
Թուրքիայի խորհրդարանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը կարող է քննարկել ձմեռային արձակուրդներից հետո
ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրության հաստատման հարցը Թուրքիայի խորհրդարանի օրակարգ կարող է ընդգրկվել հունվարին, երբ պատգամավորները վերադառնան ձմեռային արձակուրդից: Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով TRT Haber-ին։
Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովը դեկտեմբերի 26-ին հավանություն էր տվել Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտին: Վերջնական որոշումը պետք է կայացնի ու վավերացնի ողջ խորհրդարանը: Այն հաստատելու համար բավական է խորհրդարանի պատգամավորների պարզ մեծամասնության դրական քվեն։
TRT Haber-ը նշում է, որ Շվեդիայի անդամակցության հայտի հաստատման գործընթացը կարող է ձգձգվել, քանի որ Անկարայում առայժմ դժգոհ են Ստոկհոլմից։
Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ չի ակնկալում, որ թուրքական խորհրդարանը շուտափույթ կվավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ Օքթայը նշել էր, որ ԱՄՆ-ն չպետք է Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հարցը կապի Անկարային F-16 կործանիչների վաճառքի հետ։
ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը մինչ այժմ վավերացրել են դաշինքի 31 երկրներ՝ բացառությամբ Հունգարիայի և Թուրքիայի: Անկարայի կողմից այդ փաստաթղթի շուտափույթ վավերացման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Վիլնյուսում, դաշինքի գագաթնաժողովից առաջ, ՆԱՏՕ-ի, Թուրքիայի և Շվեդիայի ղեկավարների միջև, սակայն թուրքական կողմն այն ժամանակ հայտին հավանություն տալու համար մի շարք պայմաններ էր առաջ քաշել՝ ներառյալ ահաբեկչության հակազդման գործում համագործակցությունը և Եվրամիությանն անդամակցության բանակցությունների մեկնարկը։
Լուսանկարը՝ Yves Herman/AFP via Getty Images
Մեկնաբանել