Մայրս ինձնից հույս էր ուզում, իսկ ես փնտրեցի ու չգտա եղբորս
Արամի անհետացումից 3 տարի ու 3 ամիս է անցել։ Այս ընթացքում ես, ընտանիքս, գործընկերներս, փրկարարները, Քննչական կոմիտեն, դատաբժիշկները փնտրել ենք նրան։ Վերջին մեկ տարում ամեն օր եղբորս անհետացմանը վերաբերող մի նոր հանգամանք է պարզվել, աստիճանաբար որոշակիացել է վայրը, որտեղ հնարավոր էր գտնել նրան։
Վերջի սկիզբը, հունիսի 9, 2023
Երևանի խցանումներով Կենտրոնից Ջրվեժ հասնելը մոտ կեսը ժամ է տևում։ Մինչև նյութիս հրապարակվելը պիտի տանը լինեի։ Ավտոբուսն ուշ եկավ։ Նոր էի բարձրացել, երբ հեռախոսիս ծանուցում եկավ․ «Բարև, ես Անահիտն եմ, փնտրում եմ եղբորս» պատմությունն արդեն կայքում է։
44-օրյա պատերազմից չվերադարձած եղբորս գտնելու ճանապարհը սկսել էի նրա անհետացման հանգամանքները պարզելով։ 9 ամիս ես ու գործընկերս՝ Հայկը, խոսել էինք մոտ տասը մարդու հետ ու պարզել․
2020-ի հոկտեմբերի 10-ի կեսօրին մոտ նյութապահովման դասակի «ԿամԱԶը» Խուրհատ սարից իջնում էր Հադրութ։ Մեքենայի վարորդը եղբայրս էր՝ Արամը։ Հազիվ շարժված՝ մեքենայի ուղղությամբ սկսել են կրակել։ Արամը շատ արագ էր վարում։ Վանք գյուղ չհասած՝ ոլորանի մոտ, մեքենան դուրս է եկել ճանապարհից, շրջվել և բեռնախցիկով բախվել ճամփեզրի ժայռաբեկորին։ Թափքում եղած 3 տղաներից երկուսը՝ Գրիշա Հովսեփյանը և Մնացական Եգորյանը, վնասվածքներ են ստացել: Իրար օգնելով՝ նրանք դուրս են եկել մեքենայից, ձայն տվել Սարգիս Սրքոյանին, որը նույնպես թափքում էր. նա չի պատասխանել։ Կրակոցները մեքենայի ուղղությամբ չեն դադարել։ Մնացականն ու Գրիշան չեն իմացել՝ խցիկում նստածները ո՞ղջ են, թե՞ ոչ։ Նրանք շարժվել են դեպի անտառ, որտեղ հանդիպել են մեր զինվորներին: Մեքենայից երկուսը ողջ էին մնացել, մեկի աճյունը գտել և հուղարկավորել էին, թիկունքի պետից՝ Հարությունյան Տիգրանից, նույնականացում կար, բայց ծնողները չէին ընդունում։ Եղբայրս ու կողքին նստած տղան մնում էին անհետ կորած։
«Պապան աշխատանքի է, մաման էլ չի տեսնի մինչև ես չկիսվեմ»,— մտածում էի ճանապարհին։
Մտնում եմ տուն, տեսնեմ հայրս ու մայրս հեռախոսով արդեն կարդում են։ Կարծես, տուն եկած չլինեի, չէին նկատում ինձ։ Հետո հայրս մի քանի ճշտող հարց տվեց՝ այս տղան ո՞վ է, որտեղի՞ց է։ Արամը այս մեկի մասին խոսե՞լ էր պատերազմից առաջ․․․
Մայրս, թե՝ «Եթե այդպես է եղել, ես դրան էլ եմ համաձայն, դրան էլ եմ տեր։ Բայց եթե զոհվել է, ո՞ւր է աճյունը»։
Այդ հարցը երկար ժամանակ ինքս էլ եմ տալիս՝ որտե՞ղ է եղբորս աճյունը։
Ծնողներս չգիտեին, որ այդ օրը և դրանից առաջ ես արդեն եղել էի դիահերձարանում և ներքին համոզմունք ունեի, որ կարևոր մի բան եմ գտել։
Դիահերձարանում մնացած մասունքները
Առաջին անգամ Հերացու դատաբժշկական գիտագործնական կենտրոն՝ դիահերձարան, գնացել էինք 2023-ի մայիսի 22-ին։ Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության օպերատիվ շտաբի պետ Դավիթ Աբաղյանը որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում տեղեկություններ է հավաքել գրավված տարածքներում գտնված աճյունների վերաբերյալ։ 1961, 1962, 1963, 1964․ այս պայմանական կոդերով աճյունները դուրս են բերվել նույն տարածքից, որտեղ պատահել էր եղբորս դեպքը։ Կոդերն ինձ Դավիթ Աբաղյանն է փոխանցել։
Մայիսի 22-ին առաջին անգամ դիահերձարանում տեսա մարմնի մասերի, կտրված գլուխների, ատամնաշարերի նկարներ՝ սեղանին դրված։ «Այս կոդերի կեսը կենդանական, ոչ մարդկային նմուշներ են, կեսն էլ շատ վատ վիճակում են, ԴՆԹ դուրս չի գա դրանցից»,— մինչև նկարները ցույց տալն ասաց աշխատակիցը։
Համակարգչով նայեցինք չորս կոդերի տակ եղած մասունքները, դրանց նախորդող և հաջորդող էլի մի քանիսը, որոնք, ամենայն հավանականությամբ, նույն վայրից էին դուրս բերվել։
Պայմանական կոդերից երկուսի տակ մարդկանց գլուխներ էին։ Մեկի դիմագծերն ու ատամնաշարը թվաց՝ Արամինն են։ Սկսեցինք համեմատել նրա նկարներից մեկի հետ՝ Արամը նկարում լայն ժպտում էր։ Եղբորս մազերն ավելի կարճ էին, քան գտնված գլխինը։ Մեզ ուղեկցող աշխատակիցը զանգեց ինչ-որ մեկին, խոսեց, հետո մեզ փոխանցեց, որ այդ գլուխն Արամինը չէ, արդեն նույնականցված է, բայց հարազատները չեն ընդունում։
Այդ օրը մենք տեսանք Սարգիս Սրքոյանի աճյունի հետ նույն տարածքից դուրսբերված բոլոր նմուշները։ Ըստ դիահերձարանի տվյալների՝ դրանք կա՛մ արդեն հուղարկավորված էին, կա՛մ նույնականացված։
Մեր որոնումները փակուղի մտան։ Մեր տեղեկություններով՝ փրկարարները մեքենային մոտեցել էին միայն 2020-ի նոյեմբերին։ Որոնողական աշխատանքներին մասնակցած Վազգեն Վարդանյանի խոսքով՝ այդ օրը մեքենայից և դրա շրջակայքից առնվազն 2-3 աճյուն էր դուրս բերվել. «Կաբինկայից հանված ոսկորները մի պարկի մեջ էին։ Չեմ հիշում՝ ոնց էին դրված։ Կաբինկայից ոսկորներ հանողներն առանձին էին, ես հանում էի ձորից։ Ես վերջին պահին եմ տեսել, 2 կամ 3 հոգու ոսկոր կարող էր լինել»։
Նույն օրը նորից խոսում եմ Դավիթ Աբաղյանի հետ, նա նորից է հարցնում մեքենայում եղած մարդկանց անունները։ Մի քանի օր անց Աբաղյանը տեղեկացնում է, որ նոր կոդեր է փոխանցել։ Դրանք դուրս են բերվել 2021-ի օգոստոսի 20-ին։ «Այդ կոդերի տակ ավելի ուշ՝ 2021-ի վերջին նույնականացված սպայի՝ թիկունքի պետի աճյուններն են ու էլի անհայտ աճյուններ»,— ասում է նա։
Հունիսի 2-ի առավոտը դարձյալ սկսվում է դիահերձարան գնալով։ Նույն գործողություններն են՝ ճշգրտում ենք տեղի և հանման ամսաթվերը, սպայի անուն-ազգանունը, գնում ենք աճյունները համակարգչով տեսնելու։
Երկու պայմանական կոդ կա՝ 729, 730: Համակարգչի մոտ նստած 50-ն անց տղամարդը հանդարտ գրում է թվերը, երևում են վառված ու մարդկային ոչինչ չհիշեցնող ոսկորների պատկերներ։ Մինչ դա՝ ես ոչ մի հանդիպման, զրույցի ժամանակ չեմ հուզվել, նույնիսկ, երբ տեսել էի մարդկային գլխից ինձ նայող աչքի խոռոչները։ Նայեցի վառված ոսկորներին ու զգացի արցունքներս։
Աշխատակիցը ցույց տվեց համեմատաբար քիչ վառված կտորները․ հավանաբար դրանցից էր դուրս եկել նույնականացված ԴՆԹ-ն։ «Նմուշառման են ուղարկվել ավելի պինդ ոսկորները»,— ասաց նա։ Հարցիս՝ կարող ենք պարզել՝ քանի՞ մարդու ոսկոր է, պատասխանեց՝ հնարավոր չէ, շատ վատ վիճակում են ոսկորները։
«Հենց էս ա»,— լացելով ասացի գործընկերոջս՝ Հայկին։ Օրն ուրբաթ էր։ Աշխատակիցն ասաց՝ երկուշաբթի կփորձի ճշտել, թե որ ոսկորներն են նմուշառման տարվել, և արդյոք դրանցից նյութ դուրս եկել է։ Իմացանք, որ նմուշները վերևի հարկում են՝ լաբորատորիայում։ Շնորհակալությանս պատասխանեց․ «Ինչի՞ համար, մենք ենք շնորհակալ տղաներին։ Եթե զոհված է, գոնե էսպես գտնենք»։
Ես ու Հայկը էլի քննարկեցինք, դետալ առ դետալ հիշեցինք՝ ինչ տեսել էինք։ Ոսկորները դեռ փորձաքննություն չէին անցել, բայց զգում էի, որ ես տեսել եմ եղբորս մարմնի մնացորդները։
Երկուշաբթի տեղեկացրին, որ աճյունները նորից կբացեն ու նոր նմուշառումներ կանեն։ «Մեծամորից պիտի բերենք էստեղ, հենց բերենք, ձեզ տեղյակ կպահենք»,— ասաց աշխատակիցը։
Մի քանի օր անց իմացա, որ նոր աճյուններ են բերել։ Հետազոտել են, բայց ոչինչ չի պարզվել․ ոսկորները վառված ու քայքայված են։ Հունիսի 9-ի առավոտյան նորից գնացինք դիահերձարան։ Այս անգամ՝ հերձման սրահ․ ուզում էինք մեր աչքով տեսնել։
Կիսավառված զինգրքույկն ու փորձաքննման ենթակա մասունքները 3 տարի «վրիպել էին» դատաբժիշկների և քննիչների աչքից
Մասունքները տոպրակների մեջ խառն էին լցված։ Երկու գունավոր տոպրակներ էին։ Դիահերձարանի աշխատակիցը դրանք դատարկեց հերձման սեղանին։ Կիսավառված զինվորական գրքույկը միանգամից ուշադրություն գրավեց։ Հայկը բացեց․ թուղթը մասամբ այրված էր, բայց հստակ կարդացվում էր զինգրքույկի համարը՝ N 086217: Աշխատակիցն անակնկալի եկավ։ Զանգեց ինչ-որ մեկին, թելադրեց թվերը, որ ճշտեն, թե ումն է։ Մեզ միացավ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն, դատաբժիշկ Մհեր Բիշարյանը. «Հա՜, էս, որ երեկ տեսանք միասին, էդ աճյունները չե՞ն»,— հարցրեց աշխատակցին։
Նա պատասխանեց․ «Հա, անհետ կորածի հարազատ քույրն է։ Կասկածում է, որ էստեղ է եղբայրը»։ «Դե, ես երեկ էլ ասի, որ սրանք աշխատող չեն։ Շատ է վառվել, ոսկորների մեջ դատարկ է, նյութ չկա»,- մոտենալով սեղանին լցված ոսկորներին՝ ասաց Բիշարյանը։
Նա, առանց ուժ գործադրելու, մի քանի ոսկոր ձեռքերով փշրեց. «Տեսեք՝ ինչքան է վնասված։ Կպնում ես՝ փշրվում ա»։
Հետո փորձեց հասկանալ՝ ինչ ոսկորներ են։ Ցույց տվեց այն ոսկորը, որից կտրել էին ամիսներ առաջ ու նույնականացում արել։ Կտրած տեղը երևում էր. «Սա ազդոսկր է։ Համեմատաբար ավելի հաստ ու ամուր ոսկոր է, դրա համար հնարավոր է եղել մի բան դուրս հանել»։ Մենք զինգրքույկը գտել էինք այն նույն տոպրակից, որտեղ նույնականացված ոսկորն էր։ Այդ տոպրակում ավելի շատ ոսկորներ կային։ Երկրորդ տոպրակի գրեթե բոլոր ոսկորները սևացած-ածխացած էին։ Ինչ-որ օրգան՝ մսագունդ կար՝ լրիվ վառված և ԴՆԹ փորձաքննության համար անպիտան՝ այդպես ասացին։
Մի քանի ամուր ոսկորներ էլ կային, դրանք ձեռքով չփշրվեցին։ «Հնարավո՞ր է՝ սրանցից մի բան դուրս գա»,— հարցրինք։ Կանչեցին մի ուրիշ աշխատակցի։ Նա այդ ոսկորներից մեկն ինչ-որ սարքով երկու մասի բաժանեց. «Տեսեք՝ մեջը դատարկ է, առողջ մաս չի մնացել, որ մի բան անենք»,— կիսված ոսկորը ցույց տալով՝ ասաց Բիշարյանը։
Նրա խոսքով՝ հավանականությունը, որ այդ ոսկորներից նյութ դուրս կգա շատ քիչ էր, բայց միասին ընտրեցինք համեմատաբար ամուր մի քանի ոսկոր, որոնք դրեցին առանձին ամանների մեջ, համարակալեցին և տարան լաբորատորիա։ Ասացին, որ մի քանի օրից պարզ կլինի՝ «աշխատո՞ղ» ոսկորներ են, թե՞ ոչ։
Դիահերձարանի՝ կոկորդ սեղմող օդն ամբողջ օրն ուղեկցում էր ինձ։ Ես պատրաստվել էի այդ «հանդիպմանը»․ ընկերներս լաց չլինելու մի քանի տարբերակ էին ասել։ Բայց ես ուրիշ՝ զարմանքի, հիասթափության ու նույնիսկ ատելության զգացողություն ունեցա, երբ հասկացա, որ շատ կարևոր մի փաստաթուղթ՝ կիսավառված զինգրքույկը, ամիսներ շարունակ տոպրակի հատակին է եղել։ Չգիտեմ՝ մեր գնալուց առաջ բացե՞լ էին այդ տոպրակները։ Գուցե լրիվ չէին դատարկել։ Դիահերձարանից դուրս գալուց րոպեներ անց զանգ ստացա՝ «Զինգրքույկը Ներսես Կարապետյանինն է»։
Այս լուրն անսպասելի էր․ Ներսեսը նստած է եղել Արամի կողքին։ Չգիտեմ՝ գտնված զինգրքույկի մասին քննիչները Ներսեսի ընտանիքին ասե՞լ են, թե՞ ոչ։
Ամբողջ օրն աչքերիս առաջ սև, ոչ մեծ ավազահատիկներ հիշեցնող զանգվածն էր՝ մարդկային մարմնից մնացած։ Ոչինչ չասացի ծնողներիս։ Նրանք էլ տարածեցին որոնումների իմ պատմությունը՝ «Բարև, ես Անահիտն եմ, փնտրում եմ եղբորս» վերնագրով, ու ամեն օր նորության են սպասում։
Հունիսի 23, 2023, հարցուպատասխան Քննչական կոմիտեում (հարցնողն ու պատասխանողը ես էի)
Դիահերձարան գնալու մասին ես ծնողներիս պատմեցի հունիսի 22-ին։ Այդ օրն ավարտում էի համալսարանը։ Ընկերներս մեր տանն էին, նշում էինք։ Մորս տրամադրությունը սովորականից ավելի վատ էր։ Ասաց․ «Քննչականից զանգել են հորդ, ասել են վաղը գնանք, ինձ էլ են կանչել»։
Զարմացա։ Չէի հիշում Քննչական կոմիտեից վերջին անգամ երբ էին զանգել։ Երևի 2020-ին։ «Ես էլ կգամ»,— ասացի։ Մայրս շատ անհանգիստ էր. «Եթե կանչում են, ուրեմն, մի բան եղել է։ Չգիտե՞ս՝ ինչ կլինի»,— հարցնում էր ինձ։ Պատմեցի դիահերձարան այցերիս մասին։ Ասացի, որ մեքենայից հանված ու չնույնականացված աճյուններ կան։
Հունիսի 23-ին գնացինք Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։ Ես մնացի դրսում։ Մի քանի րոպե անց մայրս դուրս եկավ․ «Քննիչը քեզ է կանչում»։
Մարտի 27-ին, ես, որպես անհետ կորածի հարազատ, դիմել էի Գլխավոր դատախազություն և ստացել տուժողի իրավահաջորդի կարգավիճակ։
Քննիչն ասաց, որ ես ունեմ եղբորս քրեական գործին ծանոթանալու և գործով վկայությունները կարդալու իրավունք։ Հարցրի․ «Ե՞րբ եք հարցաքննել վկաներին»։ Պատասխանեց․ «Կոնկրետ օ՞րն եք ուզում իմանալ»։
Նա երեք թուղթ տվեց ինձ. «Խնդրեմ, կարող եք կարդալ»։ Մինչ ես կարդում էի վկայությունները, որտեղ ինձ համար ոչ մի նոր բան չկար, քննիչը մերոնց «բացատրում էր»՝ պատերազմ էր, ամեն ինչ կարող էր լինել։
Մեքենայից ողջ դուրս եկած երկու վկաները հարցաքննվել էին մայիսի 4-ին և 5-ին։ Հարցաքննվել էր նաև Վազգենը՝ մեքենայի մոտից մասունքներ հանած սպան։
Սկզբում կարդացի Գրիշա Հովսեփյանի վկայությունը։ Նա մեզ ավելի շատ տեղեկություն էր տվել, քան քննիչին։ «2020-ի հոկտեմբերի 10-ին թիկունքային «ԿամԱԶ»-ը շրջվել է։ Ի՞նչ կասեք այս մասին», «Ի՞նչ գիտեք դեպքի մասին»,— քննիչը հիմնականում ընդհանուր հարցեր էր ձևակերպել։
Երբ ասացի, որ Գրիշայի դրամապանակը, որը մեքենայի մեջ էր, պատերազմից հետո գրեթե անվնաս փոխանցվել է իրեն, քննիչը ձայնը բարձրացրեց․ «Կասե՞ք՝ էդ միֆերն ով է ասել ձեզ։ Նա այդպիսի բան ինձ չի ասել»։ Հետո, թե՝ ինքնախաբեությամբ մի՛ զբաղվեք։ «Եթե ինքնախաբեությամբ զբաղվեինք, այստեղ չէինք գա»,— ասացի։ «Դրամապանակի մասին ոչինչ չի հայտնել, դրամապանակը ի՞նչ, խոսքի՝ բերել-տվել են, ասել ա՝ մեքենայո՞ւմ ա եղել»,— չէի հասկանում՝ քննիչն ինքն ի՞ր, թե՞ ինձ հետ էր խոսում։
Հասկացա, որ մեքենայից դուրս բերված պլանշետի և դրամապանակի մասին նա չգիտի։ Հետաքրքիր էր, որ պլանշետի մասին մեզ հայտնած Վազգեն Վարդանյանն ու Կարեն Աթոյանը հարցաքննվել էին։ Վազգենը մեզ ասել էր․ «Ես եմ հանել, իրենց գաղտնի նոթբուքը կուզովից եմ գտել։ Կուզովի մեջ ամեն ինչ չի, որ վառվել ա։ Տակը, որ բահով շուռ էիր տալիս, ջրի շշերը, այլ իրեր մնացել էին։ Մեջը շատ ջուր ա եղել, կուզովում տենց շատ վառվող բան չի եղել, չի վառվել։ Քեյսը կուզովի միջից չեմ գտել, կողքն էր ոնց որ, չեմ հիշում»։
Կարդացի նաև 2 օր առաջ հարցաքննված Վազգենի վկայությունը։ Քննիչը շարունակում էր պնդել, որ իմ ասածները սուտ են, ոչ մի իր դուրս չի բերվել. «Վազգենը տենց բան չի ասել։ Դուք իրար մեջ խոսում եք, կանչում ենք ստեղ, պարզվում ա՝ սուտ ա»,— քննիչն արդեն գոռում էր։
Ես չասացի, որ հարցաքննվողները պարտավոր չէին այդ մանրամասներն ասել, եթե քննիչը չի հարցրել։
Երկրորդ փրկվածի՝ Մնացական Ենգոյանի վկայության մեջ կարևոր ոչինչ չկար։ Մենք նրա հետ չէինք խոսել։ Սակայն նրա ասածների մեջ էլ ոչ մի կարևոր բան չկար։
Ինձ հետաքրքրում էր, թե տուժողի իրավահաջորդի կարգավիճակը, բացի վկայությունները կարդալուց, ուրիշ ի՞նչ հնարավորություն է տալիս։
«Ես Ձեզ նորից կտամ թուղթը, էնտեղ գրված ա։ Իսկ Ձեզ ի՞նչն ա հետաքրքրում»,— քննիչը, կարծես, նյարդայնանում էր իմ հարցերից։ «Պատերազմից հետո քրեական գործ էր հարուցվել, բայց վկաները մինչև մայիս չէին հարցաքննվում։ Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ այսքան ձգվեց պրոցեսը»։ Պատասխան չկար, շարունակեցի․ «2020-ին մեր տղաների գործով մի քննիչ էր զբաղվում»… Քննիչն ընդհատեց․ «Հիմա, Անահիտ ջան, էս գործի ծավալը պատկերացնո՞ւմ եք, թե՞ չէ»։ «Հա, բայց ես խոսում եմ կոնկրետ այս դեպքից։ Մեզ վստահեցնում էին, որ կոնկրետ այս գործով մի քննիչ զբաղվում է»։ «Մի հոգին չի կարող, ստեղ մի ամբողջ պատերազմ ա քննվում»,— ասաց քննիչը։ «Ուրեմն, չվստահեցնեիք ծնողին, որ այս պահին զբաղվում եք հենց այս գործով»,— ասացի։ «Զբաղվելը ո՞րն է, հարցաքննե՞լը»։ «Դեպքի բոլոր հանգամանքները պարզելը»,— պատասխանեցի։ «Ամեն ինչ պարզված, ճշտված ա, էնպես չի, որ նոր ենք անում, էս ամեն ինչը քրեական գործի մեջ ներառված ա շատ վաղուց»,— արդեն հանգիստ տոնով ասաց քննիչը։
«Այսինքն, ամենասկզբում ճշտել եք տեղը, հանգամանքները, բայց վկաներին չե՞ք հարցաքննել»,— հարցրի։ «Այո, այո»,— ասաց նա։ Ես զարմացած էի։ Շարունակեցի․ «Բա ինչպե՞ս եք ճշտել, եթե վկաներին չեք հարցաքննել»։ «Վկաները, խոսքի, մենակ իրա՞նք են»։ «Մեքենայից՝ իրենք են։ Նաև Վազգենը՝ փրկարարներից»,— թվում էր քննիչին օգնում եմ, որ հասկանա ինչ պատասխանի։
«Վազգենը մի քանի անգամ ա հարցաքննվել։ Ձեզ ի՞նչն է անհանգստացնում»։ «Մինչև հիմա չգիտենք՝ մեր տղան ո՞ղջ է, թե՞ մեռած»,— պատասխանեց հայրս։ «Եթե հարցաքննված լինեին 2 տարի առաջ, ինչ-որ բա՞ն էր փոխվելու»,— նորից իմ կողմը թեքվելով՝ հարցրեց քննիչը։ Ես արդեն չէի զարմանում նրա հարցերից, պատասխանեցի. «Հա, հնարավոր է՝ ավելի լավ հիշեին դեպքը»։ «Նման բաները մարդու կյանքում երբեք չեն մոռացվում։ Ես ձեզ ավելին ասեմ, բերեք այդ իրավիճակում տարբեր մարդկանց հարցաքննենք, տարբեր բաներ կասեն»։ «Հենց դա եմ ասում։ Դրա համար էլ պիտի շուտ հարցաքննեիք, ոչ թե տարբեր օրերի ու երեք տարի հետո»,— պնդեցի ես։
Ասածներս նրան դուր չեկան։ Մի թղթապանակ բացեց։ Դրա մի կողմում Արամի նկարն էր, մյուսում՝ Արամի կենսագրությունը (դա հայրս էր գրել առաջին անգամ ՊՆ այցելելու օրը՝ 2020-ի նոյեմբերին). «Ինձ փետրվար կամ մարտ ամսին էս ձեռագիր գրված մի քանի տողն են ուղարկել Պն-ից։ Ես մենակ էսքան բանով պիտի հետաքննություն անեմ, հասկանո՞ւմ եք»։
Ես մտածեցի, որ անիմաստ է շարունակել այդ խոսակցությունը։ Փաստորեն, նրա ասած մեծածավալ հետաքննությունը սա էր։ Հայրս ասաց, որ նրանից առաջ այս գործով զբաղվողներ եղել են, բայց քննիչն այդ օրը երևի տրամադրված չէր կառուցողական զրույցի։ Նրա կարծիքով՝ մարդիկ, որոնք խոսել էին մեզ հետ այդ դեպքի մասին, պարզապես ցանկացել են «լավամարդ» դուրս գալ. «Ես վստահ եմ, որ իրենց կանչեմ հարցաքննության, ինչ ասել են ձեզ, հերքելու են։ Լավամարդ դուրս գալու համար են ասել»։
Քննիչի շարժումներից, դեմքի արտահայտությունից ու խոսելու տոնից զգում էի, որ նա լարված է և փորձում է ճնշել ինձ, որ էլ «հիմար» հարցեր չտամ։ Բայց ես որոշեցի մի վերջին հարց էլ տալ՝ հույսով, որ այս անգամ կպատասխանի. «Հիմա այսքան փաստ ունեք։ Ի՞նչ եք անելու հետո, ի՞նչ ճանապարհ կա»։ «Դուք ապագայի հարց եք տալիս, ի՞նչ իմանամ, ո՞վ գիտի՝ ինչ կլինի վաղը։ Դուք կարա՞ք ասեք՝ վաղը ինչ կլինի»։
Աճյունների մասին գրեթե չխոսեցինք։ Քննիչն ասաց, որ աճյուններով գործընկերն է զբաղվում, ինքը տեղյակ չէ. «Միայն կասեմ, որ հնարավոր չէ՝ թեկուզ մի նմուշ մնա առանց նմուշառման։ Եթե մի տեղից, ասենք, 28 աճյուն է վերցվել, 28-ից էլ նմուշառում են անում»։ «Իսկ մենք կարո՞ղ ենք մեր աչքով տեսնել, որ համոզվենք»,— հարցրի։ Ծիծաղեց. «Մոռացեք, որ ինչ-որ մեկը դա ձեզ թույլ կտա։ Ոչ ոք ձեզ թույլ չի տա մտնեք, աճյուն տեսնեք։ Եթե համընկում լինի, կկանչեն»։
Մեր հանդիպումն ավարտվեց, քննիչն իմ իրավունքների և պարտականությունների վերաբերյալ մի փաստաթուղթ տվեց մեզ։ Այս հանդիպումից հետո հասկացա, թե ինչու են անհետ կորածների հարազատները դժգոհ Քննչական կոմիտեից։ Ինչու է կարևոր ճիշտ մասնագիտություն ընտրելը և բարեխիղճ լինելը, և ինչքան բան կարող էի ասել, որ ինքս էի պարզել ու չասացի։ Եթե իմանայի, որ 3 տարի անց դեռ թղթապանակը դատարկ է, մեր հետաքննության առաջին մասը կնվիրեի քննիչին։ Նա նույնիսկ դա չէր կարդացել, հակառակ դեպքում կիմանար դեպքի մանրամասները և կպատասխաներ հարցերիս։ Լրագրողներս մեկի մասին գրելիս գոնե մի հասարակ «google–որոնում» ենք անում։ Հետաքրքիր է՝ քննիչները հետաքննություն անելիս, մարդկանց հարցաքննելիս այդ պարզ ու անվճար գործիքից չե՞ն օգտվում։
Հուլիս-օգոստոս, 2023, եղբորս ու նրան փնտրողներիս վերջին փորձությունները
Որոշեցինք մեկ անգամ էլ հանդիպել Բիշարյանին, գնացինք դիահերձարան։ «Ձեր եղբորից համընկում չկա, բայց ուրիշ համընկում ունենք։ Փորձաքննված աճյուններից դուրս բերված նյութը գնացել-կպել է Ներսես Կարապետյանի հոր ԴՆԹ-ին»,- ասաց Բիշարյանը։ Ներսեսը մյուս անհետ կորածն էր։
Գործընկերներիս հետ որոշեցինք դիմել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ մասունքները Նիդերլանդներ փորձաքննության ուղարկելու խնդրանքով։ Օրեր անց նախարարությունից պատասխան նամակ ստացա։ Նախարարությունը մեզ ուղղորդեց նորից «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ. «Ձեր անհետ կորած եղբոր՝ Արամ Արկադիի Սվարյանի վերաբերյալ ճշտումները կատարելու համար ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին անհրաժեշտ է ավելի հստակ և մանրամասն տեղեկատվություն․ ենթադրյալ մասունքի հերթական համարը, ամսաթիվը և հստակ վայրը, որտեղից բերվել են ենթադրյալ մասունքները»։
Մհեր Բիշարյանի հետ նորից հանդիպեցինք նրա աշխատասենյակում։ Ասաց, որ արտերկիր ուղարկվում են միայն այն նմուշները, որոնք «պիտանի» են. «Նախ մենք այստեղ ենք փորձաքննում։ Եթե տեսնում ենք, որ դժվարություններ ունենք, կամ հավանականություն կա, որ արտերկրում կաշխատի, նոր ուղարկում ենք»։ Նա խնդրեց հիշեցնել մասունքների կոդերը։ Ասաց, որ կփորձեն այդ տոպրակների ոսկորներից նորից նմուշառում անել. «Եթե մեզ մոտ ստացվի, էլ չենք ուղարկի, բայց եթե նույնիսկ կասկածենք կամ չստացվի, կուղարկենք»,- ասաց նա։
Առանց մեր ներկայության՝ դիահերձարանում նորից նմուշառում էր արվել։ Մի քանի օր անց զանգեցի Բիշարյանի քարտուղարուհուն. «Պարոն Բիշարյանը փոխանցեց, որ ձեր հետ համընկում չկա»։ «Իսկ նյութ դուրս եկե՞լ է։ Հնարավո՞ր է՝ ուրիշի հետ կա համընկում»,- հարցրի։ «Ես չեմ տիրապետում այդ տեղեկություններին»,- ասաց քարտուղարուհին։
Նորից հանդիպում Բիշարյանի աշխատասենյակում. «Ես իրավունք չունեմ Ձեզ ասելու, թե ում է բռնել ԴՆԹ-ն»։ «Գուցե մենք լրիվ սխալ ուղղությամբ ենք աշխատել և այս մասունքներն Արամենց մեքենայից չեն դուրս բերվել»։ «․․․40%-ով համընկել է Ներսես Կարապետյանի հոր հետ»։ «Այսինքն, ճիշտ ուղղության վրա ենք»։
Բժիշկը տեղեկացրեց, որ աճյունից մի քանի կտոր ուղարկվել է Նիդերլանդներ՝ ԴՆԹ փորձաքննության։
Իրականությունն ընդունելուց հետո
Այս 2 ամսում՝ առաջին հրապարակումից հետո, մեր տանը շատ բան է փոխվել։ Հայրս ու մայրս Արամի սենյակում հուշանկյուն են ստեղծել՝ նրա նկարներով ու իրերով։ Մայրս, որ կտրուկ դեմ էր այդպիսի բաներին, հորս խնդրել էր իր ձեռքերով պատրաստել դարակը։
Աներևակայելի տխուր էր տեսարանը։
Մենք սկսել ենք ավելի շատ խոսել Արամից, Արամի սիրելի ֆիլմերից, հետաքրքրություններից։ Ամեն անգամ, երբ մորս ասում եմ՝ դեռ նորություն չկա, հարցնում է՝ իսկ կարո՞ղ է՝ փրկվել է։ Ոչինչ չեմ պատասխանում։ Այդ պահերին ինձ թվում է՝ մայրս ինձնից մի քիչ հույս է ուզում, ու եթե ես ասեմ՝ կարող է, նա ամեն ինչին կդիմանա, կսպասի, գուցե նաև ուրախանա։
Հայրս ավելի քիչ է խոսում Արամի մասին ու ավելի երկար է նայում նրա նկարներին։ Ես երբեմն զգում եմ, որ մոռացել եմ Արամի ձայնը, միացնում եմ տեսաձայնագրություններն ու նայում։ Երբեմն էլ ինչ-որ ժեստ անելիս հիշում եմ, որ այսպես էր անում նաև Արամը։
Արամն իր բացակայությամբ բոլոր ներկաներից ավելի ներկա է իմ կյանքում։ Նրա պատկերը իմ մտքում երբեք չի նույնանում այն սև մոխիրների հետ։ Բայց և հասկանում եմ, որ այդ բոլոր մոխիրներն ինչ-որ մեկի եղբայրներն են, գուցե նաև՝ իմ։
Նկարազարդումը՝ Հարություն Թումաղյանի
Հ.Գ. Նյութում կատարվել է փոփոխություն` Ներսես Կարապետյանը պայմանական անուն է, անհետ կորած համարվող զինվորի իրական անունը հարազատների պահանջով փոխվել է.
Մեկնաբանել