HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Անձնագրային ծառայություններին ցուցում է տրվել Արցախից բռնի տեղահանված անձանց արտահերթ սպասարկել

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտնում է, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին փախստականի կարգավիճակ տրամադրելու հետ կապված մայրաքաղաքի և մարզերի անձնագրային ծառայություններում հերթեր են, բայց բոլոր անձնագրային ծառայություններին ցուցում է տրվել Արցախից բռնի տեղահանված անձանց արտահերթ սպասարկել՝ կենդանի հերթով, ինչն էլ հանգեցնում է մարդկային մեծածավալ կուտակումների։ 

Փետրվարի 15-ին «Հետքը» գրել էր անձնագրային բաժանմունքների հերթերի մասին։ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները շաբաթներ շարունակ սպասում էին անձնագրային բաժանմունքների հերթերում գրանցվելու, փախստականի կարգավիճակ ստանալու համար։

Գրավոր հարցմամբ դիմել էինք ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ տեղեկանալու արդյո՞ք միջոցառումներ նախաձեռնվում են հերթերը կարգավորելու ուղղությամբ։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պատասխանել է մեր հարցմանը՝ նշելով, որ բարձրացված խնդիրների վերաբերյալ միջոցներ են ձեռնարկվել։

«Նշենք, որ կենդանի հերթի ձևաչափով հնարավոր է լինում բռնի տեղահանված քաղաքացիներին սպասարկել ավելի արագ՝ մինչև 10 օրվա ընթացքում, ինչը հնարավոր չէ էլեկտրոնային հերթագրման ժամանակ, քանի որ, որպես կանոն, էլեկտրոնային ամրագրմամբ ձևավորված հերթը հասնում է 2-ից 3 շաբաթի»,- նշված է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պատասխանում։

Չնայած Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտնում է, թե կենդանի հերթերը սահմանվել են, որպեսզի Արցախից բռնի տեղահանվածները կարողանան ավելի արագ և արտահերթ սպասարկվել, բայց անձնագրային բաժանմունք մեր այցի ժամանակ քաղաքացիները բողոքում էին, որ օրեր շարունակ գնում են բաժանմունքներ, բայց չեն կարողանում գրանցվել, քանի որ դիմողները շատ են, և հաճախ շաբաթներ են պահանջվում, մինչև կարողանում են գրանցվել փախստականի կարգավիճակի ձևակերպման համար։

«ՀՀ կառավարությունը 26.10.2023թ․ ընդունել է 1864-Ն որոշումը, որով ժամանակավոր պաշտպանություն է տրամադրվել և փախստականի կարգավիճակ է տրվել Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձանց, Հայաստանի տարածքում կամ Հայաստանից դուրս գտնվող այն անձանց, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ-Ն, ինչպես նաև այն անձանց, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ-ի ռեգիստրում, սակայն բնակվել են այնտեղ և բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։ Որոշումը չի տարածվում այլ պետության քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ: Այս որոշումով՝ նշված խմբերի անձինք արդեն իսկ վերցվել են ժամանակավոր պաշտպանության ներքո, և Ծառայության տարածքային ստորաբաժանումներում կազմակերպվում  եննրանց փաստաթղթավորման և հաշվառման գործընթացները»,- հայտնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter