
Շվեդիան մարտի 11-ին կդառնա ՆԱՏՕ-ի անդամ
Շվեդիան մարտի 11-ին պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը։ Այդ մասին հայտնում է TV4 հեռուստաընկերությունը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ հենց այդ օրը Շվեդիայի դրոշը կբարձրացվի Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մոտ: Նշվում է, որ Բելգիայում արարողությանը կմասնակցեն Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, Շվեդիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միկայել Բյուդենը և մի շարք այլ քաղաքական գործիչներ:
Շվեդիան Ֆինլանդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ էր ներկայացրել 2022 թվականի ամռանը։ Այդ երկրները նման որոշում էին կայացրել Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման ֆոնին։ ՆԱՏՕ-ին անդամակցության համար անհրաժեշտ է, որ թեկնածու երկրի հայտը հաստատեն Դաշինքի բոլոր անդամները։
Արդյունքում 2023 թվականի ապրիլին ՆԱՏՕ-ին միացավ միայն Ֆինլանդիան։ Դաշինքին Շվեդիայի անդամակցությանը հակազդում էին Թուրքիան և Հունգարիան։ Մասնավորապես, Անկարան Ստոկհոլմից պահանջում էր արտահանձնել մարդկանց, որոնց թուրքական իշխանությունները մեղադրում են ահաբեկչության մեջ։ 2023 թվականի հուլիսին Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ բանակցություններից հետո համաձայնել էր աջակցել Շվեդիայի հայտին։
Վերջապես թուրքական կողմը Շվեդիայի հայտը վավերացրեց միայն 2024 թվականի հունվարի 24-ին, իսկ Էրդողանն այդ փաստաթուղթն ստորագրեց հաջորդ օրը՝ հունվարի 25-ին։ Հունգարիան էլ դա արեց միայն չորս օր առաջ՝ մարտի 2-ին։
Կոլաժը՝ The Wall Street Journal-ից
Մեկնաբանել