
Ռուսաստանը դեմ չէ արևմտյան երկրներից մեկում բանակցություններ վարել Ուկրաինայի հետ
Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ, այդ թվում՝ արևմտյան երկրներից մեկի տարածքում։ Այդ մասին փոխանցում է Известия-ն՝ հղում անելով իր բարձրաստիճան աղբյուրներից մեկին։ Վերջինիս խոսքով՝ բանակցությունների հարթակ կարող է դառնալ նաև Հունգարիան, որի իշխանություններն ավելի վաղ առաջարկել էին միջնորդ դառնալ երկու երկրների հակամարտության դադարեցման հարցում։
Դեկտեմբերի 1-ին ռուսական պարբերականին տված հարցազրույցում Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ Բուդապեշտը դեռ կարող է հանդես գալ որպես միջնորդ Մոսկվայի և Կիևի բանակցությունների հարցում:
«Известия»-ի աղբյուրը նշել է, որ Ռուսաստանում չեն մերժում նման առաջարկները: Սակայն գլխավորը, աղբյուրի խոսքով, այն է, որ արևմտյան երկրներն ու Ուկրաինան պատրաստ լինեն կառուցողական զրույցի։ «Մենք չենք պատրաստվում որևէ մեկի հետևից վազել», - հավելել է պարբերականի զրուցակիցը:
Ռուս-ուկրաինական բանակցությունները դադարեցվել էին 2022 թվականի մայիսին։ Նույն թվականի սեպտեմբերին Ռուսաստանը բռնակցեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի գրավված տարածքները։
Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր էր ստորագրել, որը բացառում է Ռուսաստանի նախագահի հետ հետագա բանակցությունների հնարավորությունը, քանի դեռ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Վլադիմիր Պուտինը։ Հոկտեմբերի 18-ին Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ բանակցությունները կարող են սկսվել, եթե Ուկրաինան չեղարկի դրանց արգելման մասին հրամանագիրը։
Լուսանկարը՝ Maxim Guchek/Reuters
Մեկնաբանել