HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի խորհրդարանը հունվարի 23-ին կարող է քննարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը

Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի օրը՝ հունվարի 23-ին կարող է քննարկել և քվեարկության ներկայացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ արձանագրությունը։ Այդ մասին հայտնում է CNN Turk հեռուստաընկերությունը։

Վերջինիս տվյալներով՝ համապատասխան հարցը նախատեսվում է մտցնել խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ։ Թուրքական խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչը, որն ավելի վաղ հավանություն էր տվել լիագումար նիստին արձանագրության ներկայացմանը, ռուսական TACC գործակալությանը չի հաստատել, բայց նաև չի հերքել այդ տեղեկատվությունը:

Ավելի վաղ ամերիկյան Bloomberg գործակալությունն էլ, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ քվեարկությունը կկայանա այս շաբաթ։ 

Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովը դեկտեմբերի 26-ին հավանություն էր տվել Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտին: Վերջնական որոշումը պետք է կայացնի ու վավերացնի ողջ խորհրդարանը: Այն հաստատելու համար բավական է խորհրդարանի պատգամավորների պարզ մեծամասնության դրական քվեն։

Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ չի ակնկալում, որ թուրքական խորհրդարանը շուտափույթ կվավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ Օքթայը նշել էր, որ ԱՄՆ-ն չպետք է Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հարցը կապի Անկարային F-16 կործանիչների վաճառքի հետ։

ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը մինչ այժմ վավերացրել են դաշինքի 31 երկրներ՝ բացառությամբ Հունգարիայի և Թուրքիայի: Անկարայի կողմից այդ փաստաթղթի շուտափույթ վավերացման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Վիլնյուսում, դաշինքի գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ի, Թուրքիայի և Շվեդիայի ղեկավարների միջև, սակայն թուրքական կողմն այն ժամանակ հայտին հավանություն տալու համար մի շարք պայմաններ էր առաջ քաշել՝ ներառյալ ահաբեկչության հակազդման գործում համագործակցությունը և Եվրամիությանն անդամակցության բանակցությունների մեկնարկը։

Լուսանկարը՝ Yves Herman/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter