
Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 28,6 հազարը
Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է ավելի քան 28,6 հազար մարդ: Այդ մասին, TACC գործակալության փոխանցմամբ, հայտնել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։
«Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածի տարբեր շրջանների ռմբակոծությունների և գնդակոծությունների հետևանքով զոհերի թիվն այսօրվա դրությամբ կազմում է 28 663»,- ասված է պաղեստինյան այս գերատեսչության հայտարարության մեջ։ Նույն ժամանակահատվածում վիրավորվել է 68 395 պաղեստինցի:
Ինչպես նշել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը, միայն անցած մեկ օրվա ընթացքում Գազայում սպանվել է 87 մարդ, 104-ը վիրավորվել են։
Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Գազայի հատվածից Իսրայելի տարածք ներթափանցելուց հետո, որն ուղեկցվում էր սահմանային բնակավայրերի բնակիչների սպանություններով և ավելի քան 240 իսրայելցի պատանդների, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեցների գերեվարմամբ: Արմատականներն այդ հարձակումն անվանել էին պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողություններին:
Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և սկսեց պատասխան հարվածներ հասցնել, այդ թվում՝ Լիբանանի և Սիրիայի առանձին հատվածներին։ Ավելի ուշ Գազայի հատվածում Իսրայելը հայտարարեց ցամաքային գործողության մեկնարկի մասին: Բախումներ են տեղի ունենում նաև Հորդանան գետի արևմտյան ափին։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել