HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Արցախից բռնի տեղահանվածները՝ անձնագրային բաժանմունքի չավարտվող հերթերում

Մասիսի անձնագրային եւ վիզաների բաժանմունքի դռների առջև տղամարդիկ կանգնած ծխում են, դռնից ներս մտնելուց հետո առաջ շարժվել հնարավոր չէ, հերթը ձգվում է մինչև անձնագրային բաժնի պետի աշխատասենյակը։

Բաժանմունքի դռան վրա փակցրած ցուցակ կա։ Ցուցակում երկու սյունակով 30-ական անուն-ազգանուն է գրված։ Թղթի վրա գրված է «չճղել»։ Հերթում սպասողներից մեկը պատմում է, որ, անձնագրային բաժնի աշխատակիցների ասելով, 30 հոգու անունով երկու ցուցակ է կազմվում, որպեսզի հաջորդ օրը ցուցակում նշված մարդկանց կարողանան սպասարկվել։ 

«Քանի անգամ արդեն եկել ենք, մեր անունը գրել ենք, հաջորդ օրն եկել, տեսել ենք ցուցակը ճղած-փոխած, ուրիշ մարդկանց անուն-ազգանուններ գրած, նոր ցուցակ կազմած, աշխատողներին հարցնում ենք՝ ո՞վ է փոխել, ասում են՝ տեղյակ չենք։ Մարդիկ կան 5-րդ, 6-րդ անգամ գալիս են, չեն կարողանում հերթագրվել, ժամը առավոտյան 5-6-ից գալիս ենք, որ հերթ պահենք»,- ասում է հերթում սպասողներից մեկը։

2-րդ պատուհանի աշխատակիցը տարեց կնոջն ասում է՝ վաղը եկեք։ Նա, գլուխը տարուբերելով, ամուսնուն թևանցուկ, լուռ դուրս է գալիս։

Մոտենում եմ նրանց, չեն ուզում խոսել: Նրանց հետ դուրս եմ գալիս, դրսում արդեն կինը պատմում է. «80 անց ենք երկուսս էլ, ամուսինս չի տեսնում, կույր է։ Երրորդ օրն է՝ ասում են հետո եկեք, ժամը 9-ից էստեղ ենք, ասում են՝ ժամը 6-ից եկեք, ո՞նց գանք ժամը 6-ից, ինչո՞վ գանք, կողքի գյուղում ենք ապրում, մենակ ենք։ Ծեր մարդիկ ենք, մեր տարիքում այդքան ոտքի վրա մնալ ո՞նց կլինի։ Աղջիկ ջան, մի գրեք, ինչ էլ գրեք, չի օգնելու, վիրավորված ենք, կոտրված ենք, մինչև մեր հերթը հասնի, մենք չենք լինի էլ, էս գնալ-գալու ճանապարհին ենք մնալու»,- ասում է նա։

Արցախցիներին աշխատակիցներն ասել են, որ անձնագրային բաժանմունքը գերծանրաբեռնված է։ Քաղաքացիները հաշվառվելու համար կարող են դիմել մարտի 11-ից, նախքան այդ սպասարկելու են նախորդ ամսիներին գրանցված քաղաքացիներին։ 

Հերթում կանգնածներն անձնագրային բաժանմունքի աշխատակիցներից չեն բողոքում, ասում են՝ չեն հասցնում, մարդիկ շատ են: 

Բաժանմունքում երկու աթոռ կա սպասողների համար։ Աթոռներին հերթով նստում են տարեցները, կամ փոքր երեխաներով կանայք: Տղամարդիկ հիմնականում դրսում են սպասում,  ժամանակ առ ժամանակ ներս են մտնում՝ իմանալու, թե երբ է հասնելու իրենց հերթը։

«Մի անգամ գալիս ենք  հերթագրվելու, հետո հաջորդ անգամ՝ մի քանի օր, կամ շաբաթ անց, երբ հերթը հասնի, գալիս ենք փաստաթղթերը հանձնելու, եթե պակաս բաներ կան, ուզում են, բերում ենք։ Մոտ 20 օր հետո պատրաստ է լինում, այ օրինակ սկեսուրս դեկտեմբերին հերթագրվել է, հունվարին հանձնել, իսկ երկու օր առաջ (խմբ. փետրվարի 12-ին) եկել ու վերցրել է անձնագիրը, բայց սա ես ձեզ հեշտ ձևն եմ բացատրում, լինում է, որ մի քանի անգամ գալիս ենք, մինչև կարողանանք հերթագրվել, օր պահել»,- պատմեց հերթում սպասող Մարինե Հակոբյանը։

Աիդա Ասրյանին հանդիպել ենք Մասիսի անձնագրային եւ վիզաների բաժանմունքի ճանապարհին։ Նա գնում էր անձնագրի հետևից։ Աիդա Ասրյանը Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղից է։ 44-օրյա պատերազմից հետո, երբ Հադրութի շրջանը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Աիդան տեղափոխվեց Ստեփանակերտ։

2023 թվականի սեպտեմբերին Արցախից տեղահանվելուց հետո՝ արդեն 5 ամիս չի ստացել նաև մանկավարժական ստաժի թոշակը։

Նախորդ 8 տարվա աշխատանքին զուգահեռ Աիդան ստանում էր մանկավարժական ստաժի թոշակը (մանկավարժական ստաժի թոշակը ստանում են 55 տարին լրացած և 25 տարի աշխատանքային ստաժ ունեցող մանկավարժները)։ Դեկտեմբերի 2-ին լրացել է նրա 63-ամյակը, նա պետք է թոշակի անցնի։

Աիդան ապրում է Մասիսի իր ազգականի տանը, նույն հասցեում էլ հաշվառվելու է։ 15 օր առաջ Աիդան հանձնել էր անձնագիրը ժամանակավոր գրանցվելու համար:  

«Թոշակ ստանալու համար պետք է ինչ-որ հասցեում հաշվառված լինեմ։ Հիմա էլ անձնագիրս պետք է վերցնեմ, որ թոշակիս հարցերով զբաղվեմ։ Նախ չեմ ստացել մանկավարժական թոշակս, կենսաթոշակային տարիքս լրացել է, պետք է նաև դրա համար դիմեմ։ Եկա, հանձնեցի անձնագիրս, ասացին՝ գրանցումը պատրաստ կլինի մոտ 15 օրվա մեջ, իսկ փախստականի կարգավիճակի թուղթը՝ ավելի ուշ»,- ասում է Աիդա Ասրյանը։ Աիդա Ասրյանի ամուսինը՝ Ալիկ Ասրյանը,  44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորել է։ Ալիկը հոկտեմբերի 10-ին Մարիամաձորից դուրս է բերել ընտանիքին, ինքը վերադարձել գյուղ՝ ինքնապաշտպանությանը մասնակցելու: Հոկտեմբերի 20-ից մինչ օրս հարազատները Ալիկից ոչ մի լուր չունեն։ 

Աիդան մի կերպ ներս է մտնում, հարցնում է՝ ով է հերթում վերջինը ու լուռ սպասում է: Այդ ընթացքում Աիդայի հետևից նոր մարդիկ են ավելանում։ Մոտավորապես մեկ ժամ սպասելուց հետո Աիդայի հերթը հասնում է։ Նա պետի սենյակից վերցնում է անձնագիրը:  Նրան ասել են, որ փախստականի կարգավիճակը կստանա մի քանի օրից։ 

Անձնագրային և վիզաների վարչության Մասիսի բաժանմունքի պետ Հովհաննես Հակոբյանն ասաց, որ առավելագույնը անում են: Նրան ուղղված մեր հարցերի պատասխանը ստանալու համար առաջարկեց դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։ «Հետքը» գրավոր հարցում է ուղարկել, պատասխանը ստանալուց հետո կհրապարակենք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter