HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շվեդիան դարձավ ՆԱՏՕ-ի 32-րդ անդամ

Շվեդիան պաշտոնապես դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցության մասին արձանագրությունն ուժի մեջ է մտել։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

Մարտի 7-ին Շվեդիայի կառավարությունն արտահերթ նիստում հավանություն էր տվել ՆԱՏՕ-ին անդամակցության հրավերին: Դրանից հետո այդ երկրի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, որը գտնվում էր Վաշինգտոնում, ստորագրել է Դաշինքին Շվեդիայի անդամակցության մասին փաստաթղթերը և դրանք փոխանցել ԱՄՆ Պետքարտուղարությանը: Նա նաև հատուկ ուղերձ է հղել շվեդ ժողովրդին։

Շվեդիան դարձել է ՆԱՏՕ-ին միացած 32-րդ երկիրը։ Politico-ի տվյալներով՝ մարտի 11-ին Բրյուսելում Դաշինքի կենտրոնակայանի դիմաց կբարձրացվի Շվեդիայի դրոշը:

Financial Times-ն էլ նշում է, որ Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Բալթիկ ծովը, որով անցնում են Ռուսաստանի համար նավթի առևտրի կարևոր երթուղիները և որտեղ տեղակայված է ՌԴ Բալթյան նավատորմը, գործնականում դարձել է ՆԱՏՕ-ի ներքին ծով։

Շվեդիան Ֆինլանդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ էր ներկայացրել 2022 թվականի ամռանը։ Այդ երկրները նման որոշում էին կայացրել Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման ֆոնին։ ՆԱՏՕ-ին անդամակցության համար անհրաժեշտ է, որ թեկնածու երկրի հայտը հաստատեն Դաշինքի բոլոր անդամները։

Արդյունքում 2023 թվականի ապրիլին ՆԱՏՕ-ին միացավ միայն Ֆինլանդիան։ Դաշինքին Շվեդիայի անդամակցությանը հակազդում էին Թուրքիան և Հունգարիան։ Մասնավորապես, Անկարան Ստոկհոլմից պահանջում էր արտահանձնել մարդկանց, որոնց թուրքական իշխանությունները մեղադրում են ահաբեկչության մեջ։ 2023 թվականի հուլիսին Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ բանակցություններից հետո համաձայնել էր աջակցել Շվեդիայի հայտին։

Վերջապես թուրքական կողմը Շվեդիայի հայտը վավերացրեց միայն 2024 թվականի հունվարի 24-ին, իսկ Էրդողանն այդ փաստաթուղթն ստորագրեց հաջորդ օրը՝ հունվարի 25-ին։ Հունգարիան էլ դա արեց միայն մի քանի օր առաջ՝ մարտի 2-ին։

Լուսանկարը՝ Jonathon Nackstrand/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter