
Նարեկ Նալբանդյանի ՍՊԸ-ն Սևանից ապօրինի ջրառ է կատարել
Գործարար Նարեկ Նալբանդյանի ընկերությունը Սևանա լճից ապօրինի ջրառ է կատարել։ Փաստն արձանագրել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները։ Այս մասին «Հետքը» տեղեկացավ տեսչական մարմնից գրավոր հարցմամբ ստացած փաստաթղթերից։
Կասկածելի գործարքներով գույքը ավելացրած գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն Սևանում վարձակալական հիմունքով լողափեր ունի։ Այդ իրավունքը նա ստացել է 3 տարի առաջ։ 2023 թ.-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով ստուգել են Նարեկ Նալբանդյանի ընկերության կողմից իրականացվող ջրառի և ջրահեռացման օրինականությունը։
«Ստուգմամբ պարզվեց, որ ընկերությունը 2021 թ.-ի հուլիսի 8-ի պայմանագրով 5 տարի ժամկետով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից վարձակալել է թիվ 1 և 3 հանրային լողափերի տարածքը` ընդամենը 6.3 հա մակերեսով, և պարտավորվել է իրականացնել լողափերի ծրագրով նախատեսված գործունեություն։ Ստուգվող տարածքը ենթարկվեց զննության։ Հայտնաբերվեցին Սևանա լճից ջրառ իրականացնելու և նշված տարածքի ռեժիմի խախտման դեպքեր»,- արձանագրվել է Տեսչականի աշխատակիցների կազմած ստուգման ակտում։
Ըստ ակտի՝ «Պրոյեկտ ինտեր–ինվեստ» ՍՊԸ-ն խախտել է «Ջրային օրենսգրքի» 21-րդ և 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերը, այն է՝ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում կատարելը։ Ընկերությունը խախտել է նաև «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 20-րդ հոդվածը, որը սահմանում է՝ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը։ Նշված արարքների համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը պատասխանատվություն է սահամանում։
Ապօրինի ջրօգտագործման համար նախատեսված է 200-400 հազար դրամ տուգանք (նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 400-ապատիկը), իսկ բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմի խախատման համար՝ 150 հազար դրամ (նվազագույն աշխատավարձի 150-ապատիկը)։
Նարեկ Նալբանդյանի ընկերությունը, համաձայն չլինելով Տեսչական մարմնի ակտի հետ, այն վիճարկում է դատարանում։ Տեսչական մարմինն այս փուլում չի կարող վարչական ակտ կայացնել և խախտման համար տուգանել, քանի դեռ վարչական վարույթի նյութերը վիճարկվում են դատարանում։ Այդուհանդերձ, Տեսչական մարմինը կասեցրել է ապօրինի ջրառը։
«Հետքը» ավելի վաղ գրել էր, որ Նարեկ Նալբանդյանը դարձել է Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանած Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր, իսկ Նալբանդյանի կինը՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատան սեփականատեր։
Մեկնաբանել