HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ճանապարհային նշանների տեղադրման պայմանագրերի շրջանակում Երևանի քաղաքապետարանի դեմ երկրորդ վճիռն է կայացվում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը Երևանի քաղաքապետարանի դեմ երկրորդ վճիռն է կայացրել «Իմպեքս» ՍՊԸ-ի հայցադիմումի հիման վրա: Դատարանն անվավեր ու ոչ իրավաչափ է ճանաչել Երևանի քաղաքապետարանի՝ ճանապարհային նշանների տեղադրման պայմանագիրը միակողմանիորեն լուծելու և ընկերությանը գնումների «սև ցուցակում» ներառելու որոշումները:

Այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամն է դատական կարգով վերականգնվում «Իմպեքս» ՍՊԸ-ի իրավունքները, որոնք խախտվել են քաղաքապետարանի պաշտոնյաների կողմից:

Հիշեցնենք՝ 2023 թ.-ի օգոստոսին Երևանի քաղաքապետարանը հայտարարված մրցույթի արդյունքում «Իմպեքս» ՍՊԸ-ի հետ կնքել է ճանապարհային նշանների տեղադրման պայմանագիր: Այդ ընթացքում մրցույթի մասնակիցներից «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն դատական կարգով բողոքարկել է արդյունքները:

«Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի հայցը մերժվել է, սակայն մրցույթի արդյունքում կնքված պայմանագրով  աշխատանքները դեռ չսկսած՝ քաղաքապետարանը միակողմանի լուծել էր կնքված պայմանագիրը՝ «Իմպեքս» ՍՊԸ-ից պահանջելով 10 տարվա բանկային երաշխիք, ինչի կատարումը գրեթե անհնար է:

Պայմանագիրը լուծելուց հետո քաղաքապետարանը նոր մրցույթ է հայտարարել՝ հանելով այդ պահանջը, ինչը «Իմպեքս» ընկերությանը հիմք էր տվել ենթադրելու, որ պարզապես ցանկացել են իրենցից «ազատվել»:

Ընկերությունը դիմել էր դատարան և հաղթել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը սեպտեմբերի 26-ին ոչ իրավաչափ է ճանաչել Երևանի քաղաքապետարանի գործողությունները, որը վերաբերել է ճանապարհային նշանների տեղադրման մրցույթը հաղթած «Իմպեքս» ՍՊԸ-ից 10 տարի ժամկետով բանկային երաշխիք պահանջելուն։ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել նաև քաղաքապետարանի կողմից պայմանագիրը միակողմանի լուծելու գործընթացը։

Ինչ վերաբերում է «Իմպեքս» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 2023թ. մարտի 3-ին կնքված փոքր ծավալներով պայմանագրին, ապա դրանով քաղաքապետարանի իրավունքներն ու պարտականությունները կատարող կողմ հանդես է եկել տրանսպորտի վարչությունը։

Պայմանագրով աշխատանքների կատարման վերջնաժամկետը սահմանվել է մինչև մայիսի 31-ը: Իսկ պայմանագրի գինը կազմել է մոտ 9 մլն 636 հազ. դրամ։ Պայմանագրի մի մասով՝ մոտ 4 մլն 574 հազ. դրամի չափով, ընկերությունը կատարել է աշխատանքներ, ինչը քաղաքապետարանն ընդունել է ապրիլի 6-ին և վճարել:

Քաղաքապետարանն օրեր անց հայտով լրացուցիչ պատվերներ է ներկայացրել «Իմպեքս» ՍՊԸ-ին, ինչը պայմանագրի արժեքն ավելացրել է մոտ 583 հազ. դրամով: Քաղաքապետարանը ևս ընդունել է:

Ընկերությունը պայմանագրի ամբողջ ծավալով աշխատանքներն ավարտել է մայիսի 12-ին՝  ժամկետից 19 օր շուտ։ Քաղաքապետարանը մոտ 5 մլն դրամի չափով վճարում չի կատարել, սակայն հաստատել և ստորագրել է ընկերության դուրս գրած հարկային հաշիվը։

Քաղաքապետարանը նախ ձևական վրիպակները շտկելու նպատակով օգոստոսին վերադարձրել է հանձնման և ընդունման փաստաթղթերը, մատնացույց անելով, թե որ հատվածները պետք է շտկվեն, այնուհետև մերժել շտկված փաստաթղթերը, պատճառաբանելով՝ պայմանագրի կատարման ժամկետների խախտումը։

Երևանի քաղաքապետարանը դրանից հետո միակողմանիորեն լուծել է պայմանագիրը և այդ մասին ծանուցել ընկերությանը ու կարճ ժամանակ անց կայացրել է «Իմպեքս» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին որոշում։

Ընկերության համար այդպես էլ պարզ չի դարձել, թե ինչ ժամկետներ է խախտել, երբ մի բան էլ ժամկետից շուտ է կատարել ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները: Հետևաբար այս անգամ ևս դիմել է դատարան:

Երևանի քաղաքապետարանը դատարանում դարձյալ պնդել է, որ ընկերությունը պատշաճ չի մատուցել պայմանագրով ստանձնած ծառայությունները, ինչն էլ հիմք է հանդիսացել պայմանագիրը միակողմանիորեն լուծելու համար:

Նշենք, որ տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Վազգեն Հարությունյանն է: Դեռևս 2020թ․-ին Քննչական կոմիտեն կեղծ փաստաթղթեր կազմելու և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ Երևան համայնքին պատկանող «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ից մոտ 771 մլն 463 հազ. դրամին համարժեք 1 մլն 598 հազ. 490 ԱՄՆ դոլար հափշտակելու վերաբերյալ տվյալներ է ձեռք բերել «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի բաժնետոմսերը Երևան համայնքին նվիրաբերելու գործընթացում։ Այդ ժամանակ տնօրենը եղել է Վազգեն Հարությունյանը: Վերջինս անցնում է նաև ապօրինի գույքի բռնագանձման գործով:

Քաղաքապետարանի հայտարարած մրցույթներին հավակնություններ են ունեցել Վազգեն Հարությունյանի հետ փոխկապակցված ընկերությունները, ինչն էլ հավանաբար «Իմպեքս» ՍՊԸ-ի հետ պայմանագրերն ամեն գնով լուծելու պատճառ է հանդիսացել:

Դատարանն արձանագրել է, որ Երևանի քաղաքապետարանը չի անդրադարձել այն հանգամանքին, թե երբ է ընկերությունը ներկայացրել հանձնման-ընդունման արձանագրությունը: Բացի այդ, անհասկանալի է դարձել, թե ինչու է 31․05․2023թ. ավարտման ենթակա աշխատանքների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի վերջնական եզրակացությունը կազմվել միայն 01․08․2023թ.։

Դատարանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի՝ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին ծանուցման հիմքում դրվել է պայմանագրային պարտավորությունները ժամանակին չկատարելը, մինչդեռ այդ փաստը պատշաճ չի փաստաթղթավորվել և արձանագրվել քաղաքապետարանի կողմից և չի հիմնավորվել գործի նյութերով։ Այսինքն՝ անհիմն է:

Դատարանը գտել է նաև, որ այդ ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի որոշումը, որի համաձայն՝ «Իմպեքս» ՍՊԸ-ն ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, զուրկ է փաստական հիմքերից և հիմնավորումներից, հետևաբար ոչ իրավաչափ է։

Վճռով Երևանի քաղաքապետարանից հօգուտ «ԻՄՊԵՔՍ» ՍՊԸ-ի ենթակա է բռնագանձման 90 հազ․ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter