HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Որ ծառը պոկեն, արմատների կեսը թողնեն, դժվար ա, չէ՞, նորից աճելը»․ Արցախից տեղահանված Բեգլարյանների ընտանիքը

2023-ի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանվելուց հետո Բեգլարյանների ընտանիքը հաստատվել է Երևանում։ Ընտանիքի 5 երեխայից 4-ը դպրոցահասակ են, սովորում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Ավետիսյան դպրոցում։

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) ֆինանսավորմամբ գործող դպրոցը արցախցիների բռնի տեղահանումից հետո ընդունել է 40 աշակերտի և 5 ուսուցչի։ Սակայն հետագայում 5 աշակերտ դուրս է եկել դպրոցից․ ընտանիքներով հեռացել են Հայաստանից։ Դպրոցին կից գործում է նաև նախակրթարան, որտեղ հաճախում է 2 արցախցի երեխա։

Տնօրեն Մելանյա Գեղամյանի խոսքով՝ արցախցիների ընդունելությունը բացառություն է եղել, քանի որ կրթահամալիր ընդունվելու համար կան հստակ չափորոշիչներ։ «Պահանջներից կարևորագույնն են՝ անապահով ընտանիքի, բազմազավակ ընտանիքի զավակ լինելը, ծնողներից մեկին կորցրած, ամուսնալուծված ընտանիքի երեխաները։ Անշուշտ, հիմա այս պայմաններից այն կողմ ունենք երեխաներ, որ մեղավոր չեն, որ բազմազավակ չի ընտանիքը, մեղավոր չեն, որ այս կետերից որևէ մեկին չեն համապատասխանում, նայում ենք, անդրադարձ ենք կատարում նաև այս երեխաներին»,- ասում է Գեղամյանը: Դպրոցում սովորելու կարևոր պայման է նաև, որ աշակերտը բնակվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Ի սկզբանե դպրոց են ընդունվել Բեգլարյանների ընտանիքի երեխաներից փոքրերը՝ Արսենը և Անահիտը․ նրանք սովորում են առաջին և չորրորդ դասարաններում։ Հետո ծնողները դիմում են գրել, որ Անին և Մարիամը ևս տեղափոխվեն այդ դպրոց։ Հայրը՝ Կարեն Բեգլարյանը, կարևորում է երեխաների կրթության ու զբաղվածության հարցը։ Վարձով բնակարանը փոխել է, որ դպրոցին մոտ ապրեն։

«Էսքանից հետո կարևորը երեխաների կրթությունն է, որ իրենք արմատներ գցեն, իրենք էլ սիրում են սովորել, որ կյանքում մի բանի հասնեն ու հայրենիքին օգտակար մարդիկ դառնան, չէ՞, բալես»,- ժպտում է գրկին նստած Անահիտին։ 

Անահիտը սիրում է շախմատ, խմբակ է հաճախում։ Ոգևորությամբ սեղանի տակից հանում է շախմատը, որ փոքր եղբոր՝ Արսենի հետ խաղան։ Արսենին ինքն է սովորեցնում խաղալ։ Գիտի, որ պարտվելուց շատ է վրդովվում եղբայրը, այդ պատճառով մեծ քրոջ հոգատարությամբ խաղը ոչ- ոքի ավարտեց։

Շախմատի խաղաքարերը նմանեցնում է ընտանիքի անդամներին։ «Պապաս արքան ա, որովհետև առանց արքայի շախմատ խաղալ չկա, մամաս թագուհի ա, թագուհիով մատ ենք անում կամ շախ ենք տալիս կամ խաղաքարեր ենք ուտում, մտածում եմ, որ Արտյոմը նավակն ա, Արսենը զինվորն ա, Մարիամը ձին ա, իսկ Անին՝ փիղը»։

-Բա դու՞։

-Ես չկամ, ես մեջը չկամ։ 

Մայրը՝ Անյա Բեգլարյանը, սենյակից բերում է մեծ պայուսակ՝ լցված լուսանկարների ալբոմներով, գովասանագրերով, վկայականներով։ «Երեխաների հագուստներից ենք մի քանի հատ վերցրել, մեկ էլ նկարները էլի, մեր փաստաթղթերը, ուրիշ ոչ մի բան»,- ասում է նա։

Անյայի ու ամուսնու համար դժվար է հարմարվելը։ Հայրն ասում է՝ երեխաների համար էլ հեշտ չէ, քիչ-քիչ սկսել են շփվել, ընկերություն անել։ «Բայց ասես, որ վերջնական հարմարվել են՝ չէ։ Ոնց որ ծառը պոկեն, արմատների կեսը թողնեն, բերեն մի տեղ, դժվար ա, չէ՞, նորից աճելը»,- ասում է նա։

Կարեն Բեգլարյանը վստահ է՝ որևէ արցախցու մտքով երբևէ չի անցել, որ դուրս կգա այնտեղից։ Հոր գերեզմանն ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի (Բեկոր Աշոտ) գերեզմանի կողքին է, մտածում է, որ քանդել են կամ կքանդեն շիրիմները․ ամենաշատը այդ միտքն է տանջում նրան։ Կարեն Բեգլարյանը խորը հոգոց է հանում․ «Էնա վատը, որ իրանք իրանց սուտը կարում են առաջ տանեն, բայց մենք մեր ճիշտը՝ չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter