածքով ևս տնտեսության աճի տեմպի նվազում է նկատվում։ Մեկ այլ ցուցանիշ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), ցույց է տալիս, որ տարեսկզբին գրանցված երկնիշ աճը մայիսից հետո կտրուկ նվազել է։
Այս ինֆոգրաֆիկայում ներկայացված են ՀՆԱ-ի՝ տնտեսական աճի երեք եռամսյակների միտումները, ինչպես նաև՝ ՏԱՑ-ի ամսական ցուցանիշները։
Հայաստանի տնտեսության կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը շարունակում են ունենալ առևտուրն ու ծառայությունները։ Երրորդ եռամսյակում ՀՆԱ-ի 57.9%-ը բաժին է ընկել նշված ոլորտներին։ Նշված եռամսյակում համախառն ներքին արդյունքը կազմել է մոտ 2 տրլն 580 մլրդ դրամ, որից 1 տրլն 496 մլրդ դրամը՝ ծառայություններին ու առևտրին է բաժին ընկնում։
Ծառայությունների մի շարք ենթաոլորտներում, ինչպես՝ կացության և հանրային սննդի կազմակերպումը, տեղեկատվություն և կապը, փոխադրումներն ու պահեստային տնտեսությունը և այլն, աճի տեմպերի նվազում է գրանցում։ Այլ խոսքով՝ ոլորտներում հասույթը շարունակում է աճել, սակայն ոչ այնքան մեծ տեմպով, ինչպես տարեսկզբին էր։ Օրինակ՝ եթե այս տարվա առաջին եռամսյակում կացության և հանրային սննդի ոլորտում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, գրանցվել է 39.1% աճ, ապա երրորդ եռամսյակում այն կազմել է 13.3%:
Քանի որ ծառայությունները էական կշիռ ունեն տնտեսության մեջ, այս ենթաոլորտներում աճի տեմպի թուլացումը ազդում է տնտեսության ընդհանուր աճի վրա։
Տնտեսական աճը զսպում է արդյունաբերությունը։ Եթե առևտրի ու ծառայությունների ոլորտում աճի տեմպերն էին նվազում, ապա արդյունաբերության ոլորտում արդեն երկրորդ եռամսյակն է՝ անկում է գրանցվում։ Մասնավորապես, երրորդ եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 2.6%-ով։
Գյուղատնտեսության ոլորտում երկրորդ եռամսյակի անկումից հետո փոքր աճ է գրանցվել։
Շինարարության ոլորտում ևս երրորդ եռամսյակում աճի տեմպի նվազում է նկատվում։
Հիշեցնենք, որ 2022 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 12.6%: Կառավարությունը ինչպես այս, այնպես էլ գալիք տարվա համար կանխատեսում է 7% տնտեսական աճ։ Իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում` 9%։ Այդ կանխատեսումն է ընկած նաև պետական բյուջեի նախագծի հիմքում։
Տես նաև՝
- Պարտքի տոկոսներ, պաշտպանություն, թոշակներ. ինչպես կծախսվի 2024-ի բյուջեն
- Բագրատ Ասատրյան. «Այո, սա տնտեսական աճ է, սակայն դեռևս զարգացում չէ»
- Չնայած երկնիշ տնտեսական աճին՝ վարձու աշխատողների մի մասի կենսամակարդակը էապես նվազել է
Մեկնաբանել