HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Եթե խնդիրներ լինեն «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ, երթուղին կանցնի Իրանի տարածքով». թուրք նախարար

Եթե Հայաստանի հետ խնդիր առաջանա «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված, հավանականություն կա, որ այդ երթուղին կանցնի Իրանի տարածքով։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն թուրքական Hurriyet պարբերականին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ այս հարցով Ադրբեջանը շփումներ ունի իրանական կողմի հետ։

Թուրք նախարարը նշել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ կա երկու այլընտրանք, որոնք ներկայում քննարկվում են։ Նրա փոխանցմամբ՝ ներկայում շարունակվում են շինարարական աշխատանքները։

«Այս պահին ադրբեջանական կողմը շարունակում է շինարարությունը։ Նախիջևանում և մեր տարածքում աշխատանքների մրցույթ է անցկացվել։ 106 կիլոմետր ճանապարհ կվերականգնվի կամ կվերակառուցվի։ Ինչպես նշեցի, երկու այլընտրանքներն էլ քննարկման փուլում են»,- ընդգծել է թուրք պաշտոնյան։

Արդեն շուրջ 3 տարի է՝ Ադրբեջանը փորձում է իրագործել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի ծրագիրը, որն, ըստ Բաքվի, պետք է անցնի Սյունիքի մարզի տարածքով ու այդ երկրի արևմտյան հատվածները միացնի Նախիջևանին։ Նախատեսվում է, որ կկառուցվեն ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներ։ Երևանը նշում է, որ դեմ չէ ճանապարհների բացմանը, բայց դա պետք է լինի հայկական իրավասության ներքո և չպետք է ունենա միջանցքի տրամաբանություն։

Դեռ նախորդ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցով խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ՝ Իրանի։ «Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա դա Հայաստանի հետ խնդիր չէ։ «Զանգեզուրի միջանցքը» Իրանի հետ խնդիր է։ Այլ կերպ ասած՝ երկու մուսուլմանական երկրների խնդիր։ Այն փաստը, որ Իրանը այդ հարցով այդպիսի դիրքորոշում ունի, վրդովեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ»,- ասել էր Էրդողանը։

Այդուհանդերձ, նախորդ տարվա հոկտեմբերից սկսած Բաքուն տարբեր մակարդակներով սկսեց հայտարարել այն մասին, որ այլևս հետաքրքրված չէ Հայաստանի տարածքով միջանցքի բացման նախագծով ու պլանավորում է այդ նախագիծն իրականացնել Իրանի տարածքով։ ««Այդ երթուղին մեզ համար կորցրել է իր գրավչությունը։ Նախագիծը մենք կարող ենք իրականացնել Իրանի հետ»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել էր, թե Բաքուն պլաններ չունի ռազմական ճանապարհով գրավելու Սյունիքի մարզը։ «Մեր օրակարգը միայն երկկողմ փոխգործակցության շրջանակներում տրանսպորտային կապերի կառուցումն է։ Այս հարցը դեռ քննարկման փուլում է, բայց հայկական կողմից պահանջվելու է ցույց տալ, որ իրենք իսկապես շահագրգռված են դրանում»,- հայտարարել էր Հաջիևը։

Լուսանկարը՝ Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter