HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի իշխանությունները հաստատում են ահաբեկչության հետևանքով 95 զոհի փաստը

Իրանի առողջապահության նախարար Բահրամ Էյնոլահին հաստատել է Քերման քաղաքի գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունների հետևանքով 95 մարդու մահվան մասին տեղեկությունը: Իրանական լրատվամիջոցները նաև տվյալներ են ներկայացրել 211 տուժածների մասին, որոնցից 27-ի վիճակը ծանր է:

Իրանական իշխանությունները տեղի ունեցածն անվանել են ահաբեկչություն։

Հիշեցնենք, որ նախօրեին երկու պայթյուն էր գրանցվել Իրանի Քերման քաղաքում՝ գեներալ Քասեմ Սոլեյմանիի գերեզմանից ոչ շատ հեռու։ Իրանցի գեներալը զոհվել էր 2020 թվականի հունվարի 3-ին, իսկ նախօրեին տասնյակ հազարավոր մարդիկ ուխտի էին գնացել գեներալի գերեզմանին։ 

IRNA գործակալության հաղորդմամբ, առաջին պայթյունը տեղի է ունեցել Սուլեյմանիի գերեզմանից 700 մետր, իսկ երկրորդը՝ 1 կիլոմետր հեռավորության վրա։ Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 95 մարդ։ Ավելի վաղ նշվում էր 103-ի մասին։ Իրանի արտակարգ իրավիճակների ծառայությունը փոխանցել է, որ զոհերից առնվազն 6-ը երեխաներ են։ Ըստ նախնական տվյալների՝ տուժել է 211 մարդ։ Զոհերի թվում 3 ոստիկան կա։

Nour News-ի փոխանցմամբ՝ Քերմանի փոխնահանգապետը հայտարարել է, որ պայթյուններն ահաբեկչական գործողություններ են եղել։ Իրանի կառավարությունը հունվարի 4-ը հայտարարել է համազգային սգի օր, իսկ նախագահ Էբրահիմ Ռայիսին խոստացել է պատժել մեղավորներին։

Միջազգային հանրությունը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Ռայիսիին։ «Այս ծանր պահին Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից, Ձե՛րդ գերազանցություն, թույլ տվեք վշտակցության խոսքեր հղել զոհերի բոլոր հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին»,- ասված է հեռագրում։ 

Ցավակցական հեռագիր է ուղարկել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ ԱՄՆ Պետքարտուղաարությունն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Իսրայելը կապ չունեն տեղի ունեցածի հետ։ Ահաբեկչական հարձակումը դատապարտել են նաև Գերմանիայի ԱԳՆ-ն, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և այլք։ 

«Հեզբոլահի» առաջնորդ, շեյխ Հասան Նասրուլան էլ հայտարարել է, որ «Սուլեյմանիի անունը նախկինի պես վախեցնում է նրանց, ովքեր սպանել էին նրան»։ 

Հիշեցնենք, որ Քասեմ Սուլեյմանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» էլիտար ստորաբաժանման հրամանատարն էր։ Նա սպանվել էր 4 տարի առաջ՝ 2020 թվականի հունվարի 3-ին, Բաղդադի միջազգային օդանավակայանում՝ ամերիկյան հարվածի հետևանքով։ Տասնյակ հազարավոր մարդիկ այդ օրն ուխտի էին մեկնել Սուլեյմանիի գերեզմանին։

Լուսանկարը՝ Sare Tajalli/EPA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter