
11 դատախազ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, 2-ն ազատվել են աշխատանքից
2023թ. դատախազների նկատմամբ հարուցվել է 26 կարգապահական վարույթ: 11 դատախազի նկատմամբ նշանակվել է 13 կարգապահական տույժ: Դատախազներից մեկը նույնիսկ 3 անգամ է ենթարկվել կարգապահական պատասխանատվության: Հիմնականում դատախազները պատասխանատվության են ենթարկվել վարքագծի և աշխատանքային ներքին կանոնները պարբերաբար խախտելու համար:
Գլխավոր դատախազությունից «Հետքին» հայտնել են, որ 13 դեպքից 4-ով դատախազները պատասխանատվության են ենթարկվել պաշտոնեական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
2023թ. դեկտեմբերի 7-ի դրությամբ կարգապահական պատասխանատվության ենթարկված դատախազների նկատմամբ նշանակվել են հետևյալ տույժերը.
- 8 դատախազի նկատմամբ՝ «նկատողություն»
- 1 դատախազի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» (2 անգամ անգամ՝ «խիստ նկատողություն» և մեկ անգամ «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով»)
- 2 դատախազի նկատմամբ՝ «պաշտոնից ազատում»
Կարգապահական պատասխանատվության ենթարկված 11 դատախազներից միայն 2-ն են դիմել դատարան: Գործերը քննվում են վարչական դատարանում ու դեռ ընթացքի մեջ են:
Հիշեցնենք, որ անդրադարձել էինք նաև Քննչկան կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կարգապահական վարույթներին: Այս տարի Քննչական կոմիտեի 61 քննիչ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, որոնցից 15-ն ազատվել են աշխատանքից:
Հակակոռուպցիոն կոմիտեի 1 քննիչի նկատմամբ է վարույթ հարուցվել՝ աշխատանքի հանդեպ դրսևորած անբարեխիղճ վերաբերմունքի համար: Սակայն նշված քննիչի նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառվել, քանի որ ինքնակամ դիմում է գրել և ազատվել աշխատանքից:
Անդրադարձել էինք նաև դատավորների կարգապահական վարույթներին:
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) 2023թ. ընթացքում Արդարադատության նախարարությունից ստացել է 14 միջնորդություն՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով: 3 միջնորդություն էլ ստացվել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից:
Այս տարի 7 դատավորի լիազորություն է դադարեցրել ԲԴԽ-ն՝ էական կարգապահական խախտման հիմքով: Լիազորությունները դադարեցված դատավորներից երեքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են, մեկը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, իսկ երեքը՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ:
Մեկնաբանել