
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 27 100-ը
Գազայի հատվածում իսրայելական զինուժի գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 27 100-ը։ TACC գործակալության փոխանցմամբ նման տվյալներ է հրապարակել Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։
«Այսօրվա դրությամբ իսրայելական ռմբակոծությունների և պաղեստինյան հատվածի գնդակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 27 131-ի»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։ Պաղեստինյան այս գերատեսչության փոխանցմամբ՝ վիրավորների թիվը հասել է 66 287-ի։
Պաղեստինյան կողմը նշում է, որ միայն վերջին մեկ օրվա ընթացքում զոհվել է 112 պաղեստինցի, գրեթե 150-ն էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Գազայի հատվածից Իսրայելի տարածք ներթափանցելուց հետո, որն ուղեկցվում էր սահմանային բնակավայրերի բնակիչների սպանություններով և ավելի քան 240 իսրայելցի պատանդների, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեցների գերեվարմամբ: Արմատականներն այդ հարձակումն անվանել էին պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողություններին:
Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և սկսեց պատասխան հարվածներ հասցնել, այդ թվում՝ Լիբանանի և Սիրիայի առանձին հատվածներին։ Ավելի ուշ Գազայի հատվածում Իսրայելը հայտարարեց ցամաքային գործողության մեկնարկի մասին: Բախումներ են տեղի ունենում նաև Հորդանան գետի արևմտյան ափին։
Լուսանկարը՝ AFP գործակալության
Մեկնաբանել