HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Պահատուփից գողության դեպքի վերաբերյալ Onex-ի պարզաբանումը և «Հետքի» մեկնաբանությունը

Onex ընկերությունը, ի պատասխան մեր հրապարակման, պարզաբանում է ուղարկել: 

Onex ընկերության պարզաբանումը

«Ընկերությունը որևէ փաստ բաց չթողնելու համար անդրադարձել է կետերով։

Հատված հրապարակված հոդվածից

«Onex-ից Լևոնին հայտնել են, որ իրենք պատասխանատվություն չեն կրում, երբ լոքերից բեռ են գողանում»:

Օնէքս ընկերությունը պատասխանատվություն կկրի, երբ «Onex Սմարթ Լոքեր»-ներից որևէ մեկից կատարվի գողություն կոտրած կամ վնասված պահատուփի պատճառով, կամ տեղի ունենա տվյալների արտահոսք նշված որևէ կետի նախադեպը չենք ունեցել։

Օնէքս ընկերությունը պատասխանատվություն չի կրում, երբ նախատեսված ընթացակարգով միանգամյա օգտագործման բարկոդը օգտագործելով` ստացվել է առաքանին։

Բարկոդը գեներացվում է ավտոմատ կերպով, բաղկացած է 6 նիշից և հասանելի է միայն օգտատիրոջ էջում։

Ընկերության աշխատակիցները ևս չունեն հասանելիություն բարկոդին։

Հատված հրապարակված հոդվածից

«Լևոնը ցանկացել է ընկերության տնօրենից պարզաբանում ստանալ, սակայն տնօրենի հետ կապ հաստատելու միակ տարբերակը եղել է գրավոր դիմումը»։

Հաճախորդը ցանկացել է գրավոր հստակեցում, տրամադրել ենք գրավոր պատասխան տնօրինության կողմից, որն արդեն տեղադրված է հոդվածում։ Տնօրենի հետ հանդիպում օգտատիրոջ կողմից չի պահանջվել։

Հաճախորդը մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է նաև, որ միանգամյա օգտագործման բարկոդը տրամադրել է ընկերոջը։ 

Հատված հրապարակված հոդվածից

«Onex ընկերությունից քաղաքացուն հայտնել են, որ նման դեպքեր մի քանի անգամ էլ պատահել են, բայց բացահայտվել են, եղել են սխալմունքի արդյունք, և բեռը վերցնողը վերադարձրել է»։

Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ նման դեպքեր եղել են, պարզաբանենք՝ եղել է դեպք, որ օգտատերը տրամադրել է բարկոդը ընտանիքի անդամին, ով ստացել է առաքանին, որից հետո օգտատերը ևս մոտեցել է ստանալու։ Մեր կողմից տրամադրվել է տեսանկարահանող սարքերի նյութը, որտեղ օգտատերը տեսել է, որ ընտանիքի անդամն է ստացել առաքանին, և խնդիրը լուծվել է։

Եվս մեկ անգամ ենք կրկնում՝ գողության դեպք Օնէքս ընկերությունում չի եղել։

 Հատված հրապարակված հոդվածից

«Նա ընկերությանը հարցրել է՝ արդյոք կայքի անվտանգության հետ կապված խնդիրներ չկա՞ն, ընկերությունը հերքել է այդ վարկածը»։

Կայքի անվտանգությունը պահպանվում է ոլորտի լավագույն մասնագետների կողմից, կրկին նշենք, որ նման դեպք չի եղել։ 

Հատված հրապարակված հոդվածից

«Լևոնը կապ է հաստատել նաև Yandex առաքման ծառայության աջակցման կենտրոնի հետ, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Այնտեղից պատասխանել են՝ երբ Ոստիկանությունը հարցում ուղարկի, անձի վերաբերյալ ինֆորմացիան կտրամադրեն։ Սակայն, միևնույն է, նա չի ցանկանում դիմել Ոստիկանություն՝ համարելով ապարդյուն և խուսափելով քաշքշոցներից ու ժամանակի վատնումից»։

Օնէքս ընկերությունը չի կարողանում հասկանալ ինչու՞ Ոստիկանություն դիմում չի ներկայացվում, այն դեպքում, որ առկա է առաքիչի պայուսակի կոդը, ինչպես պարզվեց, նաև երևում է դեմքը, և միայն Ոստիկանությունը կարող է ըստ տեղի ունեցածի ժամի պարզել ինչ զանգ է կատարվել, ո՞վ է եղել զանգահարողը, գուցե նաև բարկոդ թելադրողը։ Միայն Ոստիկանությունը կարող է նույնականացնել առաքիչին։ Ցավոք, մենք այդ լծակները չունենք։

Հատված հրապարակված հոդվածից

«Լևոնը չի բացառում նաև, որ իր առաքանիի գողությունը կատարված լինի հենց ընկերության աշխատակիցների կողմից։ «Ես նոթբուքը գնելիս Onex-ում գրել եմ, որ նոթբուք է, ինվոյսն եմ կցել, որ եթե մաքսազերծման հարց լինի, իրենք իմ ինվոյսով անեն, ու դրա համար իրենց վճարեմ։ Հենց իրական արժեքն էլ գրել էի, իրական ինվոյսն էլ կցել էի, որ մաքսազերծման հարցերով ես անձամբ չզբաղվեի»,- ասում է նա՝ անհավանական համարելով պատահականությունը, որ հենց այդ օրը այդքան լոքերից իրենը բացվեց, ու իր նոթբուքը վերցրին և տարան»։

Ինչպես նշել ենք վերևում, ընկերության որևէ աշխատակից չունի հասանելիություն հաճախորդին տրամադրվող միանգամյա օգտագործվող բարկոդին։ Նշված բարկոդին հասանելիություն ունի միայն օգտատերը և տրամադրել որևէ մեկին կարող է միայն օգտատերը։

Օրինակով կարող ենք նշել, նույն է, որ ինչ-որ մեկը ունենա որևէ մեկի անձնական մեյլի գաղտնաբառը, կարողանա մուտք գործել, իսկ մեյլի իրական օգտատերը մեղադրի այդ ամենում Google-ին։

Ամենայն հոգատարությամբ և խնդրին լուծում տալու նպատակով ընկերության կողմից տրամադրվել է հասանելի ամբողջ ինֆորմացիան։ Տրամադրված տեսանյութերից մեկը հենց «Onex Սմարթ Լոքեր»-ի տեսանկարահանող սարքի նյութն է, որտեղ պարզ երևում է, որ առաքիչը տիրապետում է կոդին և առանց որևէ դժվարության մեկ անգամով բացում է պահատուփը։

Մեր ընկերության աշխատակիցները և տնօրինությունը բազմաթիվ անգամ իրենց պատրաստակամությունն են հայտնել համագործակցել պատկան մարմինների հետ՝ պարզելու դեպքի մանրամասները:

Ցավում ենք, որ նախընտրությունը տրվել է մեր ընկերության բարի անունը արատավորելուն, ոչ թե իրական մեղավորներին բացահայտելուն»։

«Հետքի» մեկնաբանությունը՝ ընկերության պարզաբանմանը

Ընկերությունը պարզաբանման մեջ, ըստ էության, վերահաստատել է իր դիրքորոշումը, որն արդեն իսկ ներառել էինք հոդվածում։ Քաղաքացուն տրված պատասխանը, այսինքն՝ ընկերության դիրքորոշումը նույնությամբ տեղ էր գտել հոդվածում։ Այնուհանդերձ, անդրադառնանք ընկերության պարզաբանման մեջ տեղ գտած մի քանի կետերի։

Ընկերությունը հայտնում է, թե հաճախորդը իրենց հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ միանգամյա օգտագործման բարկոդը տրամադրել է ընկերոջը։

Լևոնի մեկնաբանմամբ՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան 11-ի սահմաններում, իսկ ինքը բարկոդն ուղարկել է ընկերոջը կեսօրին։ Ուղարկել է, քանի որ ընկերն ապրել է մոտակայքում, մտածել է՝ հնարավորության դեպքում ընկերը վերցնի առաքանին։ Լևոնը նշեց՝ այս փաստը մի քանի անգամ շահարկել է ընկերությունը, ինքը ընկերությանը նույն պատասխանը տվել է։ Լևոնը տրամադրեց նաև բարկոդը ընկերոջն ուղարկելու սքրինշոթը, որտեղ երևում է ուղարկելու ժամը՝ 14։19-ին։

Ընկերությունը նշում է, թե հաճախորդը ցանկացել է գրավոր հստակեցում, տրամադրել են գրավոր պատասխան տնօրենության կողմից, և տնօրենի հետ հանդիպում օգտատիրոջ կողմից չի պահանջվել։

Լևոնի հաղորդմամբ՝ գնացել է Onex-ի գրասենյակ, որտեղ նշել են, թե մենեջերը տեղում չէ և չի կարող հանդիպել։ Այդ դեպքից հետո կազմակերպությունից ոչ մեկը կապ չի հաստատել Լևոնի հետ։ Մի քանի օրից Լևոնն է զանգել Onex, իր հետ խոսել է լոքերների բաժնի մենեջերը։ Նա նշել է, թե բարկոդի գաղտնիության պատասխանատվությունը կրում է հաճախորդը` միևնույն ժամանակ տրամադրելով Լևոնին դեպքի տեսագրությունը: «Ես ակնկալում էի, որ մենեջերական սթաֆի հետ հանդիպում կունենամ, իրենք ինձ որևէ գրավոր պատասխան կտան, որ ես էլ փաստաբանին ցույց տալու փաստաթուղթ ունենայի, բայց քանի որ այդ հանդիպումը որևէ կերպ տեղի չունեցավ, միակ տարբերակը իրենցից պարզաբանում ստանալու մեյլով գրելն էր՝ գրավոր պատասխան ուզելով»,- ասում է Լևոնը։

Onex-ի պնդմանը, թե «Եվս մեկ անգամ ենք կրկնում․ գողության դեպք «Օնէքս» ընկերությունում չի եղել», հարկ ենք համարում նշել, որ հոդվածում չի նշվել, թե գողության դեպքեր եղել են։ Մեջբերում ենք հոդվածի համապատասխան հատվածը․ «Onex ընկերությունից քաղաքացուն հայտնել են, որ նման դեպքեր մի քանի անգամ էլ պատահել են, բայց բացահայտվել են, եղել են սխալմունքի արդյունք, եւ բեռը վերցնողը վերադարձրել է»։

Նաև ընկերությունը նշել է, թե աշխատակիցները և տնօրենությունը բազմիցս իրենց պատրաստակամությունն են հայտնել համագործակցել պատկան մարմինների հետ՝ պարզելու դեպքի մանրամասները: Վերոնշյալի առնչությամբ Լևոնն ասում է՝ ընկերությունը միայն հորդորել է դիմել Ոստիկանություն, գտնել Yandex-ի առաքիչին, այնինչ քաղաքացին ակնկալել է Onex-ի կողմից շահագրգռվածություն, քանի որ առաքանին գողացել են ընկերության լոքերից, ոչ թե իրենից։ «Իրենցից ոչ մեկը չի խոսել փոխհատուցման մասին, ոչ մեկը չի ասել՝ հանդիպենք, այդ ամենը փորձել եմ ես նախաձեռնել, կազմակերպել»,- ասաց Լևոնը։

Վերջում հավելենք, որ այս թեմայի զարգացումների վերաբերյալ հետագայում նոր հրապարակում կունենանք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter