HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գիտուժի» անդամ. «2020 թ. պարտությունից հետո գիտության զարգացման հարցն ավելի սուր գիտակցվեց»

Վերջին 10-15 տարիներին Հայաստանում գիտության զարգացման անհրաժեշտության մասին պարբերաբար բարձրաձայնվում էր, բայց հարցն ավելի հստակ եւ սուր գիտակցվեց 2020 թ. 44-օրյա պատերազմում մեր երկրի կրած պարտությունից հետո:

«Firo» եւ «Skycryptor» ընկերությունների համահիմնադիր, տեխնիկական գիտությունների թեկնածու Արամ Ջիվանյանն ասում է, որ պարտությունը ցույց տվեց, որ Հայաստանի անվտանգային խնդիրների լուծման ամենակարեւոր, հիմնարար ու բացակայող գործիքը գիտության զարգացումն է: Սա էլ պատճառ է դարձել, որ նա միանա «Գիտուժ» նախաձեռնությանը: Այս մասին Ջիվանյանը խոսեց «Գիտուժի» առաջին համաժողովի ընթացքում:

«ԱՅԲ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն էլ նշեց «Գիտուժ» նախաձեռնությանը միանալու իր շարժառիթի մասին: Նրա խոսքով՝ երբ ընկերներով հիմնում էին «ԱՅԲ»-ը, հիմնական գաղափարն այն էր, որ Հայաստանն առանց կրթության ապագա չունի: Մյուս կողմից՝ իրենց տրամաբանությունն այն էր, որ դպրոցն ավարտելով՝ մարդիկ կյանք կմտնեն ու կգտնեն իրենց տեղը Հայաստանում, իսկ կրթական ցանկացած կառույցի վերջին բարձրագույն չափանիշը, ըստ Փախչանյանի, գիտությունն է: Առանց գիտության՝ չի լինի ո՛չ լավ կրթություն, ո՛չ կարգին համալսարաններ, իսկ հասարակությունը կլինի անառողջ, սպառող եւ դատարկ: Այդկերպ հասարակությունը կիմաստազրկի ոչ միայն իր սեփական, այլեւ պետության գոյությունը:

«Robomart» ընկերության համահիմնադիր, գլխավոր տեխնոլոգիական տնօրեն, «Գիտուժի» անդամ Տիգրան Շահվերդյանն էլ անդրադարձավ հարցին, թե որն էր «Գիտուժի» ստեղծման պատճառը:

Նրա դիտարկմամբ՝ տեսել են, որ չկա այն գիտակցումն առ այն, որ գիտությունն ու տեխնոլոգիաները կենսական նշանակություն ունեն պետության կառուցման, անվտանգության եւ զարգացման գործում: Մի շարք փակ հանդիպումներից եւ քննարկումներից հետո էլ հասկացել էին, որ պակասում է հանրային բաղադրիչը: Այդ նպատակով երկու հիմնական ուղղություն են առաջ քաշել:

Առաջինը գիտության հանրահռչակման գործընթացն է, որի շրջանակներում «Գիտուժը» փորձում է ամբողջ հասարակությանը ցույց տալ, թե ինչու են կարեւոր գիտությունն ու տեխնոլոգիաները, ինչու են կարեւոր պետական ներդրումները, որոնք կատարվում են Հայաստանի քաղաքացիների եւ ընկերությունների հարկերով: Երկրորդ ուղղությունը աշխատանքն է Կառավարության, պետական մարմինների հետ, ինչը պետք է բերի գիտության եւ տեխնոլոգիաների միջոցով երկրի զարգացմանն ու անվտանգության ապահովմանը:

Շահվերդյանը նաեւ նկատեց, որ «Գիտուժ» նախաձեռնությունը հավերժ լինելու նպատակ չունի, հակառակը՝ դա կնշանակի, որ իրենք լավ չեն աշխատում:

«Earlyօne» ընկերության հիմնադիր, գործարար, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Գեւորգ Սաֆարյանն էլ ասում է, որ եթե ուզում ենք հզոր Հայաստան տեսնել, այն պետք է հիմնված լինի գիտության եւ գիտելիքի վրա: Գիտությունը պետք է սնուցի բոլոր այն ոլորտները, որոնք ապահովում են երկրի զարգացումն ու անվտանգությունը:

«Krisp» եւ «10Web» ստարտափների համահիմնադիր, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արտավազդ Մինասյանն անդրադարձավ հարցին, թե արդյոք Հայաստանի գիտական էկոհամակարգը մրցունակ դառնալու պոտենցիալ ունի:

Մինասյանը նախ կարճ անդրադարձավ համաժողովում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում ստեղծվելու է Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն: Նա նշեց, որ դա, բնակաբար, լավ է, սակայն եթե համեմատենք, օրինակ արհեստական բանականության GPT-4 մոդելի հետ, ապա մեզանում դեռ երեխայի քայլեր են արվում:

«Եթե ուզում ենք իրականում մրցունակ լինել գիտության ոլորտում, առաջինը՝ պետք է գիտակցենք, որ գիտությունը կարեւոր է Հայաստանի համար, ինչը, ցավոք, դեռ չեն տեսնում ո՛չ իշխանության անդամները, ո՛չ հասարակության, ո՛չ էլ բիզնեսի: Պրակտիկ քայլերը քիչ են: Գիտակցումն առաջին քայլն է»,- ասում է Արտավազդ Մինասյանը: Սրան պետք է հաջորդեն գիտական էկոհամակարգի ձեւավորումը, որին պիտի ներգրավվեն գիտնականները, մասնավոր եւ պետական սեկտորի ներկայացուիցչները: Այս էկոհամակարգը ձեւավորելուց հետո էլ պետք է մշակվի ռազմավարությունը, թե Հայաստանն ինչ ոլորտների վրա է շեշտը դնելու: Երրորդ քայլն էլ ռեսուրսների բաշխումն է: Ըստ Մինասյանի՝ գիտահետազոտական ոլորտին պետք է տրամադրել ՀՆԱ-ի առնվազն 5 տոկոսը, որպեսզի ստանանք մեր երկրին առնչվող գոյաբանական բոլոր հարցերի պատասխանները:

Լուսանկարը՝ «Գիտուժի» ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter