HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալվածների թիվը հասել է 49-ի

Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվածների թիվը այս պահին 49 է։ Այս մասին «Հետքին» հայտնեց Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ ձերբակալվածները տարվել են ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ։ Ձերբակալությունները սկսվել էին այսօր վաղ առավոտից։

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ հատնել էր, որ այս մասին հաղորդում և դրա հիման վրա նախաձեռնված վարույթ չունեն։

Ավելի վաղ ձերբակալվածների թիվը 24 էր։ «Մարտական Եղբայրություն» միությունից հայտնում են, որ ձերբակալվածների թվում են միության անդամներ Մասիս Շիրոյանը, Ավետիս Ավետիսյանը, Գոռ Սարգսյանը, Սիրանուշ Գրիգորյանը, Հովսեփ Ղազարյանը, Արման Պետրոսյանը, Տարոն Սիմոնյանը, Գարիկ Սարգսյանը։ Իսկ Հրանտ Տեր-Աբրահամյանին քիչ առաջ են ազատ արձակել։ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունն էլ հայտնել է, որ Վերին Ոսկեպարից բերման են ենթարկվել Բևեռի 6 աջակիցներ, նրանք այժմ ոստիկանական բաժանմունքում են: 

Թեև ոստիկանությունը ձերբակալման հիմքում դրել է ապօրինի զենք-զինամթերք կրելը և պահելը, «Մարտական Եղբայրություն» միությունը պնդում է, որ հիմնական պատճառը միության անդամերի կողմից Վերին Ոսկեպար պլանավորած այցն է։ Չնայած ձերբակալություններին՝ միության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար։ Վերը թվարկված անդամներից վերջին 4-ը ձերբակալվել են հենց Ոսկեպարից։ Հրանտ Տեր-Աբրահամյանի կնոջ՝ Գայանե Ղազարյանի խոսքով՝ արդեն մոտ մեկ տարի է՝ միության անդամները տեղի բնակչության ու ցանկացողների համար ռազմական մարզումներ էին անցկացնում, սակայն Փաշինյանի` մարտի 18-ի այցից հետո այլևս թույլ չեն տալիս, և սա Փաշինյանի այցից հետո առաջին կիրակին էր, որ պետք է գնային։ 

Հիշեցնենք՝ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից անհապաղ ազատել և հանձնել 4 գյուղեր։ Փաշինյանը մարտի 18-ին Ոսկեպարում հայտարարել էր, որ որոշել է գնալ այդ հատվածներում Հայաստանի Հանրապետության սահմանի ճշգրտման․ «Դա անում ենք ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»,- նշել էր Փաշինյանը:

«Մարտական Եղբայրություն» միության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ երեկ՝ մարտի 23-ին, ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանից զրուցելու հրավեր էր ստացել։ Զրույցի ընթացքում Վարդան Վարդանյանը հայտնել է, որ չեն թույլատրելու «Մարտական եղբայրության» այցը Վերին Ոսկեպար: Վարդան Վարդանյանը հայտնել է նաև, որ այցը պետք է չեղարկվի՝ ելնելով անվտանգության նկատառումներից, համաձայն տեղեկությունների, որոնք ինքը չի կարող հայտնել: Սակայն միությունը այս զրույցից հետո, այնուամենայնիվ, որոշել էր, որ այցը Ոսկեպար տեղի է ունենալու՝ ըստ նախապես պլանավորածի:

Գլխավոր լուսանկարում՝ «Մարտական միության» անդամները

Լուսանկարը՝ «Մարտական միության» կայքէջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter