HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքուն մտահոգված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությամբ

Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոն կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն։ Ադրբեջանական կողմը նրան մտահոգություն է հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ուշադրության է արժանացել այն փաստը, որ  Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, որը հակասում է ի սկզբանե ձեռքբերված պայմանավորվածություններին, լուրջ մտահոգություն է առաջացնում: Նշվել է, որ նշված առաքելությունը, հակառակ հայտարարված նպատակներին՝ նպաստել տարածաշրջանային կայունությանը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության կառուցմանը, լայնորեն օգտագործվում է որպես Ադրբեջանի դեմ քարոզչության միջոց»,- ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ադրբեջանական կողմը ԵՄ ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ «առաքելությունն ըստ էության վերածվել է «հեռադիտակային դիվանագիտության գործակալի», որը նպաստում է տարբեր պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ Եվրոպայի ոչ պաշտոնական պատվիրակությունների դեպի սահմանամերձ շրջաններ ուղևորությունների կազմակերպմանը»: Բաքվում կարծում են, թե դա, իբր, արվում է «անհիմն ադրբեջանատյացության ընդլայնման համար»։

Բաքվի պնդմամբ՝ ԵՄ դիտորդական առաքելությունը խաթարում է «հայ-ադրբեջանական հարաբերություններում վստահության ամրապնդմանը»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրամիությանը կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի առաքելությունը, հայտարարված մանդատի համաձայն, գործի որպես չեզոք, քաղաքացիական և անզեն, ինչպես նաև «զերծ մնա ցանկացած գործունեությունից, որն ուղղված է Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ և կարող է այս կամ այն կերպ ազդել նրա անվտանգության լեգիտիմ շահերի վրա»:

Հիշեցնենք, որ ավելի քան 100 հոգուց բաղկացած ԵՄ մոնիթորինգային առաքելությունը տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանին։ Այն սկսել է գործել անցյալ տարվա փետրվարից։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ ԵՄ երկրների արտգործնախարարները որոշում են կայացրել Հայաստանում ԵՄ դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի: Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ առաքելության ընդլայնումը կդառնա հայ-ադրբեջանական սահմանի կայունության բարձրացման միջոց։

Լուսանկարը՝ ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter