
ԵԱՀԿ դիտորդների պնդմամբ՝ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կեղծվել են
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հայտարարություն է տարածել Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների առնչությամբ՝ մտահոգություն հայտնելով քվեարկության ազնվության վերաբերյալ և մատնանշել լցոնումների դեպքերը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ընտրությունների ժամանակ բացակայում էին բազմակի քվեարկության դեմ երաշխիքները:
«Սա լուրջ հարցեր է առաջացրել այն մասին, թե արդյոք քվեաթերթիկները հաշվարկվել են, և արդյոք արդյունքներն ազնիվ են»,- ասված է հայտարարության մեջ։
ԵԱՀԿ դիտորդների հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանում ընտրություններին նախապատրաստությունը եղել է արդյունավետ և պրոֆեսիոնալ, սակայն բացակայել է իրական բազմակարծությունը, իսկ քննադատների ձայները մշտապես լռեցվել են:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայացել էին փետրվարի 7-ին: Տեղամասերի 93%-ի տվյալների մշակման արդյունքում Իլհամ Ալիևը հավաքել էր ընտրողների ձայների 92,1% -ը և հինգերորդ անգամ հաղթել ընտրություններում:
Ի տարբերություն ԵԱՀԿ դիտորդների, ԱՊՀ դիտորդները կարծում են, որ ընտրությունները եղել են «արդար և մրցակցային»։ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, որը գլխավորում էր ԱՊՀ դիտորդական առաքելությունը, հայտարարել է, որ Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրությունները մրցակցային էին, իսկ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթել է իր հեղինակության շնորհիվ:
Լուսանկարը՝ ԵԱՀԿ պաշտոնական կայքէջից
Մեկնաբանել