HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում դարձյալ խոսել են «Զանգեզուրի միջանցքի» մասին

Թուրքիայում դարձյալ խոսել են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Այդ երկրի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի անցկացումը, որը կապահովի Թուրքիայի ուղիղ ցամաքային հաղորդակցությունը թյուրքական աշխարհի երկրների հետ, նախատեսվում է ավարտել 2028 թվականին»։

«Երթուղու ադրբեջանական հատվածը գրեթե ավարտված է։ Թուրքական 224 կմ երկարությամբ հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2028 թվականին»,- Yeni Şafak թերթին հայտնել է թուրք նախարարը։ 

Ուրալօղլուն նշել է, որ «միջանցքի 43 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով»։ «Այնտեղ ևս իրականացվում են ծրագրի շրջանակներում մրցույթների պլանավորման և անցկացման աշխատանքները: Իրանը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում Զանգեզուրի միջանցքի նկատմամբ։ Մենք շարունակում ենք բանակցությունները իրանական կողմի հետ, ասում ենք, որ պատրաստ ենք օգնել նրանց միանալ նախագծին»,- նշել է Ուրալօղլուն։ 

Արդեն շուրջ 3 տարի է՝ Ադրբեջանը փորձում է իրագործել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, որը, ըստ Բաքվի, պետք է անցնի Սյունիքի մարզի տարածքով ու այդ երկրի արևմտյան հատվածները միացնի Նախիջևանին։ Նախատեսվում է, որ կկառուցվեն ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներ։ Երևանը նշում է, որ դեմ չէ ճանապարհների բացմանը, բայց դա պետք է լինի հայկական իրավասության ներքո և չպետք է ունենա միջանցքի տրամաբանություն։

Դեռ նախորդ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցով խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ՝ Իրանի։ «Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա դա Հայաստանի հետ խնդիր չէ։ «Զանգեզուրի միջանցքը» Իրանի հետ խնդիր է։ Այլ կերպ ասած՝ երկու մուսուլմանական երկրների խնդիր։ Այն փաստը, որ Իրանը այդ հարցով այդպիսի դիրքորոշում ունի, վրդովեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ»,- ասել էր Էրդողանը։

Այդուհանդերձ, նախորդ տարվա հոկտեմբերից սկսած Բաքուն տարբեր մակարդակներով սկսեց հայտարարել այն մասին, որ այլևս հետաքրքրված չէ Հայաստանի տարածքով միջանցքի բացման նախագծով ու պլանավորում է այդ նախագիծն իրականացնել Իրանի տարածքով։ ««Այդ երթուղին մեզ համար կորցրել է իր գրավչությունը։ Նախագիծը մենք կարող ենք իրականացնել Իրանի հետ»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել էր, թե Բաքուն պլաններ չունի ռազմական ճանապարհով գրավելու Սյունիքի մարզը։ «Մեր օրակարգը միայն երկկողմ փոխգործակցության շրջանակներում տրանսպորտային կապերի կառուցումն է։ Այս հարցը դեռ քննարկման փուլում է, բայց հայկական կողմից պահանջվելու է ցույց տալ, որ իրենք իսկապես շահագրգռված են դրանում»,- հայտարարել էր Հաջիևը։

Լուսանկարը՝ turkiyeninsesigazetesi.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter