HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս եկան 102 կգ քաշային ծանրորդները։ Այստեղ Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Եվրոպայի 2023թ․ չեմպիոն Գարիկ Կարապետյանն ու 109 կգ քաշային կարգում Եվրոպայի 2023թ․ չեմպիոն Սամվել Գասպարյանը, որն արդեն հանդես է գալիս 102 կգ քաշում։ Այս առաջնությունում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանն էլ՝ բրոնզե մեդալակիր։

Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում անթերի կատարեց բոլոր երեք մոտեցումները։ Նա մեկը մյուսի հետևից հաջողությամբ բարձրացրեց 173, 177 և 180 կիլոգրամանոց ծանրաձողերը՝ նվաճելով պոկում վարժության բրոնզե մեդալը։

Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ հաջողությամբ բարձրացրեց 177 կգ։ Այնուհետև երբ բոլոր ծանրորդներն արդեն ավարտել էին իրենց ելույթները, Գարիկ Կարապետյանը եկավ ու ֆիքսեց նաև 182 կիլոգրամը՝ դառնալով վարժության ոսկե մեդալակիրը։ Երրորդ մոտեցման համար Կարապետյանը պատվիրեց 187 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել։ 

Պոկում վարժությունում 2-րդ տեղը զբաղեցրեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող բելառուսցի Եվգենի Ցիխանցովը։

Հրում վարժությունը Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը սկսեցին 211 կգ-ով, սակայն միայն Գասպարյանը կարողացավ բարձրանցել այդ քաշը, իսկ Կարապետյանի մոտեցումը մրցավարները չհաշվեցին։ Երկրորդ մոտեցման համար Կարապետյանը պատվիրեց 212 կգ և արդեն հաջողությամբ ֆիքսեց։ Սամվել Գասպարյանն էլ երկրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 216 կիլոգրամանոց ծանրաձողը, սակայն երրորդ մոտեցմամբ պահեց այդ քաշը։ Գարիկ Կարապետյանը երրորդ մոտեցման համար պատվիրել էր 217 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել։ 

Հրում վարժությունում ոսկե մեդալ նվաճեց բելառուսցի Եվգենի Ցիխանցովը՝ 217 կգ արդյունքով։

Ի վերջո, երկամարտի 396 կգ արդյունքով Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Գարիկ Կարապետյանը 394 կգ-ով՝ բրոնզե մեդալակիր։ Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Եվգենի Ցիխանցովը՝ երկամարտի 398 կգ արդյունքով։

Հիշեցնենք՝ Եվրոպայի ընթացիկ առաջնությունում ավելի վաղ Գոռ Սահակյանը 67 կգ քաշում, Հակոբ Մկրտչյանը՝ 96 կգ քաշում հռչակվել էին չեմպիոններ, Դավիթ Հովհաննիսյանը 96 կգ քաշում դարձել էր փոխչեմպիոն, իսկ Ռաֆիկ Հարությունյանը՝ 81 կգ քաշային կարգում՝ բրոնզե մեդալակիր։

Կանանց պայքարում էլ Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել 55 կգ քաշային կարգում։ 

Գլխավոր լուսանկարում՝ Սամվել Գասպարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter