HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Դատավորի հեռախոսազրույցների գաղտնալսումը հրապարակվեց դատարանում

Հակակոռուպցիոն դատարանում նոյեմբերի 24-ին շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործի քննությունը: Նախագահող դատավորն էր Վահե Դոլմազյանը: Այս գործով նիստերը 2 ամսից ավելի է՝ անցկացվում էին դռնփակ ռեժիմով, քանի որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արձանագրությունն էին հետազոտվում, ինչը պարունակում էր Արուսյակ Ալեքսանյանի անձնական կյանքին առնչվող դրվագներ։

Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը` փոխելով Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատելով կալանքից։ Ըստ մեղադրող կողմի` Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:

Իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Արուսյակ Ալեքսանյանն արդեն 1 տարուց ավելի է՝ կալանավորված է: Էրիկ Ալեքսանյանն ազատ է արձակվել կալանքից:

Այսօրվա դատական նիստին շարունակվեց գործում առկա գրավոր ապացույցների հետազոտումը։ Հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը ներկայացրեց օպերլիազորի միջնորդությունը դատարանին, որով վերջինս խնդրել է 2 ամիս ժամկետով երկարացնել Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամկետը։ Բացի այդ, նա ներկայացրեց նաև օպերլիազորի կազմած տեղեկանքը հետախուզական միջոցառումների արդյուքների վերաբերյալ։

Ի սկզբանե Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ հետախուզական միջոցառումներ իրականացնելու պատճառ են հանդիսացել օպերատիվ տեղեկություններն այն մասին, որ Արուսյակ Ալեքսանյանն իր վարույթում գտնվող տարբեր դատական գործերով դեռևս չպարզված անձանցից պարբերաբար պահանջել և ստացել է խոշոր չափերի՝ 2-5 մլն դրամի կաշառք՝ դրանք տված անձանց օգտին դատավարական որոշումներ կայացնելու համար։

Գրավոր ապացույցները ներկայացնելուց պարզ է դառնում, որ հետախուզական միջոցառումներն իրականացնելու արդյունքում հնարավոր չի եղել ձեռք բերել այդ տեղեկություններն ապացուցող փաստեր, սակայն այլ փաստեր են ի հայտ եկել, որոնք հիմք են հանդիսացել այս դատական գործի համար։

Մասնավորապես, ըստ օպերլիազորի արձանագրության՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում, «ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «արտաքին դիտում» հետախուզական միջոցառումների իրականացման արդյուքնում պարզվել է, որ Արուսյակ Ալեքսանյանն իր վարույթում գտնվող, ինչպես նաև այլ դատավորների մոտ գտնվող գործերով դեռևս դատալսումներից առաջ փաստաբանի հետ հանդիպել է, վարել է կասկածելի խոսակցություններ, ի օգուտ վերջինիս վստահորդների որոշումներ է կայացրել, որից հետո ստացել է շնորհակալական խոսքեր տարբեր անձանցից, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից։ 

Նկատի ունենալով այս հանգամանքը, որ Արուսյակ Ալեքսանյանը կարող է շարունակել իր հանցավոր գործունեությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կաշառք ստանալու մասին փաստեր հնարավոր չեն եղել հայտնաբերել՝ օպերլիազորը միջնորդել է դատարանին՝ երկարացնել հետախուզական միջոցառումները ևս 2 ամսով։

Արուսյակ Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ երկրորդ անգամ հեռախոսային խոսակցությունների վերահսկողությունը, ներքին և արտաքին դիտումների իրականացումը երկարացնելու պատճառներից մեկը եղել է այն, որ ինքը կապե՞ր է ունեցել ընդդիմադիր դաշտի գործիչների հետ։ «Եթե այո, ապա ու՞մ հետ, ումի՞ց եմ շնորհակալական խոսքեր ստացել, և եթե վարույթն իրականացնող մարմնի համար այդ հանգամանքը շատ կարևոր է, ապա ինչու՞ բազմակողմանի չի ներկայացվել, թե, օրինակ, Արուսյակ Ալեքսանյանը ի՞նչ շնորհակալական խոսքեր է ստացել իշխանական դաշտից։ Ուզում եմ հասկանալ՝ այդ շնորհակալական խոսքերն ի՞նչ առնչություն են ունեցել ենթադրյալ կաշառք ստանալու հետ»,- ասաց Ալեքսանյանը։ 

Հաջորդիվ հանրային մեղադրողի կողմից գրավոր ապացույցները ներկայացնելիս պարզ դարձավ, որ հուլիսի 24-ին Արուսյակ Ալեքսանյանին համացանցային հավելվածի միջոցով զանգահարել է ընդդիմադիր քաղաքական գործիչներ Միկա Բադալյանի և Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Վերջինս Արուսյակ Ալեքսանյանին է փոխանցել ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր «Արմենչիկ» մականվամբ հայտնի Արմեն Գևորգյանի շնորհակալական խոսքերն այն բանի համար, որ Արուսյակ Ալեքսանյանը, քննելով Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը մեղադրյալ Միկա Բադալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու մասին, բավարարել է, և Բադալյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Ինչպես ներկայացրեց հանրային մեղադրողը, Արմեն Գևորգյանը հավելել է՝ թե Ալեքսանյանն այդպես շարունակի, իր մեջքին կանգնած է։

Ըստ գրավոր ապացույցներում առկա նյութերի՝ հուլիսի 27-ին Արուսյակ Ալեքսանյանը բջջային հավելվածի միջոցով զրուցել է իր եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի հետ։ Զրույցի բովանդակությունից պարզ է դարձել, որ Ռուստամ Ալեքսանյանը խնդրել է քրոջը, որ վերջինս միջնորդի դատավոր Արմեն Պողոսյանին, որ «Արսեն Երևանսկի» մականվամբ հայտնի «օրենքով գող» Արսեն Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը չկիրառի։ Այս խնդրանքին Ալեքսանյանը պատասխանել է, թե ինքը անձամբ չի հետաքրքրվի դատավորից հետագա անախորժություններից խուսափելու համար, սակայն իր օգնական Թամարա Պետրոսյանին կխնդրի, որ դատավոր Արմեն Պողոսյանի օգնականից ծածուկ ճշտի, թե ինչ նախադրյալներ կան, որ նշված խափանման միջոցը կիրառվի։ 

Հաջորդ արձանագրությունն այն մասին էր, որ օգոստոսի 25-ին Արուսյակ Ալեքսանյանը բջջային հավելվածի միջոցով խոսել է անհայտ անձի հետ, և զրույցի ընթացքում բառացի հայտնել է․ «Վոփշըմ ասեցի, ասումա հլը ծանոթ չեմ, եթե հնարավորա, ամեն ինչ կանեմ: Ասել էի` գոնե գրավ էլի, ասեց՝ լավ, հլը թող նիստը լինի, ասի՝ լավ»։

Նույն օրը Արուսյակ Ալեքսանյանը համացանցային հավելվածի միջոցով զրուցել է իր մոր հետ, ով հարցրել է․ «Ի՞նչ կա իմ նիստից»։ Հարցին ի պատասխան՝ Ալեքսանյանը հայտնել է․ «Ասի՝ բա տենամ, ասի՝ հա է, հա է․․․ չէ է, չէ է։ Բա՝ չգիտեմ հլը, մի հատ նիստ անեմ․․․ Ասի՝ եղավ, ես ասել եմ, թող գնան միջնորդեն, մի հատն իմ մոտ ընկնի»։

Նույն օրը կրկին մոր հետ զրուցելիս Ալեքսանյանը հայտնել է․ «Էն էլ չարին (հավանաբար գրավի կիրառումը- ըստ օպերլիազորի արձանագրության)»: Դրան ի պատասխան՝ մայրն ասել է․ «Չտվեցին, ջհանդամը տան»։ Որից հետո Ալեքսանյանը ձեռքի շարժումով մորը հասկացրել է, որ չշարունակի։

Այս զրույցի բովանդակությունից և դատարան մուտք եղած միջնորդությունների վերլուծություններից օպերլիազորի համար պարզ է դարձել, որ խոսքը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկեր, քրեական հեղինակություն հանդիսացող «Ֆազ» մականունով հանյտնի Սերգեյ Գրիգորյանի մասին է, ում նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան։ 

Օգոստոսի 25-ին Արուսյակ Ալեքսանյանը բջջային հավելվածի միջոցով զրուցել է «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի հետ՝ հայտնելով վերջինիս հետևյալը․ «Հիմա նայի՝ ինչ եմ ասում․ էս ախպորս ընկերոջն են փակել, անասուն Շիրոյանը (դատավոր Արմեն Շիրոյանը- ըստ արձանագրության) դրեց, փակեց ախպորս ընկերոջը։ Լսի, դրան որ բան ուղարկենք, թեկուզ Ժիրոյի (Էրիկ Ալեքսանյանի փաստաբանական գրասենյակի փաստաբան, Սերգեյ Գրիգորյանի մյուս պաշտպան Ժիրայր Ղարագյոզյան- ըստ արձանագրության) անունից, էն որ գռռցնելով Արշակի վրով լիքը բերում էին, է, ուզում եմ ըտենց լիքը բերեն, գոնե մի հատը իմ մոտ լինի, ջոգի՞ր, իմ հերթապահության օրերին»։ Նշվածին ի պատասխան՝ Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ այդպես էլ կանեն։

Այնուհետև, ըստ օպերլիազորի արձանագրության, Արուսյակ Ալեքսանյանը զրուցել է իր օգնական Թամարա Պետրոսյանի հետ, որի ընթացքում հետաքրքրվել է վերջինիցս, թե ինչ տարբերակ կա, որպեսզի այլ դատավորի քննած գործը մակագրվի իրեն, քանի որ այլ դատավորի մոտ առկա մի գործ կա, որը Ալեքսանյանը ցանկանում է, որ իրեն մակագրեն։ Զրույցի ընթացքում Ալեքսանյանը հայտնել է, որ նշված գործը ներկայումս դատավոր Արմեն Շիրոյանի մոտ է, ինչին ի պատասխան՝ Թամարա Պետրոսյանը պատասխանել է, որ եթե Շիրոյանը զեկուցագիր գրի, հնարավոր է այդ գործը փոխանցվի Ալեքսանյանին։ Պետրոսյանը հայտնել է նաև, որ կփորձի լրացուցիչ ճշտումներ անել գրասենյակից և արդյունքների մասին կհայտնի Ալեքսանյանին։

Այս ամենը լսելուց հետո Արուսյակ Ալեքսանյանը դատարանի դահլիճում հայտնեց, որ իր եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի հետ զրույցից իր եղբոր խոսքը չի լսվել, քանի որ բարձրախոսով չի խոսել, և վարույթն իրականացնող մարմնի «վառ երևակայությունն է», թե Ռուստամ Ալեքսանյանը իրեն խնդրել է, որ «Արսեն Երևանցուն» դատավոր Արմեն Պողոսյանը չկալանավորի։ 

Արուսյակ Ալեքսանյանի հաջորդը պնդումն այն մասին էր, որ «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանը իր եղբոր ընկերը չէ։ «Դատական նիստերը ինչ սկսվել են, ես և պաշտպաններս միշտ խնդրում ենք, որ հանրային մեղադրողը ներկայացնի գեթ մեկ տվյալ, որ Սերգեյ Գրիգորյանը հանդիսանում է իմ եղբայր Ռուստամ Ալեքսանյանի ընկերը։ Եթե մարդիկ ընկերներ են լինում, գոնե մի հատ զանգ է լինում, հանդիպում է լինում։ Չկա նման տվյալ, չի էլ կարող լինել, որովհետև Ռուստամ Ալեքսանյանը Սերգեյ Գրիգորյանի ընկերը չէ։ Միգուցե ես ներքին դիտման արդյուքներով հիմնավորում եմ, որ ասում եմ՝ եղբորս ընկերոջը։ Ես ունեմ մեկ եղբայր, բայց ես ունեմ բազմաթիվ այլ եղբայրներ։ Ասեմ ավելին՝ ես իմ ընկերներին էլ եմ եղբայր կոչում»,- ասաց Արուսյակ Ալեքսանյանը։

Հանրային մեղադրողը ընթերցեց նաև դատարանի որոշումը՝ օպերլիազորի միջնորդության վերաբերյալ։ Ըստ այդ որոշման՝ դատարանը բավարարել է միջնորդությունը՝ երկարացնելով Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը 2 ամսով։

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այլ դատական գործով ուներ զբաղվածություն։ Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին։

Գլխավոր լուսանկարում` Արուսյակ Ալեքսանյանն ու իր պաշտպան Անդրանիկ Մանուկյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter