
Թրամփի հաղթանակը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի հեռանալուն. NYT
2024 թվականի նախագահական ընտրությունների արդյունքում Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն: Նման հրապարակում է արել The New York Times-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ դիվանագետների շրջանում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների կառավարություններում, «աճում է անհանգստությունը, որ Թրամփի վերադարձը կարող է նշանակել ոչ միայն Ուկրաինայից հրաժարում, այլև (եվրոպական աշխարհամասից-խմբ.) ԱՄՆ-ի հեռացում ու Հյուսիսատլանտյան դաշինքի ամայացում»:
«Եվրոպայում վախենում են, որ Թրամփի երկրորդ նախագահությունը կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ն դուրս կգա ՆԱՏՕ-ից։ Սա լինելու է մեր երկրի ռազմավարական և պատմական հսկայական ձախողումը»,- պարբերականը մեջբերում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զորքերի նախկին գերագույն հրամանատար, ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալ Ջեյմս Սթավրիդիսի խոսքերը։
Նշվում է, որ եվրոպական երկրների ներկայացուցիչների մեծ մասը չգիտի, թե ինչ մոտեցում պետք է որդեգրի նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի դեպքում: Պարբերականի կարծիքով՝ փոքր պետությունները կարող են փորձել Թրամփի հետ հարաբերությունները կարգավորել ամերիկյան զենքի գնումների կամ հաճոյախոսական ժեստերի միջոցով։
ԱՄՆ-ում նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Ապրիլի 25-ին գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ձգտելու է վերընտրվել նախագահի պաշտոնում։ Թրամփը դեռ 2022 թվականի նոյեմբերին էր հայտարարել նախընտրական մրցավազքի մեջ մտնելու մասին։
Լուսանկարը՝ atlanticcouncil.org-ից
Մեկնաբանել