HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը մերժեց դատարանը: Որոշումը քիչ առաջ հրապարակեց դատավոր Արթուր Մկրտչյանը դատական նիստի ընթացքում:

Ըստ դատարանի` Գագիկ Խաչատրյանի մոտ առկա են մի շարք հիվանդություններ, որոնք հաստատվել են համապատասխան բժշկական փաստաթղթերով, դատաբժշկական փորձաքննության եզրակացություններով և այլ փաստական տվյալներով:

Դատարանը նիստերին Խաչատրյանի բացակայությունը անհարգելի չի համարել: «Քանի որ ցանկացած նիստից առաջ բացակայության պատճառների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան փաստաթղթեր, և դատարանը գտել է, որ խափանման միջոցի պայմանների խախտում չի արձանագրվել»,- ասաց դատավոր Արթուր Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ դատախազ Գևորգ Սարգսյանը կալանավորելու միջնորդությունը ներկայացրել էր, քանի որ ըստ նրա` դատական նիստերի պարբերաբար հետաձգումները պաշտպանության իրավունքի չարաշահում են: Նա հայտնել էր, որ 2023 թվականի ընթացքում 13 կամ 14 դատական նիստ հետաձգվել է Գագիկ Խաչատրյանի վատառողջ լինելու պատճառաբանությամբ:

Սակայն Խաչատրյանի պաշտան Երեմ Սարգսյանի կարծիքով` Դատախազությունը ակնհայտ ապօրինի է վերաբերվում մարդու իրավունքների հետ կապված հարցերին։ Դատական նիստերի ձգձգումները, ըստ պաշտպանի, Դատախազության մեղքով են։

Նրա համոզմամբ՝ այս իրավիճակի լուծման միակ ճանապարհը այն է, որ թույլ տան Խաչատրյանը մեկնի վիրահատվի և հետ գա։

Գագիկ Խաչատրյանն, ըստ մեղադրանքի, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ապահովել է Հայաստանի  պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ 373 մլն դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34 մլն դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը։

Իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5 մլն եվրոյին համարժեք 2 մլրդ 624 մլն դրամ ներդրում կատարելու պարտավորությունից:

Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն` Կարեն Խաչատրյանին, նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և լինելով պաշտոնատար անձ, անձնական և խմբային շահերից ելնելով և նախնական համաձայնության գալով իր ազգական Գագիկ Խաչատրյանի հետ, հաստատապես տեղեկացված լինելով իր ղեկավարած ստորաբաժանման օպերատիվ աշխատակիցների՝ մաքսային տեսուչներ Տիգրան Գնունու Մամիկոնյանի, Կարեն Ռաֆայելի Հակոբյանի, Արմեն Աշխարհաբեկի Մկրտչյանի, Վարդան Լորիկի Արշակյանի, Կարեն Վաչիկի Խաչատրյանի և Մկրտիչ Ռոբերտի Վարդանյանի աշխատանքի չհաճախելու, օրենսդրությամբ իրենց վերապահված պարտականությունները չկատարելու և փոխարենը ՀՀ քաղաքացի Արմեն Ավետիսյանի անվտանգության ապահովմամբ, զբաղվելու վերաբերյալ, 2008- 2016թթ. ծառայության շահերին հակառակ պաշտոնեական պարտականությունները դիտավորությամբ չկատարելով, չի ապահովել կարգապահական խախտումների արձանագրումը և համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառումը։

Ավելին, նույն ժամանակահատվածում մաքսային տեսուչներ Տիգրան Գնունու Մամիկոնյանի, Կարեն Ռաֆայելի Հակոբյանի, Արմեն Աշխարհաբեկի Մկրտչյանի, Վարդան Լորիկի Արշակյանի, Կարեն Վաչիկի Խաչատրյանի և Մկրտիչ Ռոբերտի Վարդանյանի աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքը թաքցնելու անձնական և խմբային շահերից ելնելով, ինչպես նաև չաշխատած օրերի դիմաց աշխատավարձի գումարների դուրսգրման կեղծ հիմքեր ստեղծելու շահադիտական դրդումներից ելնելով, մեկ միասնական դիտավորությամբ, անձամբ ստորագրել է ՀՀ ՊԵԿ իրականացված կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված նշված անձանց պաշտոնի նշանակելու, արձակուրդ տրամադրելու և հատուկ կոչումներ շնորհելու վերաբերյալ առաջարկներ և դիմումներ, հաստատել և վճարման է ներկայացրել ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի N 1471-Ն որոշմամբ սահմանված իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավահարաբերությունների վրա ազդող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բովանդակությամբ կեղծ՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում նրանց հաճախումների վերաբերյալ տեղեկագրեր, որի արդյունքում իր ղեկավարած ստորաբաժնում հրամանագրված հիշյալ անձանց համար հաշվարկվել, պետական բյուջեից դուրս գրվել և պետական միջոցների հաշվին անհիմն վճարվել է աշխատավարձի գումարներ:

Խաչատրյաններն իրեն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

 Գագիկ Խաչատրյանը մեկ տարուց ավելի գտնվել է կալանքի տակ, 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ազատ է արձակվել 120 մլն դրամ գրավի դիմաց:

Կարդացե´ք նաև`

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter