
Զախարովան կարծում է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը լրտեսում է ՌԴ-ին, Ադրբեջանին և Իրանին
Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանի տարածքում «լրտեսում է Ռուսաստանին, Իրանին և Ադրբեջանին, ինչը մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում»: Նման պնդմամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ԵՄ առաքելությունը Հայաստանի տարածքից լրտեսում է մեր երկրին, Իրանին, Ադրբեջանին։ Սա նույնպես փաստական հաստատումներ ունի։ Նման ապակառուցողական ակտիվությունը հանգեցնում է տարածաշրջանում աճող լարվածության, իսկ ընդհանրապես կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։
Զախարովան հավելել է, որ Բաքվի և Երևանի միջև «հարաբերությունների կարգավորման բաղադրատոմսը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ստորագրված պայմանավորվածություններին հետևելն է»: «Այս եռակողմ պայմանավորվածությունների յուրահատկությունն այն է, որ դրանք կրում են համալիր բնույթ և ներառում են այն համալիր փոխզիջումային լուծումները, որոնք հաշվի են առնում բոլոր երկրների շահերը։ Կատարվել է բարդագույն աշխատանք։ Եվ ամենակոպիտ կերպով դրա արդյունքները Արևմուտքի տեսանկյունից պետք է ոչնչացվեն միայն այն պատճառով, որ նրանք ունեն իրենց տեսակետը տարածաշրջանի ապագայի վերաբերյալ»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ ավելի քան 100 հոգուց բաղկացած ԵՄ մոնիթորինգային առաքելությունը տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանին։ Այն սկսել է գործել անցյալ տարվա փետրվարից։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ ԵՄ երկրների արտգործնախարարները որոշում են կայացրել Հայաստանում ԵՄ դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի: Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ առաքելության ընդլայնումը կդառնա հայ-ադրբեջանական սահմանի կայունության բարձրացման միջոց։
Այսօր ՀՀ ԱԺ-ն վավերացվեց Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը: Այն ընդունվեց 57 կողմ, 0 դեմ և 27 ձեռնպահ ձայներով: Փաստաթուղթը կարգավորում է դիտորդական առաքելության գործառույթները, նրանց անձեռնմխելիություն է տրամադրում։
Լուսանկարը՝ fest2024.com-ից
Մեկնաբանել