HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտնական. «Այսօրվա մեր կրթական համակարգը մեր գիտությանը չի կարող մարսել»

«Գիտուժ» նախաձեռնության կողմից նոյեմբերի 29-ին կազմակերպված առաջին համաժողովում քննարկվող թեմաներից մեկը հետեւյալն էր՝ գիտությունը համալսարաններում եւ ինստիտուտներում. առկա ներուժ եւ ապագայի պահանջները: Պանելային քննարկման բանախոսներից էր ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) տնօրեն, աշխարհագրական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը:

«Հետքի» հետ զրույցում գիտական կենտրոնի ղեկավարը նշում է, որ այսօր, կարծես, շատ նորաձեւ բառ է դարձել «էկոհամակարգը», որը եկել է կենսաբանությունից եւ, պարզ ասած, դա մարդն է իր ապրելու վայրով, շրջակա միջավայրով, որի մեջ մտնում է ամեն ինչ: Այսինքն՝ «էկոհամակարգը» ենթադրում է մարդկային ռեսուրսներից մինչեւ ենթակառուցվածքներ:

Այս առումով Լ. Սահակյանը նկատում է, որ երբ խոսում ենք գիտության էկոհամակարգի մասին, դա միայն «բարձր ծառերը» չեն, կան «ցածր բույսեր», «հող՝ իր միկրոօրգանիզմներով», որոնք սնում են էկոհամակարգը: «Բայց մենք բռնում ենք այդ «ծառերին» եւ ասում՝ ապրես, «ծառ», դե արի քեզ զարգացնենք: Մինչդեռ այդ «ծառերը» չեն ուզում արեւ բացել մնացած «բույսերի» համար, որ աճեն: Տարիներ շարունակ հաճախ բացասական սելեկցիայով եկել, հասել ենք նրան, որ չունենք գիտական դպրոցներ: Այն եզակի դպրոցները, որոնք պահպանել են իրենց արժեքները, փորձում են գոյատեւել այսօրվա գիտաչափության պահանջների պայմաններում»,- ասում է Էկոկենտրոնի տնօրենը:

Մեր զրուցակիցը շեշտում է, որ գիտական էկոհամակարգն առաջին հերթին պիտի ծառայի ազգային շահերը սպասարկելուն, ազգային անվտանգությանը: Ազգային անվտանգության տեսանկյունից նա առանձնացնում է ոչ միայն քաղաքական, ռազմական մարտահրավերները, այլեւ, օրինակ, սննդի, շրջակա միջավայրի անվտանգային լուրջ հարցերը, որոնցով զբաղվում է Էկոկենտրոնը:

«Ամեն մեկն իր գործը լավ պիտի անի իր տեղում, գոնե ինքնաքննադատաբար մոտենա ինքն իրեն՝ հավաքարարից մինչեւ տնօրեն: Հասկանանք, որ ինչքան պաշտոնդ բարձրանում է, այնքան դու դառնում ես ծառայող, այլ ոչ հակառակը՝ ինչքան պաշտոնդ բարձրանում է, այնքան շատ ծառայողներ ես ունենում,- ասում է Լիլիթ Սահակյանը,- քանի որ այս առիթը ստեղծվել էր, կարծում էի՝ պետք է երկխոսություն լիներ, հասկանալու համար, թե այդ էկոհամակարգի բաղադրիչներն ինչ հարցեր ունեն քննարկելու իրար հետ: Բայց մենք մերն ենք ասում, իրենք՝ իրենց տեսլականը»:

Գիտնականի խոսքով՝ այսօր երիտասարդներին ավելի դժվար է արագ առաջադիմել՝ լինելով գիտության մեջ, քանի որ սա ոլորտ է համբերատարների համար, «սիրուն ծառերի» համար չէ: Ըստ Սահակյանի՝ այսօր աշխարհի տեմպից ավելի դանդաղ ենք առաջ շարժվում, քանի որ որոշում կայացնողները հիմնականում չունեն այն կրթությունը, որպեսզի իմանան ճիշտ քայլերը: Այս առումով «Հետքի» զրուցակիցն առանձնացնում է լավ վարչարար լինելու որակների պակասը:

Անդրադառնալով գիտական ինստիտուտների միավորման հարցին (նախատեսվում է ԳԱԱ համակարգի որոշ ինստիտուտների խոշորացում միավորման եղանակով)՝ Էկոկենտրոնի ղեկավարն ասում է. «Ըստ ռազմավարության՝ բոլոր ինստիտուտներին է սպառնում դա: Այն ինստիտուտները, որոնք չեն խոշորացվել, եթե չեմ սխալվում, 2027-ից զրկվելու են պետական ֆինանսավորումից»: Սահակյանը դեմ չէ միավորման գաղափարին, բայց դեմ է Կառավարության դրսեւորած հապշտապությանը, քանի որ գործադիրի ներկայացուցիչներն իրենց քայլերի հստակ փաստարկներ չեն բերում: Այնինչ գոնե գիտնականների հետ, ըստ Լիլիթ Սահակյանի, պետք է խոսել փաստարկներով, այլ ոչ թե մի կողմը հայտարարի իր նախագիծը, մյուս կողմն էլ լինի արձագանքող: «Հետքի» զրուցակիցն ասում է, որ առաջարկվող նախագծով (գիտական ինստիտուտները հետագայում միանալու են բուհերին) գիտությունը դառնալու է բացառապես կրթությանը ծառայող:

«Ուրիշ բան, որ ստիպենք գիտությանը լավ կրթական համակարգի մեջ մտնել, բայց այսօրվա մեր կրթական համակարգը մեր գիտությանը չի կարող մարսել: Այն նույնիսկ իր ներսի գիտական կազմակերպություններին է դժվար մարսում, ո՞նց է եւս մի 40 ինստիտուտ մարսելու: Չեմ հասկանում»,- նշում է Էկոկենտրոնի ղեկավարը:

Այդ իմաստով, ըստ Լ. Սահակյանի, այժմ Հայաստանի գիտության ոլորտում անորոշություն կա, իսկ նման պայմաններում առավել դժվար է ինչ-որ բան պլանավորելը: Գիտնականի տեղեկացմամբ՝ մինչեւ 2024 թ. փետրվարի կեսը ինստիտուտները պետք է ունենան միավորման իրենց առաջարկը, այսինքն՝ ով ում հետ է պատրաստ «ընկերանալ»:

Տես նաեւ՝

Լուսանկարը՝ «Գիտուժ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter