HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը

Ադրբեջանում մեկնարկում է նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը:

«Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախընտրական քարոզարշավը սկսվում է քվեարկության օրվանից 23 օր առաջ, որը նշանակված է փետրվարի 7-ին, այսինքն՝ հունվարի 15-ից, և կավարտվի ընտրություններից մեկ օր առաջ»,- ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ հայտնել են այդ երկրի ԿԸՀ-ից։

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է երկրի ղեկավարի աթոռի համար պայքարող յոթ թեկնածուի։ Նրանց թվում է գործող նախագահ Իլհամ Ալիևը, որի թեկնածությունն առաջադրել է իշխող «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան, խմբ.) կուսակցությունը։ Գրանցումն անցել են նաև ադրբեջանական խորհրդարանի պատգամավորներ Զահիդ Օրուջը (ինքնառաջադրված), Ռազի Նուրուլաևը («Ազգայնական ճակատ» կուսակցության առաջնորդ), Գուդրաթ Հասանգուլիեևը («Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ), Ֆազիլ Մուստաֆան («Մեծ արարում» կուսակցության նախագահ), ինչպես նաև «Մեծ Ադրբեջան» կուսակցության առաջնորդ Էլշադ Մուսաևն ու ինքնառաջադրված Ֆուադ Ալիևը։

Յուրաքանչյուր թեկնածուին իր դիրքորոշումը ներկայացնելու համար Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությամբ կտրամադրվի 3 ժամ անվճար ժամանակ: ԿԸՀ-ում նշել են, որ քարոզարշավը կանցկացվի նաև կլոր սեղանի շուրջ բանավեճերի ձևաչափով՝ բոլոր թեկնածուների մասնակցությամբ: Նրանց ելույթների հերթականությունը կորոշվի վիճակահանության միջոցով։ Դեռևս հայտնի չէ՝ Ալիևն անձամբ կմասնակցի բանավեճին, թե դա, ինչպես 2013 և 2018 թվականների ընտրություններին, կհանձնարարի իր լիազոր ներկայացուցչին:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 7-ին հրամանագիր էր ստորագրել Հանրապետությունում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ որպես քվեարկության օր նշանակելով 2024 թվականի փետրվարի 7-ը: Պետության ղեկավարի հաջորդ ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականի հոկտեմբերին։ Ընտրությունների օրվա տեղափոխության պատճառների մասին չէր հաղորդվում։

Ադրբեջանի գործող Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով, ժամկետների սահմանափակում նախատեսված չէ: Ադրբեջանում նախագահի վերջին ընտրությունները կայացել էին 2018 թվականի ապրիլին։ Այդ ժամանակ հաղթել էր Ալիևը։ Նրա օգտին քվեարկել էր ընտրողների 86,22 %-ը։

Այն մասին, որ իշխող կուսակցությունը կառաջադրի գործող նախագահի թեկնածությունը դեռ դեկտեմբերի 12-ին հայտարարել էր «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Թահիր Բուդաղովը։ «Առաջիկա արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ մեր թեկնածուն կլինի գործող նախագահ Իլհամ Ալիևը»,- լրագրողներին ասել էր Բուդաղովը։ Ալիևի թեկնածությունն առաջադրվել էր դեկտեմբերի 16-ին։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter