HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով հարցաքննվեց ևս երկու վկա

Հակակոռուպցիոն դատարանում հունվարի 29-ին շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործի քննությունը: Նախագահող դատավորն էր Վահե Դոլմազյանը:

Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը` փոխելով Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատելով կալանքից։ Ըստ մեղադրող կողմի` Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:

Իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Արուսյակ Ալեքսանյանն արդեն 1 տարուց ավելի է՝ կալանավորված է: 

Դեկտեմբերի 18-ին դատարանը որոշեց երկարաձգել կալանքի ժամկետը 3 ամսով` մինչև 2024 թվականի մարտի 18-ը։ Իսկ Էրիկ Ալեքսանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Էրիկ Ալեքսանյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հետ նախնական պայմանավորվածություն ունենալով, 2022թ․-ի սեպտեմբերի 12-ին և 17-ին՝ Արուսյակ Ալեքսանյանի հերթապահության օրերին, երկու միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին: Այս եղանակով, ըստ մեղադրող կողմի, նրանք փորձել են ստեղծել արհեստական ծանրաբեռնվածություն՝ հույս ունենալով, որ դրանցից մեկը կմակագրվի Արուսյակ Ալեքսանյանին։ Սեպտեմբերի 12-ի միջնորդությունը քննել է դատավոր Արմեն Շիրոյանը և մերժել այն։

Սեպտեմբերի 17-ի միջնորդությունը դատարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Պողոսյանը մակագրել է Արուսյակ Ալեքսայանին, սակայն նույն օրը Պողոսյանն այն վերամակագրել է Արմեն Շիրոյանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերգեյ Գրիգորյանի վերաբերյալ նախորդ միջնորդությունները Շիրոյանն էր քննել:

Նախորդ դատական նիստին հարցաքննվեց գործով առաջին վկա Մարիա Պետրոսյանը։ Նա այն աշխատակիցն էր, ում դատարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Պողոսյանը հանձնարարել էր զանգել Աջափնյակ-1 նստավայր՝ ասելու, որ սխալ մակագրում է տեղի ունեցել և անհրաժեշտ է ուղարկել վերամակագրման թերթիկը այդ նստավայր։ 

Այսօր հարցաքննվեց գործով երկրորդ վկա Նաիրա Պետրոսյանը։ Նա այս դեպքի ժամանակահատվածում աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի գրասենյակում՝ որպես առաջատար մասնագետ։ Սակայն այդ օրը Աջափնյակ-1 նստավայր է գործուղված եղել՝ որպես հերթապահ աշխատակից։ Մարիա Պետրոսյանը հենց այսօրվա վկային՝ Նաիրա Պետրոսյանին է զանգել՝ ասելու, որ մակագրությունը սխալ է արվել։

Վկան պատմեց, որ այդ օրը 17։00-ին է աշխատանքի գնացել, իրենից առաջ գրասենյակում հերթապահություն է իրականացրել Սոնա Դանիելյանը։ Վկայի պատմելով՝ Սոնա Դանիելյանը բավականին ծանրաբեռնված է աշխատել այդ օրը, և քանի որ աշխատանքը դեռ ավարտած չի եղել, շարունակել է մնալ գրասենյակում։ Այդ ընթացքում, երբ երկուսով միասին նույն սենյակում աշխատելիս են եղել, գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Մարիա Պետրոսյանը զանգել է Նաիրային՝ խնդրելով Սոնային փոխանցել, որ վերջին միջնորդությունները սխալ են մակագրվել, և դատարանի նախագահ Գագիկ Պողոսյանը հրահանգել է այդ միջնորդությունները դատարանի կազմերից հետ վերցնել։

«Քանի որ այդ միջնորդությունները ես չէի ստացել, ընթացքը ես չէի լուծել, չէի իմացել՝ որ դատավորին է մակարգված, այդ ամենը փոխանցել եմ Սոնային»,- ասաց վկան։

Նա չկարողացավ հստակ հայտնել՝ այդ միջնորդությունները գրասենյակ հետ բերվե՞լ են, թե՝ ոչ, վերամակագրվե՞լ են, թե՝ ոչ։ Վկայի պատմելով՝ արդեն 18։00-ից հետո Սոնա Դանիելյանը ծանր աշխատանքային օրվա պատճառով գնացել է տուն՝ թողնելով 2 միջնորդություններ, որոնք դեռ չէին մակագրվել։ Նաիրայի և Սոնայի միջև փոխհամաձայնություն է ձեռք բերվել, որ դրանց մակագրվելուց հետո արդեն Նաիրան հանձնի դատավորներին՝ ըստ պատկանելիության։ «Եթե չեմ սխալվում, այդ երկու միջնորդություններից մեկը խուզարկություն էր, իսկ մյուսը՝ խափանման միջոցը փոխելու՝ գրավի միջնորդություն էր»,- ասաց վկա Նաիրա Պետրոսյանը։ Դատախազ Արմեն Գևորգյանի հարցին ի պատասխան՝ Նաիրա Պետրոսյանն ասաց, որ խուզարկության մասին միջնորդությունը չի հիշում, թե ում է մակագրված եղել, իսկ գրավի մասին միջնորդությունը մակագրված է եղել Արուսյակ Ալեքսանյանին։ 

Այնուհետև շարունակվեցին դատախազի, պաշտպանական կողմի և դատավորի հարցերը՝ ուղղված վկային։ Դրանք վերաբերում էին այդ օրվա մանրամասներին, թե ինչ էլեկտրոնային հասցեով է աշխատել վկան, աշխատանքային կանոնակարգին, պրակտիկային և այլ հարցերի։

Հարցաքննությունը տևեց շուրջ 2 ժամ, որից հետո հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը դատարանին միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքից որոշ հատվածներ, քանի որ առկա են հակասություններ։ Մասնավերապես, ըստ Արմեն Գևորգյանի, դրանք վերաբերում էին Մարիա Պետրոսյանի կողմից վկա Նաիրա Պետրոսյանին կատարված հեռախոսազանգի բովանդակությանը, ինչպես նաև Սոնա Դանիելյանի կողմից կազմերից նշված միջնորդությունները հետ ուզելուն ականատես լինելու վերաբերյալ հարցին։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։

Այս հակասությունների վերաբերյալ վկան պատասխանեց, որ շատ ժամանակ է անցել և որոշ հարցեր հնարավոր է՝ լավ չի հիշում, բայց եթե նախաքննության ընթացքում տվել է այլ պատասխաններ, այդ ժամանակ իր հիշողությունը եղել է ավելի թարմ, հետևաբար՝ առավել հստակ կարող էր ասած լինել։

Այս դատական նիստին հարցաքննվեց նաև Սերգեյ Գրիգորյանի գործով քննիչը։ Նրա հարցաքննության վերաբերյալ ամբաստանյալ Էրիկ Ալեքսանյանը մեզ հայտնեց, որ խնդրո առարկա հարցը այն էր, թե արդյոք ինքը՝ Էրիկ Ալեքսանյանը քննիչին հարցրե՞լ է՝ առերեսումներ կատարելու անհրաժեշտություն ունի՞, թե՝ ոչ։ «Քննիչը դատարանին հայտնեց, որ, այո, Էրիկ Ալեքսանյանն իր հետ բանավոր այդպիսի աշխատանքային զրույց ունեցել է, ինքն էլ պատասխանել է, որ չկա։ Ես նրան հարց ուղղեցի, ասացի՝ խափանման միջոցի քննարկման ժամանակ (նկատի ունի Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցի քննարկումը-խմբ․) միջնորդությունը ներկայացնելիս նշել եմ, որ ըստ քննիչի՝ առերեսումներ կատարելու անհրաժեշտություն չկա, սու՞տ է դա, սուտ տեղեկություն եմ դատարանին հայտնե՞լ, ասաց՝ չէ, Դուք մինչ այդ ինձ հետ բանավոր խոսակցություն եք ունեցել, ես Ձեզ բանավոր ասել եմ, որ առերեսումներ կատարելու անհրաժեշտություն չկա»,- ասում է Ալեքսանյանը։ 

Քննիչի ցուցմունքներում ևս հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը որոշ հակասություններ էր նկատել, սակայն ըստ պաշտպանական կողմի՝ հակասություններ առկա չէին։

Գլխավոր լուսանկարում՝ Արուսյակ Ալեքսանյանը և նրա պաշտպան Անդրանիկ Մանուկյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter