
Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան ու Եթովպիան միացել են ԲՐԻԿՍ-ին
2024 թվականի հունվարի 1-ից ԲՐԻԿՍ միջպետական տնտեսական միավորմանը պաշտոնապես միացել են հինգ պետություններ՝ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան: Նրանք այդ կառույց էին հրավիրվել 2023 թվականի ամռանը։
Այդ ժամանակ անդամակցության հրավեր էր ստացել 6 պետություն: Բացի այս երկրներից, հրավիրվել էր նաև Արգենտինան։ Սակայն դեկտեմբերի վերջին այդ երկրի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինին պաշտոնապես տեղեկացրել էր, որ Բուենոս Այրեսը հրաժարվում է անդամակցությունից:
ԲՐԻԿՍ-ի ընդլայնումից հետո կազմակերպությունը միավորում է համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան մեկ երրորդը և համաշխարհային բնակչության 45 տոկոսը ապահովող երկրներին: Մասնակիցներ երկրներն ունեն նավթի համաշխարհային պաշարների գրեթե 45 տոկոսը: Անդամների մեծ մասը պաշտոնապես չեզոք դիրքորոշում ունեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում և չեն աջակցում Մոսկվային միջազգային ասպարեզում մեկուսացնելու արևմտյան երկրների փորձերին: Հունվարից Մոսկվան նախագահում է այս կազմակերպությունում։
Այդուհանդերձ, փորձագետները նշում են, որ այս միավորման անդամների շրջանում իրական տնտեսական փոխգործակցությունը և դրա արդյունավետությունն այս պահին բարձր չեն: Ավելին, շատ փորձագետներ այն կարծիքին են, որ ԲՐԻԿՍ-ում իրական առաջնորդը Չինաստանն է, այլ ոչ թե Ռուսաստանը, ու Պեկինն ամենամեծ օգուտներն ունի այս ընդլայնումից, իսկ նոր անդամները գերադասում են Պեկինի հետ համագործակցությունը։
Լուսանկարը՝ Shutterstock-ից
Մեկնաբանել