HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել․ 12 շենք կկառուցեն

Ծաղկաձորում շինարարական եռուզեռ է։ Զբոսաշրջային քաղաքի տարբեր հատվածներում վեր են խոյանում նոր շենքեր։ Կառուցապատողները, իրար հերթ չտալով, գովազդում են դեռևս շահագործման չհանձնված շենքերի բնակարանները։ Ծաղկաձորը բոլոր ժամանակներում է իշխանության ներկայացուցիչների համար գրավիչ եղել։ Այդպես է նաև այսօր։

«Հետքին» հայտնի է դարձել, որ Ծաղկաձորում առաջիկայում 12 շենքից բաղկացած համալիր կկառուցի Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի և Վաղարշակ Հակոբյանի հետ կապվող ընկերությունը։ Կառուցապատման համար ընտրված մոտ 4 հեկտար մակերեսով հողամասը ձեռք է բերվել շուկայականից էժան գնով՝ կադաստրային արժեքով։ Ծաղկաձոր համայնքին պատկանած հողամասը «Սատուրնավան» ՍՊԸ-ն ձեռք է բերել 413 միլիոն դրամով, որը համարժեք է 1 միլիոն 66 հազար ԱՄՆ դոլարին։ Այնինչ, դրա շուկայական արժեքն ավելին է։

Ծաղկաձորի սկզբնամասում՝ Պահլավունյաց 73 հասցեում գտնվող համայնքային 3․7 հա հողամասը 2023 թ.-ի հունիսին աճուրդային կարգով գնել է «Սատուրնավան» ՍՊԸ-ն։ Հողամասը վաճառվել է կադաստրային արժեքով՝ 395 միլիոն դրամով։ Նույն տարվա նոյեմբերին ՍՊԸ-ն արդեն առանց աճուրդի՝ ուղիղ գնմամբ մոտ 18 միլիոն դրամով(17.8 մլն) համայնքից ձեռք է բերել ևս 1700 քմ հողամաս։ Հետագայում հողամասերը միավորել են, որի արդյունքում հողամասի ընդհանուր մակերեսը կազմել է 3.9 հեկտար։ Հողամասը ձեռք բերելու համար ընկերությունը համայնքային բյուջե է վճարել ընդհանուր 413 միլիոն դրամ։ Սեփականատեր դառնալուց հետո «Սատուրնավան» ՍՊԸ-ն հողամասը գրավադրել է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ում։

«Սատուրնավան» ընկերությունը հիմնադրել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորորդին՝ Արիկ Սուքիասյանը և պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հայրը՝ Սոս Հակոբյանը (50/50 բաժնեմասով)։

«Սատուրնավան» ՍՊԸ-ի հիմնադրումից օրեր անց՝ 2023 թ.-ի մայիսի 23-ին, Արիկ Սուքիասյանն իր բաժնեմասը փոխանցել է Ռաֆիկ Շահիջանյանին, որն էլ օրեր անց բաժնեմասը փոխանցել է «Մեդիա նյուզ» ՍՊԸ-ի սեփականատեր Վահագն Պետրոսյանին: «Մեդիա նյուզը» Խաչատուր Սուքիասյանի անվան հետ կապվող «Արարատնյուզ» կայքի իրավաբանական անձն է։ Վահագն Պետրոսյանը նաև Սուքիասյանների հետ կապվող մեկ այլ ընկերության՝ «Շալե» ՍՊԸ-ի տնօրենն է (Օղակաձև զբոսայգում գտնվող «Շալե» ռեստորանի)։ 2024 թվականի մարտին Վահագն Պետրոսյանն իր բաժնեմասը փոխանցել է Գյումրիի տնակային ավանում հաշվառված Ռաֆայել Բագրատունուն։ 

Այժմ «Սատուրնավան» ՍՊԸ-ի բաժնետերերն են պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հայրը՝ Սոս Հակոբյանը և Ռաֆայել Բագրատունին։ Վերջինս նաև ընկերության տնօրենն է։ Ծաղկաձորի հողամասը գնելիս ընկերության 50% բաժնեմասը պատկանել է Խաչատուր Սուքիասյանի հետ փոխկապակցված Վահագն Պետրոսյանին։

Ինչպես արդեն վերևում նշեցինք, Ծաղկաձորի սկզբնամասում գտնվող համայնքային 3.9 քմ հողամասը պատգամավորների հետ կապվող ընկերությունը գնել է 413 միլիոն դրամով։ Մեկ քառակուսին՝ 10 հազար դրամով։ Եթե այս գումարը Կենտրոնական բանկի սահմանած(2023 թ.-ի հունիս 13-ի) տարադրամի միջին փոխարժեքով վերածենք ԱՄՆ դոլարի, ապա կստացվի, որ 1 քմ հողամասը գնվել է 27 դոլարով։ Արդյո՞ք Ծաղկաձորում հողամասի շուկայական արժեքն այդքան է։ Այս հարցի պատասխանը ստանալու համար ուսումնասիրել ենք Ծաղկաձորում վաճառվող 2 տասնյակ հողամասի վաճառքի հայտարարություն, առանձնացրել դրանց մակերեսներն ու արժեքները։ Պարզել ենք, որ Ծաղկաձորում վաճառվող հողամասերի 1 քմ-ի շուկայական արժեքը 97 ԱՄՆ դոլար է։ Եթե այս թիվը բազմապատկենք «Սատուրնավան» ՍՊԸ-ի գնած հողամասի մակերեսով, կստացվի 3 միլիոն 783 հազար դոլար։ Այսինքն՝ հողամասը գնվել է շուկայական արժեքից 2 միլիոն 717 հազար դոլարով պակաս։ Ուսումնասիրված հայտարարություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ինչո՞ւ համայնքային հողամասերը «Սատուրնավան» ՍՊԸ-ին չեն վաճառվել շուկայական արժեքով, որը մի քանի անգամ գերազանցում է կադաստրային արժեքը։ Այս հարցն ուղղեցինք Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետ Նարեկ Հարությունյանին, որը գրավոր հայտնեց, որ հողամասը կադաստրային արժեքի 100%-ի չափով վաճառել են՝ հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածը։ Օրենսգրքի այդ հոդվածը սահմանում է համայնքային հողամասի վաճառքի նվազագույն գինը․ «Աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսից»։ Օրենսգիրքը չի արգելում հողամասն ավելի բարձր՝ շուկայական արժեքով վաճառելու հնարավորությունը, որից չի օգտվել համայնքը։

Ծաղկաձորում 12 շենքից բաղկացած թաղամաս կկառուցվի

«Սատուրնավան» ՍՊԸ-ն 3.9 հա մակերեսով հողամասի սեփականությունը գրանցելուց հետո դիմել է Ծաղկաձորի համայնքապետարան՝ կառուցապատման համար։ Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը 2024 թ.-ի փետրվարին նախագծման թույլտվություն է տվել։ Այդ փաստաթղթում ուրվագծվում է ապագա թաղամասի ընդհանուր պատկերը։ «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցում, բաղկացած մինչև 9 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկով 12 մասնաշենքերից, անհրաժեշտության դեպքում նախատեսել տեխնիկական մասնաշենքեր՝ մինչև 109 հազար քմ»,- նշված է նախագծման թույլտվության մեջ։ 3.9 հա հողամասի մինչև 40 տոկոսն է կառուցապատվելու։ Ծաղկաձորի համայնքապետարանում նախագծի վերաբերյալ արդեն տեղի է ունեցել մեկ հանրային լսում։ Նախագիծը հետագայում պետք է ինչպես ՇՄԱԳ, այնպես էլ համալիր փորձաքննության ենթարկվի, որից հետո նոր կտրվի շինթույլտվությունը։ Քաղաքաշինական ծրագրի իրականացման համար կառուցապատողը համայնքի բյուջե է վճարել 109 միլիոն դրամ տուրք (նախագծման թույլտվության համար)։

Գործարքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով գրավոր հարցմամբ դիմեցինք պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին, Վաղարշակ Հակոբյանին և «Սատուրնավան» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆայել Բագրատունուն։

Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը գրավոր հայտնել է, որ հողամասի գնման հարցում ինքը դեր չի ունեցել և չէր էլ կարող ունենալ, ինչպես նաև ներգրավված չի հողամասի գնման և կառուցապատման ծրագրում։ «Ես որևէ տեղեկություն չունեմ Ծաղկաձոր համայնքի Պահլավունյաց 73 հասցեում գտնվող հողամասի ենթադրյալ օտարմանն առնչվող հարցերի (այդ թվում նաև դրա գնի) վերաբերյալ։ Ծաղկաձոր համայնքի Պահլավունյաց 73 հասցեում գտնվող հողամասի ենթադրյալ օտարմանն առնչվող հարցերի (այդ թվում՝ օտարման գնի և դրա շուկայական գնի ենթադրյալ տարբերության) մասին տեղեկություններ կարող եք ստանալ այդ գործարքի՝ Ձեր վկայակոչած կողմերից՝ Ծաղկաձոր համայնքից և «Սատուրնավան» ՍՊԸ-ից»,- նշել է Վաղարշակ Հակոբյանը։ ՔՊ-ական պատգամավորը պնդում է, որ ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում և հայտարարում է, որ «Սատուրնավան» ՍՊԸ-ի հիմնադրումն ու հողամասի ձեռքբերումը չի կարող վերագրվել իրեն և համարվել պատգամավորին՝ Սահմանադրության 95-րդ հոդվածով ներկայացվող անհամատեղելիության պահանջների խախտում։

Ի տարբերություն Վաղարշակ Հակոբյանի, նրա գործընկեր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը մեզ մեղադրեց սադրելու և պատվեր կատարելու մեջ։ Խաչատուր Սուքիասյանը մամուլի խոսնակի միջոցով փոխանցեց, որ մեր հարցերին կարող է և չպատասխանել, բայց որպեսզի մենք մեզ արհամարհված չզգանք, պատասխանում է։ Հարցին՝ հողամասը շուկայական արժեքից ցածր գնով ձեռք բերելու գործում արդյոք դեր է ունեցել պատգամավորների գործոնը, Խաչատուր Սուքիասյանը պատախանել է․ «Նախ անդրադառնամ նրան, որ ես որևէ առնչություն չունեմ ո՛չ «Սատուրնավան» ՍՊԸ-ի, ո՛չ հողի ձեռքբերման և ո՛չ էլ կառուցվելիք համալիրի հետ: Ինձ համար տարօրինակ է այն, որ լրատվական միջոցը անհայտ եղանակով կատարված ուսումնասիրության չստուգված արդյունքը՝ հողի արժեքի վերաբերյալ, կարող է ընդունել որպես բացարձակ իրականություն, և հարցադրումները կառուցել այդ «իրականության» վրա:

Ինձ հասցեագրված Ձեր առաջին հարցին կպատասխանեմ՝ ոչ»։ Խաչատուր Սուքիասյանը զրպարտող է համարում իրեն գնորդ ընկերության հետ կապելու և այսպիսով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մեր հարցը՝ համարելով, որ կանխակալ ենք։ Տարբեր ժամանակների իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող գործարար պատգամավորը հույս է հայտնել, որ այսուհետ կլինենք օբյեկտիվ և ինքնուրույն։

«Սատուրնավան» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆայել Բագրատունին էլ մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ ընկերության բաժնետեր Սոս Հակոբյանը (Վաղարշակ Հակոբյանի հայրը) նախկինում շուրջ 30 տարի տիրապետել է այն հողամասը, որը նախորդ տարի գնել է ՍՊԸ-ն։ «Ինչ վերաբերում է հողամասը շուկայականից ցածր գնով ձեռք բերելու գործում որևէ մեկի դերակատարման վերաբերյալ Ձեր հարցին, ապա՝ հողամասի շուկայական արժեքի մասին Ձեր պատկերացումներն Ընկերությունը չի կիսում, և, հետևաբար, որևէ մեկը չէր կարող դերակատարում ունենալ տեղի չունեցած իրադարձությանը»,- պատասխանել է «Սատուրնավան» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆայել Բագրատունին։

Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (1)

Սիմոն
Վատ չի, որ իշխանավորներին պահում եք ուշադրության կենտրոնում։ Բայց նաև պետք է հստակ նշել, որ Ծաղլաաձորում հողի շուկայական արժեքը անչափ ուռճացված են՝հենց հիմա հայտարարութոյւններ կան մեծ հողամասերի, որտեղ մեկ ք․մ․ արժեքը 29-35$ նախնական։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter