«Գիտուժը» մեկ հարկի տակ էր հավաքել գիտական համայնքի եւ իշխանության ներկայացուցիչներին. օրակարգում Հայաստանի գիտության ապագան էր
Հայաստանի ամերիկյան համալսարանում երեկ մարդաշատ էր: Հրավիրված բանախոսներն առավոտից մինչեւ երեկո խոսում էին Հայաստանի գիտության զարգացման մասին: Առիթը «Գիտուժ» նախաձեռնության կողմից կազմակերպված առաջին համաժողովն էր, որը կոչվում էր «Հայաստանի գիտատեխնոլոգիական եւ նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ»:
Տեղի ունեցավ 8 պանելային քննարկում, որոնց մասնակցում էին պետական համակարգի, գիտական, կրթական եւ տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ:
Առաջին քննարկմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Իսկ գիտական, կրթական համայնքից քննարկմանը մասնակցում էր «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Փախչանյանը:
Կախարդական փայտիկ չկա
Իշխանության ներկայացուցիչները կարեւորեցին գիտության դերը Հայաստանում, ինչպես նաեւ նման համաժողովների անցկացումը: Նախարար Անդրեասյանն անդրադարձավ գիտության ոլորտի առաջնահերթություններին: Նրա խոսքով՝ վերջին 3 տարիներին Կառավարությունը գիտության ոլորտում կատարել է էական ներդրումներ, եւ կարիք կա հասկանալու այդ ներդրումների արդյունավետության, միջանկյալ արդյունքների եւ դրանց չափելիության ցուցանիշները, որպեսզի հաջորդ քայլերը լինեն առավել մտածված եւ արդյունքների տեսանկյունից ավելի հաշվետվողական: Անդրեասյանի ասելով՝ երբ ցանկացած ոլորտի խնդիրներից խոսք է բացվում, սովորաբար առաջին հարցը փողն է: «Եվ շատ հաճախ պատկերացնում ենք, որ եթե գումարները լինեն, մեր բոլոր խնդիրները մի կախարդական փայտիկի օգնությամբ կլուծվեն: Էդպես չէ»,- նկատում է գործադիր իշխանության ներկայացուցիչը:
Նախարարի փոխանցմամբ՝ 2018 թ. համեմատ գիտության ֆինանսավորումն ավելացել է ավելի քան 2,5 անգամ, այսինքն՝ ավելի քան 150 տոկոսով՝ հասնելով ավելի քան 30 մլրդ դրամի: Սա, ըստ նրա, բերել է տեսանելի փոփոխությունների: Օրինակ՝ 2022-ին առաջին անգամ գրանցվել է գիտնականների թվի աճ:
«Անցյալ տարիկ բեկումնային էր, որովհետեւ առաջին անգամ խոսում ենք ոչ թե նվազման, այլ աճի մաիսն: Անցյալ տարվա արդյունքներով ունենք մի իրավիճակ, երբ մեր դրամաշնորհային ծրագրերի մեծ մասը՝ ավելի քան 70 %-ը, բաժին է հասել մինչեւ 35 տարեկան երիտասարդ գիտնականներին: Եվ այդ իմաստով, երբ խոսում ենք սերնդափոխության, երիտասարդության մասին, վիճակագրությունը հուշում է, որ արդեն իսկ որոշակի արդյունքներ կան»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:
Միայն նախորդ տարի, ըստ Անդրեասյանի, 28 գիտական սարքավորումներ են գնվել շուրջ 2,9 մլրդ դրամ արժողությամբ: Կան նաեւ 1 մլն դոլար արժողությամբ սարքեր, որոնք թույլ են տալիս լուրջ եւ արդիական հետազոտություններ իրականացնել: Իսկ այս տարի արդեն հայտեր են հավաքագրվել 4,2 մլրդ դրամի շրջանակում սարքավորումների գնելու համար, եւ կազմակերպվում են գնման գործընթացները:
«Ամենակարեւոր հարցը, որին պետք է պատասխանել, մեր ակնկալիքն է գիտությունից: Իրականում ի՞նչ ենք մենք հասկանալու՝ ասելով, որ այդ ներդրումն արդյունավետ է, ինչպե՞ս ենք չափելու գիտության արդյունքը, ո՞րն է հասարակության, տնտեսության ակնկալիքը, եւ ո՞րն է գիտական համայնքի ակնկալիքը: Երեքն էլ տարբեր են: Եվ հաճախ դժվար է դրանք կոմունիկացնել»,- ասաց նախարարը:
Գիտնականներն ու քաղաքական որոշում կայացնողները նոր մարմին կստեղծեն
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշեց, որ իրենց առաջարկը 2024 թ. բյուջեի վերաբերյալ հավանության է արժանացել, այն է՝ Հայաստանում ստեղծել Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն: Այսօր Արշակյանն արդեն հայտնել է, որ Կառավարությունը հավանություն է տվել 8,5 մլն դոլար արժեքով կենտրոնի ստեղծմանը, հարցը կքննարկվի ԱԺ-ում բյուջեն ընդունելիս:
Արշակյանը համաժողովի ժամանակ նաեւ հայտարարեց, որ գիտնականների եւ իշխանության ներկայացուցիչների ներգրավմամբ խորհրդակցական մարմնի ստեղծումն օրերի հարց է: Այն բաղկացած է լինելու 28 հոգուց: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ դա լինելու է երկխոսության յուրահատուկ հարթակ, որը ղեկավարելու է ՀՀ վարչապետը:
Իսկ ի՞նչ է ուզում «Գիտուժը»
Պանելային քննարկմանը «Գիտուժի» անդամ Արամ Փախչանյանն անդրադարձավ հարցին, թե ինչ է ուզում «Գիտուժը» եւ համակարգային ինչ խնդիրներ է տեսնում պետության՝ գիտության զարգացման քաղաքականության մեջ:
Նախ նշեց, որ «Գիտուժը» հանդես չի գալիս միայն քննադատողի դերում, ըստ Փախչանյանի՝ իրենք քննադատող-աջակցող-համակարգողի դերում են: Իսկ համաժողովը համարեց դրա վառ օրինակն ու ապացույցը: «Գիտուժը», բանախոսի փոխանցմամբ, բաց եւ անկաշկանդ քննարկում է, ներկայացնում կարծիքների ամբողջությունը, իսկ այսօր «Գիտուժի» բարձրաձայնած հիմնական հարցը համակարգված մոտեցումների բացակայությունն է:
Արամ Փախչանյանը համամիտ է Ժաննա Անդրեասյանի այն դիտարկմանը, որ գիտնականներն ազատություն են պահանջում, եւ առանց դրա հնարավոր չէ գործել գիտության մեջ:
«Գիտնականին չի կարելի թելադրել, թե ինչով պիտի զբաղվի, ինչպես նկարչին կամ արվեստի այլ ներկայացուցչի,- ասում է «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը,- սակայն գիտենք, որ արվեստն էլ անցել է ինչ-որ ընթացքներով, միտումներով: Մարդկանց հետաքրքրությունները պայմանավորված են միջավայրի առաջնահերթություններով: Իմ կարծիքով՝ դրանք են, որ պիտի ձեւավորի պետությունը: Պետությունն է, որ պիտի ձեւավորի պատվերը, չեմ ասում՝ կոնկրետ հրահանգներ գիտնականներին, դա չի աշխատում, այլ լայն իմաստով պատվեր, թե ինչ է պետությունն ակնկալում գիտությունից: Պետությունը՝ որպես հասարակության ներկայացուցիչ, որպես գիտության համապատասխանատու եւ որպես բիզնեսի եւ տնտեսության զարգացումը, առաջխաղացումն ապահովող մարմին, որը խաղի պայմաններն է սահմանում եւ հետեւում է, որ դրանք պաշտպանվեն»:
Փախչանյանի խոսքով՝ մինչ օրս պետության կողմից չկա այն մարմինը, մարմինների համախումբը կամ ներկայացուցչական դեմքը, որ կարող է խոսել գիտական համայնքի հետ գիտությանը հասկանալի լեզվով եւ գործիքներով:
Բանախոսը նկատում է, որ գիտությունն այլեւս անհատների գործ չէ, այն համակարգված եւ կազմակերպված ընթացք է: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում փոփոխություններ են կատարվում, որոնք հասարակական եւ տեխնոլոգիական բնույթի են:
Նրա խոսքով՝ առանց անվտանգային խնդիրների լուծման՝ զարգացում չկա, իսկ Հայաստանի համար զարգացումն անվտանգության գլխավոր երաշխիքն է: Ա. Փախչանյանն ասում է, որ առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համակարգային լուծում, բայց լուծումը պետք է կառուցել եղածի վրա՝ լավագույն փորձը բերելով, այլ ոչ թե, օրինակ, մեկ այլ երկրի համակարգը կրկնօրինակելով եւ մեր կյանքի մեջ ներդնելով: Ըստ «Գիտուժի» անդամի՝ հայկական, հայաստանյան եզակի համակարգ ստեղծելն առաջնահերթություն է:
ՀԳ. Հաջորդ հոդվածում կներկայացնենք մեր զրույցը ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանի հետ, որը եւս մասնակցում էր համաժողովի պանելային քննարկումներից մեկին:
Լուսանկարները՝ ԲՏԱՆ-ի
Մեկնաբանել