HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Չինարի գյուղի մոտակայքում սպանված հայ զինծառայողների գործով ՄԻԵԴ-ն Ադրբեջանի դեմ վճիռ է կայացրել

2016թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերից մեկի ուղղությամբ իրականացված դիվերսիոն հետախուզական ներթափանցման գործողությունների ընթացքում սպանված երեք հայ զինծառայողների գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր Ադրբեջանի դեմ վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով վճարել 37 հազ 560 եվրո փոխհատուցում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին ՄԻԵԴ-ը հրապարակել էր մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ Հայաստանի Հանրապետության: Դիմումատուները եղել էին Ադրբեջանի քաղաքացիները, որոնցից մեկը վերաբերել է Չինգիզ Գուրբանովին: Հենց վերջինս է սպանել երեք հայ զինծառայողներին և սպանվել հայկական տարածքում:

2016թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հետախուզական ներթափանցման գործողությունների ընթացքում երեք հայ և մեկ ադրբեջանցի զինծառայող է զոհվել։ Նրանց դիերը հայտնաբերվել են Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում։

Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ, քննիչը նույն օրը զննել է դեպքի վայրը և կազմել արձանագրություն։ Հետաքննության ընթացքում բերվել են լրացուցիչ ապացույցներ, մասնավորապես՝ վկաների ցուցմունքներ և դատաբժշկական եզրակացություններ:

Այդ ապացույցների հիման վրա Հայաստանի քննչական մարմինները պարզել են, որ 2016 թվականի դեկտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Չինգիզ Գուրբանովը հատել է Հայաստանի սահմանը և առաջ շարժվել դեպի Չինարի գյուղի մոտակայքում գտնվող մարտական դիրքերից մեկը:

Համապատասխան իրադարձությունների ժամանակ դիրքում են գտնվել 9 հայ զինվորներ: Նրանցից երեքը՝ Էդգար Նարայանը, Էրիկ Աբովյանը և Շավարշ Մելիքյանը զոհվել են:

Երեք հայ զինվորների դիերը հայտնաբերվել են գետնին, ինչպես նաև դիվերսանտ Չինգիզ Գուրբանովի դիակը, որը կրում էր ադրբեջանական զինվորական համազգեստ: Գուրբանովի դիակի կողքին, որը հայտնաբերվել է մարտական դիրքից մոտ 70 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է ինքնաձիգ, զինամթերքի պահեստամասեր և օգտագործված պարկուճներ։

Դատաբժշկական եզրակացություններում նշված է, որ երեք զինծառայողները մահացել են կրծքավանդակի հրազենային վնասվածքներից: Գուրբանովի ինքնաձիգի դատաբժշկական փորձաքննության տվյալները ցույց են տվել, որ հայ զինծառայողների ուղղությամբ արձակված մահացու կրակոցներն արձակվել են հենց այդ ինքնաձիգից։

Ադրբեջանն ընդունել է, որ իր զինծառայող Գուրբանովը սպանել է հայ զինվորներին։ Այդուհանդերձ, Ադրբեջանի իշխանությունները սպանությունների հանգամանքների կոնկրետ հետաքննություն չեն իրականացրել։ Ավելին, 2017թ. փետրվարի 7-ին ադրբեջանական պետությունը բարձր է գնահատել խնդրո առարկա արարքները՝ ի թիվս այլի, Գուրբանովին հետմահու շնորհելով «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում և անվանակոչելով փողոց նրա անունով: 

Ադրբեջանի կառավարությունն իր զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցել և իրականացրել քննություն: Սակայն այդ նյութերը ՄԻԵԴ-ին ներկայացրել է ոչ ամբողջական: Ավելին, որոշ դրվագներ թարգմանված փաստաթղթերում բացակայել են:

Զոհված զինծառայողների ծնողները դիմել են ՄԻԵԴ, պնդելով, որ երեք զինվորները սպանվել են ապօրինի, քանի որ այն ժամանակ զինված բախում չի եղել, և զինվորները որևէ վտանգ չեն ներկայացրել։ Հետևաբար՝ նրանց մահը չի եղել ուժի կիրառման հետևանք, որը «բացարձակապես անհրաժեշտ էր»: Նրանց շահերը պաշտպանել է փաստաբան Արա Ղազարյանը:

Ադրբեջանը, չունենալով առարկայական փաստարկներ, նշել է, թե Հայաստանի տարածքում հայ զինծառայողների սպանությունը «բեմադրված է»: Իբր նրանք սպանվել են Ադրբեջանի տարածքում, սակայն դիերը տեղափոխվել է Հայաստան ու «բեմադրվել» դիվերսիոն ներթափանցումը:

Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ միացել է զոհված հայ զինծառայողների ծնողների պահանջին՝ ցույց տալով ադրբեջանական կողմի ապօրինությունները:

ՄԻԵԴ-ը գտել է, որ Հայաստանի իշխանությունների հետաքննության եզրակացությունները պետք է համարվեն հավաստի, հետևաբար՝ ընդունվեն որպես ապացույց: Դատարանը արժանահավատ չի համարել Ադրբեջանի առաջ քաշած սցենարը, քանի որ այն չունի համապատասխան փաստերի որևէ հիմնավորում: Դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն հայտարարել է Գուրբանովի կողմից հայ զինծառայողների սպանության մասին, որի համար նա գովաբանվել և հետմահու արժանացել է «ազգային հերոսի» կոչման:

ՄԻԵԴ-ը գտել է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն կարողացել բավարար և համոզիչ բացատրություն տրամադրել այն մասին, թե ինչպես է իրականում ծավալվել 2016թ. դեկտեմբերի 29-ի միջադեպը, որը կարող է կասկածի տակ դնել հայկական կողմի ներկայացրած տվյալները: Ավելին, Ադրբեջանի կառավարությունը չի ներկայացրել որևէ համոզիչ փաստարկ, որը կարող է կասկածի տակ դնել դեպքերի վերաբերյալ դիմումատուների վարկածի և դրա համար ներկայացված ապացույցների արժանահավատությունը: 

Հետևաբար՝ ՄԻԵԴ-ը ողջամիտ կասկածից դուրս հաստատված է համարել, որ Չ.Գուրբանովը կրակոցների հեղինակն է, և սպանել է հայ զինծառայողներին: Արձանագրվել է, որ Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (Կյանքի իրավունք) դատավարական իրավունքի խախտում՝ կապված Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու մահվան որևէ, առավել ևս արդյունավետ հետաքննություն չանցկացնելու հետ: 

Շավարշ Մելիքյանի հարազատների գանգատը համարվել է անընդունելի, այն պատճառաբանությամբ, որ Նարայանը և Աբովյանը սպանվել են զորամասից դուրս գտնվելու ժամանակ՝ իրենց զինծառայության հետ կապ չունեցող պատճառներով, եղել են անզեն և ոչ զինվորական համազգեստով: Մելիքյանը սպանվել է, երբ նա փորձել է օգնության հասնել զինծառայակիցներին և կրակ է արձակել հակառակորդի ուղղությամբ: Հետևաբար Գուրբանովը ազդեցություն չի ունեցել Մելիքյանի վրա:

ՄԻԵԴ-ը վճռել է Ադրբեջանին պարտավորեցնել սպանված հայ երկու զինծառայողների ծնողներին վճարել 16 հազարական եվրո փոխհատուցում ոչ նյութական վնասի, ինչպես նաև 2780-ական եվրո՝ դատական ծախսերի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter