
Շոլցն ու Սունաքը քննարկել են Ուկրաինային հետագա աջակցության հարցերը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը։ Այդ մասին Շոլցը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։ «Լոնդոնը և Բեռլինը պետք է շարունակեն էապես և կայուն աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ ՌԴ-ի կողմից սանձազերծված պատերազմում»,- հրապարակման մեջ գրել է Շոլցը։
Wir müssen die Ukraine weiter substantiell und nachhaltig im Kampf gegen den russischen Angriffskrieg unterstützen - darin bin ich mir mit meinem britischen Amtskollegen @RishiSunak einig, mit dem ich heute Abend zur Lage in der Ukraine telefoniert habe.
— Bundeskanzler Olaf Scholz (@Bundeskanzler) January 19, 2024
Հեռախոսազրույցի փաստը հաստատել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։ Բրիտանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Սունաքը Շոլցի հետ քննարկել է վերջերս Կիև կատարած իր այցը, որի ընթացքում նա և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկու երկրների համար անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր էին ստորագրել։ Բացի այդ, Լոնդոնը Բեռլինին տեղեկացրել է, որ բրիտանական կողմը 2024 թվականին առնվազն 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ (մոտ 2,9 միլիարդ եվրո-խմբ.) ռազմական օգնություն կհատկացնի Կիևին։
Բրիտանական կողմը փոխանցում է, որ Շոլցը և Սունաքը քննարկել են նաև պաշտպանության և անվտանգության ոլորտներում Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի «ավելի լայն համագործակցությունը», Մերձավոր Արևելքում տարածաշրջանային կայունությանն աջակցությունը և Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը:
Հիշեցնենք` այս շաբաթ հայտնի դարձավ, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 7 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն:
«Գերմանիան 2024 թվականին ռազմական ապրանքների տեսքով ավելի քան 7 միլիարդ եվրո կտրամադրի»,- գրել էր Շոլցը։
Շոլցը հավաստիացրել էր, որ ինքը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միասնական են Ուկրաինային ֆինանսական, հումանիտար և ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցում:
Լուսանկարը՝ Ben Stansall/Pool via REUTERS
Մեկնաբանել