HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հունգարիայի իշխող կուսակցությունը տապալել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության քվեարկությունը

Հունգարիայի իշխող «Ֆիդես-Հունգարիայի քաղաքացիական միություն» կուսակցության պատգամավորները չեն ներկայացել խորհրդարանի արտահերթ նիստին, որտեղ պետք է կայանար ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի հայտի քվեարկությունը: Այդ մասին հայտնում է տեղական HVG պարբերականը։

Հունգարական ընդդիմության հրավիրած նիստը բոյկոտել են նաև իշխող կուսակցության դաշնակից Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության պատգամավորները: Միաժամանակ նիստին ներկա են եղել ՆԱՏՕ-ի երկրների մի քանի դեսպաններ, այդ թվում՝ Հունգարիայում ԱՄՆ դեսպան Դևիդ Փրեսմանը:

Ընդհանուր առմամբ նիստին ներկայացել է 51 պատգամավոր, 148-ը բացակայում էր։

Նիստի նախօրեին «Ֆիդես»-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ չեն մասնակցելու արտահերթ նիստին: «Ֆիդես» խորհրդարանական խմբակցության ղեկավար Մատե Կոչիշը հայտարարել է, որ Շվեդիայի հայտի վավերացումը կարող է տեղի ունենալ գարնանային նստաշրջանի սկզբում, որը կմեկնարկի փետրվարի վերջին։ Դա տեղի կունենա Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի՝ Բուդապեշտ կատարած այցից հետո:

Շվեդիան Ֆինլանդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ էր ներկայացրել 2022 թվականի ամռանը։ Այդ երկրները նման որոշում էին կայացրել Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման ֆոնին։ ՆԱՏՕ-ին անդամակցության համար անհրաժեշտ է, որ թեկնածու երկրի հայտը հաստատեն Դաշինքի բոլոր անդամները։

Արդյունքում 2023 թվականի ապրիլին ՆԱՏՕ-ին միացավ միայն Ֆինլանդիան։ Դաշինքին Շվեդիայի անդամակցությանը հակազդում էր Թուրքիան՝ առաջ քաշելով մի շարք պայմաններ։ Մասնավորապես, Անկարան Ստոկհոլմից պահանջում էր արտահանձնել մարդկանց, որոնց թուրքական իշխանությունները մեղադրում են ահաբեկչության մեջ։ 2023 թվականի հուլիսին Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ բանակցություններից հետո համաձայնել էր աջակցել Շվեդիայի հայտին։

Վերջապես թուրքական կողմը Շվեդիայի հայտը վավերացրեց միայն 2024 թվականի հունվարի 24-ին, իսկ Էրդողանն այդ փաստաթուղթն ստորագրեց հաջորդ օրը՝ հունվարի 25-ին։ 

Հունվարի վերջին Հունգարիայի վարչապետ և «Ֆիդես» կուսակցության առաջնորդ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Հունգարիայի կառավարությունն աջակցում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը: Նա խորհրդարանին կոչ էր արել «առաջին հնարավորության դեպքում» հավանություն տալ Ստոկհոլմի հայտին։

«Ֆիդեսը» Հունգարիայի խորհրդարանում ունի մանդատների մեծամասնությունը։ 199-ից այս կուսակցությանը բաժին է հասնում 133-ը։

Լուսանկարը՝ AP Photo/Denes Erdos

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter