HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հակոբ Մկրտչյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն

Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ դուրս եկան 96 կգ քաշային տղամարդիկ, որտեղ չեմպիոնի կոչման պայքարն ընթացավ Հայաստանի երկու ներկայացուցիչների միջև՝ Հակոբ Մկրտչյանի և Դավիթ Հովհաննիսյանի։ Ի վերջո չեմպիոնի կոչմանն արժանացավ Հակոբ Մկրտչյանը՝ երկամարտի 375 կգ արդյունքով։ Եվրոպայի 2022 և 2023 թվականների չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանն էլ երկամարտի 374 կգ արդյունքով այս տարի արծաթե մեդալի արժանացավ։

Պոկում վարժությունում Հակոբ Մկրտչյանը մեկնարկեց 161 կգ-ով և հաջողությամբ բարձրացրեց։ Երկրորդ մոտեցմամբ Մկրտչյանը պոկեց 166 կգ, իսկ երրորդ մոտեցման համար պատվիրած 168 կիլոգրամը չկարողացավ ֆիքսել։ 166 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունում 2-րդն էր։ 

Դավիթ Հովհաննիսյանը առաջին փորձից չկարողացավ պոկել 166 կիլոգրամը, սակայն երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ բարձրացրեց այդ քաշը։ Երրորդ մոտեցման համար էլ Դավիթ Հովհաննիսյանը պատվիրեց 169 կգ և հաջողությամբ ֆիքսելով ծանրաձողը՝ նվաճեց պոկում վարժության ոսկին։

Հրում վարժությունում թե՛ Դավիթ Հովհաննիսյանը, թե՛ Հակոբ Մկրտչյանը առաջին մոտեցմամբ վստահությամբ բարձրացրին 200 կգ։ Երկրորդ մոտեցմամբ Հովհաննիսյանը հաջողությամբ հրեց նաև 205 կիլոգրամանոց ծանրաձողը։ Այնուհետև նույն քաշին մոտեցավ Հակոբ Մկրտչյանը և կրկին հրեց։ Երրորդ մոտեցման համար Հակոբ Մկրտչյանը պատվիրեց 209 կգ և հաջողությամբ բարձրացնելով՝ դարձավ երկամարտի առաջատար։ Դավիթ Հովհաննիսյանն էլ վերջին մոտեցման համար պատվիրեց 210 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել։ Հրում վարժությունում փոքր ոսկին Հակոբ Մկրտչյանինն էր, արծաթը՝ Դավիթ Հովհաննիսյանինը։

Այսպիսով, երկամարտի 375 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը 374 կգ արդյունքով՝ փոխչեմպիոն։

Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր նաև 2019 թվականին, սակայն այդ ժամանակ նա հանդես էր գալիս 89 կգ քաշային կարգում։

Եվրոպայի ընթացիկ առաջնությունում ավելի վաղ Գոռ Սահակյանը 67 կգ քաշում դարձել էր չեմպիոն, իսկ Ռաֆիկ Հարությունյանը՝ 81 կգ քաշային կարգում՝ բրոնզե մեդալակիր։

Կանանց պայքարում էլ Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել 55 կգ քաշային կարգում։ 

Գլխավոր լուսանկարում՝ Հակոբ Մկրտչյանը / © iwf.net

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter