HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ նվաճեց

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 87 կգ քաշային կանանց պայքարում Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ տարին անընդմեջ բրոնզե մեդալ նվաճեց և ակնարկեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։

Պոկում վարժությունը Խուրշուդյանը սկսեց 102 կգ-ից և հաջողությամբ բարձրացրեց։ Երկրորդ մոտեցմամբ 36-ամյա հայ ծանրորդը չկարողացավ 105 կգ պոկել, սակայն այս քաշը գլխավերևում պահեց երրորդ մոտեցման ժամանակ՝ պոկում վարժությունում նվաճելով փոքր բրոնզե մեդալ։

103 կգ-ով պայքարը հաջողությամբ սկսեց մեր մյուս ծանրորդը՝ Տաթև Հակոբյանը։ 106 կգ, սակայն, հայ մարզուհին երկու անգամ չկարողացավ բարձրացնել։

Հրում վարժությունում մեր ծանրորդները մեկական հաջող մոտեցում կատարեցին։ Հռիփսիմե Խուրշուդյանը 122 կգ երկրորդ փորձից կարողացավ ֆիքսել, իսկ երրորդ մոտեցմամբ 125 կգ չկարողացավ գլխավերևում պահել։

Տաթև Հակոբյանն էլ հաջողեց միայն առաջին մոտեցումը՝ հրելով 124 կգ։ 126 և 127 կիլոգրամանոց ծանրաձողը մեր մարզուհին չկարողացավ բարձրացնել։

Երկամարտի 227 կգ արդյունքով Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեց բրոնզե մեդալ։ 227 կգ արդյունք էին գրանցել նաև Տաթև Հակոբյանը և Թուրքիան ներկայացնող Բուշրա Ջանը, սակայն Խուրշուդյանը այս արդյունքը առաջինն էր գրանցել, դրա համար բրոնզե մեդալը նրան բաժին հասավ։ 270 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց նորվեգացի Սոլֆրիդ Կոանդան՝ երկրորդ տեղը զբաղեցրած ուկրաինացի Անաստասիա Մանիևսկային երկամարտում հաղթելով 50 կգ։ Ուկրաինուհին 230 կգ արդյունքով դարձավ փոխչեմպիոն։ 

Խուրշուդյանը նախորդ տարի Երևանում երկամարտի նույն արդյունքն էր գրանցել ու նվաճել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։ Նա 2007 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է, 2006 թվականին էլ փոխչեմպիոն է հռչակվել։

Կանանց պայքարում սա մեր երկրորդ մեդալն էր։ Ավելի վաղ 55 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն էր դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը։ 

Այսօր 102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր։

109 կգ քաշային կարգում հանդես եկող Պետրոս Պետրոսյանն էլ պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ ձախ արմունկի վնասվածք էր ստացել և լքել պայքարը։

Վաղը մրցումային վերջին օրն է։ Պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային տղամարդիկ։ Այս քաշային կարգում Հայաստանը երկու ներկայացուցիչ ունի՝ Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը։

Գլխավոր լուսանկարում՝ Հռիփսիմե Խուրշուդյանը
Լուսանկարը՝ PHOTOLURE-ի (արխիվային)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter