HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

ՄԻԵԴ–ը առաջին անգամ վճիռ է կայացրել ակտիվ զինված հակամարտության ժամանակ սպանված զինվորի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  (ՄԻԵԴ) դեկտեմբերի 19–ին առաջին անգամ վճիռ է կայացրել զինված հակամարտության ժամանակ սպանված զինծառայողների գործով։ Մեկնաբանելով իր գանգատի հիման վրա Չինարի գյուղի սահմանային դիրքերում մարտական հերթապահության մեջ գտնվող զինվորների սպանության գործով ՄԻԵԴ–ի կայացրած վճիռըփաստաբան Արա Ղազարյանը նշում է, որ սովորաբար Եվրոպական դատարանը մերժում է նման գանգատները։ Դատարանը մի գործով սահմանել է, որ զինված հակամարտության ակտիվ փուլում  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան չի գործում։ 

Փաստաբանն այս դեպքը առանձնահատուկ է համարում նրանով, որ հայ զինվորները եղել են մարտական հերթապահության մեջ՝ դիրքերում, սակայն տվյալ պահին, երբ ադրբեջանցի զինծառայողն անցնելով հայկական դիրքերի թիկունք հանկարծակի հարձակվել ու սպանել է՝ նրանք անզեն են եղել։ Մեր զինվորները զբաղված էին կենցաղային հարցերով։ Հետևաբար, թեկունքից անսպասելի հարվածելու պահին բացակայել է նրանց կյանքից զրկելու, նրանց նկատմամբ մահաբեր ուժ կիրառելու ռազմական անհրաժեշտությունը։ 

«Նման դեպքերում իրավիճակը կարգավորվում է և՛ մարդասիրական իրավունքով, և՛ մարդու իրավունքներով։ Առանց անհրաժեշտության մարդուն կյանքից զրկելու դեպքում, եթե նույնիսկ դա կատարվում է պատերազմական գործողության ժամանակ, կարող է կյանքի իրավունքի հարց բարձրացվել ՄԻԵԴ-ի ներքո» – հայտնեց Արա Ղազարյանը։ 

Ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության կայացրած վճռով ՄԻԵԴ–ն ընդունել է հայկական կողմի ներկայացրած վարկածը և մերժել է Ադրբեջանի ներկայացրածը։ Ադրբեջանը Եվրոպական դատարանին հայտնել էր, թե իբր հայկական զինված ուժերն էին հարձակվել ադրբեջանական դիրքերի վրա, որի ժամանակ էլ իբրև թե զոհվել է ադրբեջանցի զինծառայողը, և հայկական ստորաբաժանումը նրա դին իր հետ փոխադրել է Հայաստանի տարածք։ 

ՄԻԵԴ-ը կյանքի իրավունքի խախտումը սահմանել է երկու հիմքերով․ կյանքից անիրավաչափ զրկելու և անհրաժեշտ հետաքննություն չկատարելու հիմքերով։ Լեյտենանտ Շավարշ Մելիքյանի մասով գանգատը մերժել է ելնելով նրանից, որ նա կյանքից զրկվել էր մարտական ակտիվ գործողության ընթացքում, որի դեպքում Եվրոպական կոնվենցիան կիրառելի չէ։ 

«Այս գործի իրավաբանական նշանակությունն այն է, որ ՄԻԵԴ–ը կիրառեց տարածքային իրավազորության հարցը, և մարտական հերթապահության ժամանակ կատարված սպանությունը անցավ կոնվենցիայի պաշտպանության տակ։ Մենք հիմնավորեցինք, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի գործողությունները վերագրվում են Ադրբեջանին, նույնիսկ եթե դա կատարել է մենակ, առանց որևէ ստորաբաժանման աջակցության, և նույնիսկ եթե դա կատարվել է Ադրբեջանի տարածքից դուրս։ Այսինքն՝ ՄԻԵԴ-ը կիրառեց արտատարածքային  իրավազորություն»,– ընդգծեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հայտարարություններով, ըստ էության, հիմնավորել էր փաստաբանի տեսակետը՝ դրանով հակասութան մեջ մտնելով իր իսկ երկրի քրեական հետապնդման մարմինների հետ։ Ալիևը հրապարակավ հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայող Գուրբանովը իրենց զինվորն է եղել, նրան գովաբանել էր հայ զինվորներ սպանելու համար, Ազգային հերոսի կոչում էր շնորհել, բնակարան էր նվիրել և այլն։ Գուրբանովի անունից նույնպես գանգատ էր ներկայացվել, որը Եվրոպական դատարանը մերժել է մի քանի ամիս առաջ։ 

Դեպքը տեղի էր ունեցել 2016թ․ դեկտեմբերի 29–ի վառ առավոտյան, Չինարի գյուղի սահմանային դիրքերում։ Զինվորները  հանձնել են մարտական հերթապահությունը, նրանցից մեկը գնացել էր դաշտային զուգարան, որն անտառի մեջ էր, մյուսը՝ նախաճաշ պատրաստելու համար գնացել էր վառելիք վերցնելու մոտակա ցիստեռնից։ Նրանք տեղյակ չեն եղել, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ էր ներթափանցել թիկունք։ Ադրբեջանցի դիվերսանտներից մեկը՝ Չինգիզ Գուրբանովը, կրակել էր զուգարանում գտնվող զինվորին և զրկել կյանքից, հետո կրակոցով սպանել էր ցիստեռնից վառելիք վերցնող զինվորին։ 

Երբ կրակոցներ են լսվել՝ տագնապ է հայտարարվել, մյուս զինվորներն իրենց լեյտենանտի՝ Շավարշ Մելիքյանի հետ գնացել են նրանց փնտրելու։ Այստեղ արդեն կողմերի միջև մարտական գործողություններ են սկսվել, որը տևել է մոտ 1,5 ժամ, քանի որ օգնության էր հասել մեկ այլ խումբ թիկունքից։ Մարտական գործողության ժամանակ  լեյտենանտը գլխին ստացած հրազենային կրակոցից սպանվել է։ 

Չ․ Գուրբանովը նույնպես զոհվել է։ Հայկական կողմը դիակը պահել է մոտ մեկ ամիս, դատաբժշկական փորձաքննություն են կատարել, ապա հանձնել են Ադրբեջանին։ «Այստեղ շատ կարևոր էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության  քննչական բաժնի կատարած լավ նախաքննությունը, որը կատարվածը հիմնավորել էր տեղազննությամբ, լուսանկարներով, վկաների հարցաքննություններով, և այլն, որի արդյունքում հերքվեց Ադրբեջանի վարկածը, թե հայկական կողմն էր հարձակվել Ադրբեջանի տարածքի վրա»,– հայտնեց Արա Ղազարյանը։ 

Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով փաստաբանին հաջողվել է հիմնավորել, որ Ադրբեջանի կառավարությունը զինվորներին սպանելու պատմության կեղծ վարկած է ներկայացրել։ «ՄԻԵԴ-ն, ըստ էության, դա հաստատեց, ասելով, որ Ադրբեջանի պնդումը, իբրև թե հայկական ուժերն էին հարձակվել Ադրբեջանի դիրքերի վրա ոչ միայն ծայրահեղ շահարկելի էր, այլև՝ անհնարին։ Բացի այդ, դատարանը նաև նշեց, որ նույնիսկ քրեական գործի նյութերն են հակասում Ադրբեջանի նախագահի խոսքերին, ըստ որի՝ Գուրբանովը ազգային հերոս է, որովհետև սպանել է հայ զինծառայողների»,– նշեց փաստաբանը։

Ա․ Ղազարյանը հայտնեց, որ ՄԻԵԴ–ն իր խնդրանքով Ադրբեջանի կառավարությունից պահանջել էր այս դեպքով հարուցված քրեական գործի նյութերը։ Գործի քննության ընթացակարգում ներգրավված ադրբեջանագետի աջակցությամբ այդ նյութերն ուսումնասիրելիս հայտնաբերվել են կեղծ ապացույցներ, որոնք ներկայացրել է Եվրոպական դատարանին։ Փաստաբանը միաժամանակ դատարանի ուշադրությունը հրավիրել է քրեական գործում եղած հակասություններին, որոնք հիմնավորում էին, որ ապացույցները կեղծված են, իրականում քրեական գործ հարուցված չի եղել։ Այդ հանգամանքը նույնպես նպաստել է, որպեսզի հերքվեր Ադրբեջանի առաջ քաշած՝ իրենց զինծառայողի ու մեր զինծառայողների մահվան վերաբերյալ վարկածը։ 

Պրն Ղազարյանի կարծիքով՝ ՄԻԵԴ–ի այս վճիռը ռազմական հանցագործությունները եվրոպական դատարանում քննելու հնարավորություն է ստեղծում։ Փաստաբանը հավանական է համարում, որ այս վճռից հետո Եվրոպական դատարանը կբավարարի նաև 2016թ․ քառօրյա պատերազմի ժամանակ հայ զինծառայողների  սպանությունների վերաբերյալ գործերը։

Լուսանկարում` Արա Ղազարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter