Ատոմակայանի կյանքը երկարացնելու համար Հայաստանը նախատեսում է 65 մլն դոլար վճարել «Ռուսատոմ Սերվիս»-ին
Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու համար Հայաստանը պատրաստվում է ռուսական «Ռուսատոմ Սերվիս» ընկերության հետ կնքել մոտ 65 մլն ԱՄՆ դոլարի չափով պայմանագիր։
Այդ գումարի դիմաց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ենթակայության տակ գտնվող ընկերությունները պետք է ապահովեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի «կյանքը» երկարացնելուն ուղղված բոլոր աշխատանքները, ռեակտորային տեղակայանքի համակարգերի և սարքավորումների հետ կապված աշխատանքները։
«ՀԱԷԿ» ՓԲԸ-ն, որն ամբողջությամբ պետական մասնակցությամբ ընկերություն է, «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի հետ մեկ անձից գնման ձևով պայմանագիր է կնքելու։ Այս հարցը ներառված է կառավարության վաղվա՝ դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում։ Նախագծի հեղինակը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է (ՏԿԵՆ)։
Յուրաքանչյուր նախատեսվող միջոցառման իրականացման համար պահանջվում է ներգրավել «Ռոսատոմ»-ի ենթակայությամբ գործող կազմակերպություններից մի քանիսին և կնքել համապատասխան պայմանագրեր։ Նրանց շարքում են Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր նախագծողը (АО «АЭП»), ռեակտորային տեղակայանքի գլխավոր կոնստրուկտորը (АО ОКБ «ГИДРОПРЕСС»), շահագործման գիտական ղեկավարը (НИЦ «Курчатовский институт»)։
«Այս խնդրի լուծումը հնարավոր է միայն «Ռոսատոմ» ՊԿ-ի միջնորդությամբ, որը հնարավորություն ունի ճիշտ պահին ներգրավվելու յուրաքանչյուր համապատասխան կազմակերպությանը՝ տվյալ նեղ մասնագիտացված աշխատանքի կատարման համար»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրամադրվելիք բյուջետային վարկի միջոցներով։ ՏԿԵՆ-ից «Հետք»-ի հետ զրույցում պարզաբանեցին, որ նշված 65 մլն դոլարը ՀԱԷԿ-ը ՀՀ պետական բյուջեից ստանում է որպես վարկ և փոխանցում «Ռուսատոմ Սերվիս»-ին։ Ատոմակայանը պարտավորվում է հետագայում այդ գումարը վերադարձնել պետական բյուջե։ Վարկի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։
Հայաստանի ատոմակայանը (ՀԱԷԿ), որը գտնվում է Մեծամոր քաղաքում, խորհրդային ժամանակներից մնացած ժառանգություն է։
Ատոմակայանի առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976-ին, երկրորդը՝ 1980-ին։ Այժմ գործում է միայն մեկ էներգաբլոկ, որի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։ Սակայն տեխնիկական վերազինումից հետո ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվեց տասը տարով։ Այժմ գումարվում է ևս 10 տարի, և այն շահագործելու ժամկետը հասնում է մինչև 2036 թվական։
Իշխանությունները մտադիր են դրանից հետո նոր ատոմակայան կամ եղած ատոմակայանի տեղում նոր բլոկ կառուցել։
Ատոմակայանը այժմ ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 30-35%-ը։ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ 2023 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է մոտ 7.3 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, որ 29%-ը ապահովել է ատոմակայանը։
Տես նաև՝
Մեկնաբանել