
Երեք մրցանակ «Հետքին»՝ «Թվապատում 2023-ին»
«Թվապատում 2023» լրագրողական մրցույթում, որի մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ նոյեմբերի 24-ին, «Հետքն» այս անգամ երեք պարգեւի արժանացավ։
«Արտակարգ գրություն» անվանակարգում հանձնաժողովը խրախուսական մրցանակ շնորհեց «Հետքի» լրագրողներ Անահիտ Սվարյանին և Հայկ Մակիյանին՝ «Բարև, ես Անահիտն եմ, փնտրում եմ եղբորս» նյութի համար:
Իսկ «Լուսաբանելով գիտությունը» անվանակարգում հանձնաժողովը ընտրեց երկու հաղթող, որոնցից մեկը «Հետքի» լրագրող Մարինե Մարտիրոսյանն է՝ «Ուսումնասիրվել է Հայաստանի խաղողի սորտերի գենոմը. գիտական արդյունքները կարող են նաև տնտեսական օգուտ բերել» նյութի համար։
«Դիտակ» հետաքննական լրագրության անվանակարգում էլ մրցանակը շնորհվեց «Հետք մեդիա գործարանի» շրջանավարտներին (Արփի-Ստեֆանի Դեմուրչյան, Զարուհի Տոնիկյան, Անգին Ծատուրյան, Աստղիկ Ներսիսյան, Գոհար Արզումանյան)՝ «Հուղարկավորության գինը. 15 տարում Երևանի գերեզմանատների մակերեսն ավելացել է 91 հեկտարով» հրապարակման համար, որը նրանք պատրաստել են ուսումնառության ընթացքում։
«Թվապատում»-ն անցկացվում է արդեն իններորդ տարին անընդմեջ՝ խրախուսելու որակյալ ու պատասխանատու լրագրությունը եւ նպաստելով հասարակության բազմակողմանի տեղեկացվածությանը։
Լուսանկարները՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ՖԲ էջից
Մեկնաբանել