
Համայնքապետն ու Կադաստրի ստորաբաժանման ղեկավարը կեղծ փաստաթղթերի հիման վրա հողը սեփականաշնորհել են
Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Բաղրամյանի տարածքային ստորաբաժանման ղեկավարը և Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի համայնքապետը կեղծ փաստաթղթերի հիման վրա համայնքապատկան և մինչև 2031թ. վարձակալության հանձնված մոտ 1 հա հողատարածքը սեփականաշնորհել են համայնքի հետ որևէ կապ չունեցող անձի՝ Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, և Մկրտչյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ կեղծ գործարքն իր անունով կատարվել է Ռադիկ Վանունցի ցուցումով: Վանունցը Ռուսաստանի Դաշնությունում է ապրում, գործարար է, Հայաստանում ունի մի քանի ընկերություններ: Նա եղել է նաև «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով ՌԴ պետական սեփականությունը դարձած «Մարս» ձեռնարկության տնօրենը:
Արևադաշտ գյուղի բնակիչ Գեղեցիկ Բարսեղյանը պատմեց, որ 1996թ․-ից սկսել են մշակել համայնքին պատկանող 0.5 հա անմշակ հողատարածքը: Այն մաքրել են քարերից և ընդլայնել՝ հասցնելով 1.5 հա-ի: Համայնքի այդ ժամանակվա ղեկավար Վաչիկ Ասատրյանը տարածքի մի մասը վարձակալության է հանձնել համագյուղացի Արտաշես Վարդանյանին, ինչին իրենք դեմ չեն եղել: Դրանից հետո իրենց մնացել է 0.8 հա տարածք: Արևադաշտ համայնքի ավագանու որոշումով 2005թ. Գեղեցիկի ամուսնու՝ Գառնիկ Թադևոսյանի և համայնքի միջև կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր:
0,8 հա հողատարածքի 0.4 հա-ի վրա հիմնել են խաղողի այգի, իսկ մնացած մասում՝ դեղձի և ծիրանի այգիներ:
Մինչև 2006թ. այդ տարածքի համար վարձակալության պայմանագիր են կնքել մեկ տարի ժամկետով, իսկ 2006-ից՝ 25 տարի ժամկետով: Տարեկան վճարել են 9000 դրամ՝ որպես վարձավճարի գումար:
Գեղեցիկ Բարսեղյանի խոսքով՝ 2023թ․ գարնանն իրենց հողատարածք է այցելել Սերգեյ անունով մի տղամարդ՝ որպես հողի սեփականատիրոջ ներկայացուցիչ: Նա պահանջել է ազատել հողատարածքի մեծ մասը, քանի որ սեփականատերն այդ հողատարածքի հետ կապված ծրագրեր ունի:
Անծանոթ մարդու այցն ընտանիքին անակնկալի է բերել, քանի որ մինչև 2031թ. համայնքապետարանի հետ ունեցել են հողատարածքի վարձակալության պայմանագիր, և այն չի լուծվել կողմերի նախաձեռնությամբ: Հետևաբար չէր կարող հայտնվել հողի նոր սեփականատեր և պահանջել ազատել տարածքը:
Տրակտորով քանդված խաղողի այգին
Նոր սեփականատերն իր ներկայացուցչի միջոցով տարածքն ազատելու պահանջից հետո որոշել է քանդել Գառնիկ Թադևոսյանի խաղողի այգին:
Գ. Թադևոսյանը պատմեց, որ 2023թ. հոկտեմբերին տրակտորով քանդել են իր այգու մի քանի շարք խաղողի վազերը՝ իրեն պատճառելով զգալի վնաս: Նա հոկտեմբերի 19-ին դիմել է Գլխավոր դատախազին: Առերևույթ հանցանքի մասին հաղորդումը և կից փաստաթղթերը Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Արմավիրի մարզի դատախազին: Գառնիկ Թադեւոսյանը դեռ պատասախան չի ստացել:
Անմիջապես դիմել են գյուղի վարչական ղեկավար Հովսեփ Օհանյանին: Վերջինս մինչև համայնքների խոշորացումը՝ 2021թ. դեկտեմբերի 5-ը, զբաղեցրել է Արևադաշտ համայնքի ղեկավարի պաշտոնը՝ փոխարինելով նախկին համայնքապետ Վաչիկ Ասատրյանին: Հ. Օհանյանն ասել է, թե տեղյակ չէ օտարման մասին, առաջին անգամ է նման բան լսում:
Գեղեցիկ Բարսեղյանի ամուսինը՝ Գառնիկ Թադևոսյանը, դիմել է Կադաստրի կոմիտե՝ պարզելու, թե իրականում ով է իրենց վարձակալած հողի սեփականատերը: Պարզվել է՝ Արևադաշտ համայնքի ղեկավար Հովսեփ Օհանյանը 2021թ. մայիսի 19-ին քաղվածք է տրամադրել, ըստ որի՝ իբր Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանը 1991թ. ապրիլի 1-ին մասնակցել է գյուղի հողատարածքների սեփականաշնորհման գործընթացին և որոշմամբ նրան հատկացվել է 1 հա հողատարածք: Այդ հողատարածքից 0.8 հա-ն խաղողի այգի է, իսկ 0.2 հա-ն՝ վարելահող: Հենց Հովսեփ Օհանյանի քաղվածքի հիման վրա էլ իրականացվել է գույքի պետական գրանցումը, և Գ. Մկրտչյանին տրվել է անշարժ գույքի սեփականության վկայական: Մեկ տարի անց նա այդ հողատարածքն օտարել է Ռադիկ Վանունցին:
Գ. Թադևոսյանի պտղատու այգին
Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանի անվամբ տրված քաղվածքի բացահայտումից հետո Գ. Բարսեղյանը վստահ է եղել, որ այն կեղծ է: Գևորգ Մկրտչյանը, ամուսինների ասելով, երբեք գյուղում չի ապրել, նա երևանցի է, հետևաբար չէր կարող մասնակցել Արեւադաշտում հողի սեփականաշնորհմանը և սեփականատեր դառնալ:
2023թ. ապրիլի 10-ին Գառնիկ Թադևոսյանն ու կինը՝ Գեղեցիկ Բարսեղյանը, հաղորդում են ներկայացրել ոստիկանություն: Նրանց է միացել նաև հարևան հողատարածքի վարձակալ Արտաշես Վարդանյանը, քանի որ նրա օգտագործած հողատարածքը նույնպես նույն եղանակով սեփականաշնորհվել ու օտարվել է:
Հաղորդմամբ հայտնած փաստի առթիվ 2023թ. ապրիլին նախաձեռնվել է քրեական վարույթ: Իսկ մայիսին նյութերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:
Նախաքննության ընթացքում Ազգային արխիվի Արմավիրի տարածքային ներկայացուցչությունից ստացվել են Արևադաշտ համայնքի արխիվացված փաստաթղթերը: Պարզվել է, որ Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանին հողերի բարեփոխման և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կողմից սեփականության իրավունքով հողատարածք չի հանձնվել:
Արևադաշտի համայնքապետ Հովսեփ Օհանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակում: Հայտնել է, որ իր տրամադրած և կադաստրային գործում առկա քաղվածքը, հավանաբար, հատկացվել է իր համագյուղացի Գևորգ Սամվելի Մկրտչյանին։ Ըստ Հովսեփյանի՝ Կադաստրի կոմիտեի աշխատակիցների կամ այլ անձանց կողմից համագյուղացուն տրված քաղվածքն օգտագործվել է երևանաբնակ Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանի անվամբ անշարժ գույքը գրանցելու համար:
Նշենք, որ արևադաշտցի Գևորգ Սամվելի Մկրտչյանի և վարձակալած հողերի սեփականատեր դարձած երևանաբնակ Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանի հայրանունները տարբեր են, հետևաբար հնարավոր չէր շփոթել:
Հովսեփ Օհանյանը մինչև համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելը զբաղեցրել է համայնքի ղեկավար Վաչիկ Ասատրյանի տեղակալի պաշտոնը: Օհանյանը նախաքննական մարմնին հայտնել է, որ համայնքի նախկին ղեկավար Վաչիկ Ասատրյանը տառերը չի ճանաչել, փաստաթղթերը կազմել է ինքը, բայց դրանց վրա դրվել են համայնքապետի ստորագրությունն ու կնիքը:
Հովսեփ Օհանյանը չի բացառել, որ այդ ժամանակ համայնքի ղեկավար Վաչիկ Ասատրյանի պահանջով կազմած լինի տեղեկանք, թե իբր Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանը հողերի սեփականաշնորհման ժամանակ ստացել է մեկ բաժին հողատարածք: Սակայն, այդ տարածքը չեն կարողացել գրանցել նրա անվամբ և հետագայում, երբ արդեն ինքն է եղել համայնքի ղեկավարը, իրեն են դիմել Կադաստրի աշխատակիցները, այդ թվում՝ գրասենյակի ղեկավարը և խնդրել են թարմացնել Վաչիկ Ասատրյանի տված քաղվածքը: Ինքն էլ, չկասկածելով, որ քաղվածում նշված տեղեկությունները կեղծ են, թարմացրել է: Իսկ հողատարածքի՝ սահմանափակումների գոտում չգտնվելու տեղեկանքը տրամադրել է Կադաստրի աշխատակիցների պահանջով:
Նշենք, որ Հովսեփ Օհանյանը Արևադաշտ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է 2011թ. հունվարի 9-ին: ամայնքի ղեկավար Վաչիկ Ասատրյանը մահացել է, ու Օհանյանն արտահերթ ընտրությունների արդյունքով զբաղեցրել է նրա տեղը:
Նախաքննության ընթացքում Կադաստրի կոմիտեից առգրավվել են վիճարկվող հողատարածքի և Հովսեփ Օհանյանի մատնանշած համագյուղացի Գևորգ Սամվելի Մկրտչյանի անվամբ առկա անշարժ գույքի վերաբերյալ կազմված կադաստրային գործերը: Պարզվել է, որ համայնքի ղեկավար Հովսեփ Օհանյանի հայտնած տեղեկություններն արժանահավատ չեն:
Արձանագրվել է, որ երևանաբնակ Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանը 2011թ. դիմել է անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Բաղրամյանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վարդգես Մելքոնյանին և խնդրել է իրականացնել 1.2215 հա խաղողի այգու նկատմամբ իրավունքների պետական գրանցում: Դիմումին կից ներկայացրել է անձնագրի պատճենը և Արևադաշտի գյուղապետարանի 1991թ. ապրիլի 1-ի որոշումից քաղվածք, ըստ որի՝ 1991թ.-ին իր անունով, սեփականության իրավունքով, հատկացվել է 1 հա հողատարածք:
Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանը նախաքննական մարմնում ցուցմունք է տվել, որ աշխատել է «Լաթար» ԲԲԸ-ում որպես ֆինանսիստ: Ընկերության սեփականատերը եղել է Ռադիկ Վանունցը: Գևորգ Մկրտչյանի ցուցմունքով՝ Վանունցի հորդորով է գնացել Կադաստրի Բաղրամյանի գրասենյակ, որպեսզի իր անունով գրանցվի վիճարկվող հողատարածքը, մինչև Վանունցը ժամանի Հայաստան ու հողատարածքն անվանափոխի իր անունով:
Գ. Մկրտչյանը երկրորդ հարկում հանդիպել է գրասենյակի ղեկավար Վ. Մելքոնյանին: Վերջինիս է հանձնել իր անձնագիրը, իսկ որոշ ժամանակ անց իջել է առաջին հարկ, փաստաթուղթ է ստորագրել ու գնացել է: Օրեր անց ստացել է մոտ 1 հա հողատարածքի վերաբերյալ սեփականության իրավունքի վկայական: Դրանից մեկ տարի անց, ըստ Գևորգ Մկրտչյանի, իր և Վանունցի լիազորված անձի միջև կնքվել է առքուվաճառքի պայմանագիր, որով իբր ինքն այդ հողատարածքը վաճառել է Ռադիկ Վանունցին: Վանունցն էլ իր հերթին այդ և այլ հողատարածքներ վաճառել է այլ անձի:
Գևորգ Մկրտչյանը նախաքննական մարմնին հայտնել է նաև, որ ինքն Արևադաշտ համայնքի ղեկավարից որևէ տեղեկանք կամ քաղվածք չի ստացել, հետևաբար չի ներկայացրել Կադաստր: Չի ճանաչել Արևադաշտ համայնքի ղեկավար Հովսեփ Օհանյանին: Բացի այդ, չի բնակվել Արևադաշտ համայնքում, այդ համայնքի հետ որևէ առնչություն չի ունեցել և հողատարածք չի ստացել: Սրանով ևս հիմնավորվել է, որ Կադաստր ներկայացված քաղվածքն ու տեղեկանքը կեղծ են եղել:
Կադաստրի գրասենյակի պետ Վարդգես Մելքոնյանը չի հիշել, թե ինչ հանգամանքներում է կատարվել Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանի սեփականության իրավունքի գրանցումը:
Վարույթի քննության ընթացքում Հովսեփ Օհանյանը նախաքննական մարմնին դիմում է ներկայացրել, որ չի վիճարկում իրեն առերևույթ մեղսագրված արարքները կատարած չլինելու հանգամանքը: Այսինքն՝ ընդունում է, որ փաստաթուղթ է կեղծել: Սակայն, հաշվի առնելով, որ արարքի կատարման պահից անցել են վաղեմության ժամկետները, խնդրել է իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
Նույնաբովանդակ դիմում գրել է նաև Վարդգես Մելքոնյանը: Նա հայտնել է, թե ինքն է խնդրել Հովսեփ Օհանյանին իրեն տրամադրել համապատասխան քաղվածքն ու տեղեկանքը, ինչի հիման վրա էլ Գևորգ Մկրտչյանի անվամբ գրանցվել է իրականում համայնքին պատկանող 1 հա հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հովսեփ Օհանյանի արարքի հետևանքով համայնքին պատճառվել է մոտ 4 մլն 570 հազ․ դրամի գույքային վնաս, որը 2011թ. մայիս ամսվա դրությամբ հողի կադաստրային արժեքն է:
Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ս. Մարգարյանը 2023թ. նոյեմբերի 27-ին որոշել է բավարարել Արևադաշտի նախկին համայնքապետ Հովսեփ Օհանյանի և անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Բաղրամյանի ստորաբաժանման նախկին ղեկավար Վարդգես Մելքոնյանի միջնորդությունները և նրանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
Համայնքին պատճառվել է 4 մլն 570 հազ. դրամի վնաս: Մեծ վնասներ են կրել նաև այդ հողատարածքի վրա խաղողի ու պտղատու այգիներ հիմնած վարձակալ Գառնիկ Թադևոսյանը և նրա համագյուղացի Արտաշես Վարդանյանը:
Թեև փաստերով պարզվել է, որ պաշտոնատար անձինք կեղծիք են թույլ տվել, սակայն ո՛չ համայնքին պատճառված վնասն է վերականգնվում, ո՛չ էլ հողատարածքն օրինական վարձակալությամբ օգտագործող և այդ տարածքի վրա ներդրումներ կատարած անձանց վնասները:
Վանունցին հարցաքննել չի հաջողվել: Նա 2020թ. փետրվարին հատել է Հայաստանի սահմանը և չի վերադարձել:
Հողատարածքի ձեռքբերման հետագիծը
Կադաստրի կոմիտեից «Հետք»-ին հայտնեցին, որ Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանի սեփականության իրավունքը գրանցվել է 2011թ. մայիսի 24-ին՝ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշման քաղվածքի հիման վրա:
Դրանից մոտ մեկ տարի անց՝ 2012թ. հունիսի 11-ին, ըստ Կադաստրի կոմիտեի՝ «գրանցվել է Ռադիկ Վանունց Վանիկովիչի սեփականության իրավունքը», որի համար հիմք է հանդիսացել նույն տարվա հունիսի 5-ի առքուվաճառքի պայմանագիրը:
Պարզվում է, Վանունցն իր հերթին հողատարածքն օտարել է մեկ այլ մարդու՝ Դավիթ Լավրենտի Թովմասյանին: Տարաժամկետ վճարմամբ առքուվաճառքի պայմանագիրը կնքվել է 2022թ. օգոստոսի 1-ին:
Դավիթ Թովմասյանը 2019թ. հունվարի 30-ից մինչև 2023թ. հոկտեմբերի 4-ը եղել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրենը:
Ո՞վ է Ռադիկ Վանունցը
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից պարզեցինք, որ 2005թ. ստեղծված «Լաթար» ԲԲԸ–ի իրական շահառուները Ռադիկ Վանունցն ու որդին են՝ Վանիկ Վանունցը: Նրանցից յուրաքանչյուրն ունի 50% մասնակցություն:
Ռադիկ Վանունցն ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, բիզնեսով է զբաղվում:
2002թ. մոտ 100 մլն դոլար պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց 5 խոշոր ընկերություն՝ «Մարս» գործարանը, «Հրազդանի» ջէկը և նախկին խորհրդային ռազմաարդյունաբերական համալիրի մեջ մտած 3 գիտահետազոտական ինստիտուտները: Ռադիկ Վանունցը 2004թ. մայիսից մինչև 2005թ. հոկտեմբեր ամիսը եղել է «Մարս» գործարանի տնօրենը:
Նա Հայաստանում ևս ընկերություններ ունի:
Անօրինական կարգով հողի սեփականատեր դարձած Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանը 2018թ․-ից «Ռադվան Տեխնոլոգիա» ՍՊԸ-ի տնօրենն է: Ընկերությունը, ըստ հարկային մարմնում առկա տեղեկատվության, զբաղվում է «էլեկտրական սարքավորանքի արտադրությամբ»:
2017-2022թթ. «Ռադվան Տեխնոլոգիա» ՍՊԸ-ն Պաշտպանության նախարարության հետ 2 մլրդ դրամից ավել պետական գնումների պայմանագրեր է կնքել: Նախարարությունը ձեռք է բերել վարժասարքեր, ընկերությանը պատվիրել է դրանց վերանորոգումը:
«Լաթար» ԲԲԸ-ն, որտեղ Ռադիկ Վանունցն ու որդին՝ Վանիկ Վանունցը, նշված են որպես ընկերության իրական շահառուներ, ևս մասնակցել է պետական գնումներին: «Լաթար» ԲԲԸ-ն 2016-2021թթ. Ազգային ժողովին, Արտաքին գործերի նախարարությանը, Քննչական կոմիտեին մատուցել է հանրային սննդի, պաշտոնական պատվիրակությունների ընդունելության ծառայություններ: Այս ընկերության հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը, ըստ «armeps» տեղեկատվական համակարգում հրապարակված տվյալների, համեմատաբար ավելի փոքր է՝ մոտ 5 մլն դրամ:
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ Ռադիկ Վանունցին պատկանում է 1998թ. հիմնված «Սևաբերդ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է գույք վարձակալության հանձնելով: 2005թ․-ի հոկտեմբերից Ռադիկ Վանունցն ու որդին՝ Վանիկ Վանունցը, հավասար բաժիններով ընկերության սեփականատերերն են:
Ռ. Վանունցին են պատկանում 2003թ. ստեղծված «Դեպի էրգիր» եւ 2008-ին հիմնված «Ռադֆին» ՍՊԸ-ները: Այս ընկերությունների գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:
Ռադիկ Վանունցի հետ կապ հաստատել չհաջողվեց: Զանգահարեցինք քրեական վարույթի նյութերում առկա միակ հեռախոսահամարին, որը քննիչին փոխանցել է Գևորգ Հոկտեմբերի Մկրտչյանը, որպես Ռ. Վանունցի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի հեռախոսահամար: Սակայն հեռախոսազանգին պատասխանողն ասաց, որ ինքն Արթուր Գրիգորյանը չէ, և որևէ կապ չունի այս հարցի հետ: Պատրաստ ենք հրապարակել նաև Ռ. Վանունցի դիրքորոշումը:
Հեռախոսային խոսակցություն ունեցանք նաև Ռադիկ Վանունցի հողերի մշակության հարցով զբաղվող մարդու հետ՝ Ռուբիկ անունով: Վերջինս ասաց, որ, իր իմանալով, Ռադիկ Վանունցը Հայաստանում չէ, իսկ ինքը նրանց հետ որևէ կապ չի ունեցել: Հողերի մշակությամբ զբաղվել է «Լաթար» ընկերության տնօրենի ցուցումներով, որն էլ աշխատանքից ազատվել է:
Մեկնաբանել