HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Պաշտպանը միջնորդեց դատարանին, որ Գագիկ Խաչատրյանը մեկնի Գերմանիա՝ վիրահատության 

Այսօր տեղի ունեցավ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը։ Նախագահող դատավորն էր Արթուր Մկրտչյանը։

Նախորդ դատական նիստին Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ներկայացնելու էր դատավորի ինքնաբացարկի միջնորդություն, սակայն Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով հետաձգվեց նիստը։

Այսօր Երեմ Սարգսյանը դատարանին խնդրեց նախևառաջ ներկայացնել անհապաղ միջնորդություն՝ վիրահատության նպատակով Գագիկ Խաչատրյանին Գերմանիա մեկնել թույլատրելու վերաբերյալ, և հետո նոր՝ ինքնաբացարկի միջնորդությունը։

Հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանն առաջարկեց առաջինը հարցաքննել գործով վերջին վկա Սեդրակ Առուստամյանին, որ արդեն տասից ավելի դատական նիստի ներկայանում է, սակայն չի ստացվում վերջինիս հարցաքննելը։ Դատախազն առաջարկեց Երեմ Սարգսյանի միջնորդության ներկայացումը թողնել վկայի հարցաքննությունից հետո այս դատական նիստին։ Հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանը դատական նիստի հերթական անհիմն ձգձգում որակեց Երեմ Սարգսյանի վարքագիծը, նա դատարանին հորդորեց չթույլատրել, որ պաշտպանը խոչընդոտի արդարադատության իրականացմանը։

Իսկ Երեմ Սարգսյանը պնդեց, որ միջնորդությունն անհապաղ քննության է ենթակա, քանի որ կապ ունի Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի հետ։

Դատարանը որոշեց այս դատական նիստին քննարկել և՛ Երեմ Սարգսյանի միջնորդութունը, և՛ հարցաքննել Սեդրակ Առուստամյանին, սակայն առաջնահերթությունը տվեց Երեմ Սարգսյանի միջնորդությանը։ «Ձեր գործողությունների արդյունքում հնարավորություն է ընձեռվում կրկին անհարկի հետաձգել դատական նիստը»,- ասաց դատախազը։

Նա առաջարկեց այդ պարագայում Երեմ Սարգսյանը չներկայացնի միջնորդությունը, քանի որ այն նախապես ստացել են և՛ ինքը, և՛ դատարանը, և անցնել միանգամից դրա քննարկմանը։ Սակայն դատարանը թույլատրեց Երեմ Սարգսյանին ներկայացնել միջնորդությունը։ Միջնորդությամբ Երեմ Սարգսյանը հիշեցրեց, թե ինչ փուլերով է անցել այս քրեական գործը, հիշատակեց բժշկական փորձաքննությունները, դրանց եզրակացությունները։ Նրա խոսքով՝ այժմ Գագիկ Խաչատրյանը խոշտանգման է ենթարկվում, քանի որ նրան չեն թույլատրում մեկնել վիրահատվելու։

Միջնորդության ներկայացման ընթացքում դատական նիստը մի քանի անգամ ընդմիջվեց, շտապօգնության աշխատակիցները, որոնց ուղեկցությամբ Խաչատրյանը եկել էր դատարան, նրան ներարկումներ էին անում, բուժօգնություն ցուցաբերում։ Երեմ Սարգսյանի միջնորդության ներկայացումը տևեց շուրջ 2 ժամ։

Այնուհետև դատարանը ամբաստանյալների դիրքորոշումը հարցրեց միջնորդության վերաբերյալ։ Այդ պահին Երեմ Սարգսյանը հայտնեց, որ Գագիկ Խաչատրյանին բժշկական օգնություն է անհրաժեշտ։ Դատական նիստը կրկին ընդմիջվեց և վերսկսվելուն պես Երեմ Սարգսյանը հայտնեց, որ Գագիկ Խաչատրյանն այլևս ի վիճակի չէ ներկա գտնվել նիստին։ Այս պատճառով դատական նիստը կրկին հետաձգվեց։ 

Ըստ Երեմ Սարգսյանի՝ դատարանը պարտավոր է թույլ տալ, որ Խաչատրյանն արտերկրում բուժում ստանա․ Հայաստանում Գագիկ Խաչատրյանի հիմնական բուժումը հնարավոր չէ։

Երեմ Սարգսյանի համոզմամբ՝ այս իրավիճակի լուծման միակ ճանապարհը այն է, որ թույլ տան Խաչատրյանը մեկնի վիրահատվի և հետ գա։

Նշենք, որ նախորդ դատական նիստին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ դատախազը միջնորդություն էր ներկայացրել, ինչը մերժել էր դատարանը

Գագիկ Խաչատրյանն, ըստ մեղադրանքի, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ապահովել է Հայաստանի պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ 373 մլն դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34 մլն դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը։

Իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5 մլն եվրոյին համարժեք 2 մլրդ 624 մլն դրամ ներդրում կատարելու պարտավորությունից:

Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն` Կարեն Խաչատրյանին, նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և լինելով պաշտոնատար անձ, անձնական և խմբային շահերից ելնելով և նախնական համաձայնության գալով իր ազգական Գագիկ Խաչատրյանի հետ, հաստատապես տեղեկացված լինելով իր ղեկավարած ստորաբաժանման օպերատիվ աշխատակիցների՝ մաքսային տեսուչներ Տիգրան Գնունու Մամիկոնյանի, Կարեն Ռաֆայելի Հակոբյանի, Արմեն Աշխարհաբեկի Մկրտչյանի, Վարդան Լորիկի Արշակյանի, Կարեն Վաչիկի Խաչատրյանի և Մկրտիչ Ռոբերտի Վարդանյանի աշխատանքի չհաճախելու, օրենսդրությամբ իրենց վերապահված պարտականությունները չկատարելու և փոխարենը ՀՀ քաղաքացի Արմեն Ավետիսյանի անվտանգության ապահովմամբ, զբաղվելու վերաբերյալ, 2008- 2016թթ. ծառայության շահերին հակառակ պաշտոնեական պարտականությունները դիտավորությամբ չկատարելով, չի ապահովել կարգապահական խախտումների արձանագրումը և համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառումը։

Ավելին, նույն ժամանակահատվածում մաքսային տեսուչներ Տիգրան Գնունու Մամիկոնյանի, Կարեն Ռաֆայելի Հակոբյանի, Արմեն Աշխարհաբեկի Մկրտչյանի, Վարդան Լորիկի Արշակյանի, Կարեն Վաչիկի Խաչատրյանի և Մկրտիչ Ռոբերտի Վարդանյանի աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքը թաքցնելու անձնական և խմբային շահերից ելնելով, ինչպես նաև չաշխատած օրերի դիմաց աշխատավարձի գումարների դուրսգրման կեղծ հիմքեր ստեղծելու շահադիտական դրդումներից ելնելով, մեկ միասնական դիտավորությամբ, անձամբ ստորագրել է ՊԵԿ իրականացված կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված նշված անձանց պաշտոնի նշանակելու, արձակուրդ տրամադրելու և հատուկ կոչումներ շնորհելու վերաբերյալ առաջարկներ և դիմումներ, հաստատել և վճարման է ներկայացրել Կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի N 1471-Ն որոշմամբ սահմանված իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավահարաբերությունների վրա ազդող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բովանդակությամբ կեղծ՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում նրանց հաճախումների վերաբերյալ տեղեկագրեր, որի արդյունքում իր ղեկավարած ստորաբաժնում հրամանագրված հիշյալ անձանց համար հաշվարկվել, պետական բյուջեից դուրս գրվել և պետական միջոցների հաշվին անհիմն վճարվել է աշխատավարձի գումարներ:

Խաչատրյաններն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Գագիկ Խաչատրյանը մեկ տարուց ավելի գտնվել է կալանքի տակ, 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ազատ է արձակվել 120 մլն դրամ գրավի դիմաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter