Երեւանի գիշերներում. փողոց մաքրողները
Զադինա Ավդալյանը 27 տարի է՝ մաքրում է Երեւանի փողոցները։ Բոլոր փողոցներն անգիր գիտի։ Գործընկերները նրան Զադե են ասում։ Զադեի դուստրերն ամուսնացած են, ինքն ամուսնու հետ է ապրում։ Ամուսինը հաշմանդամություն ունի, աշխատել չի կարող։ Զադեն նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնում է աշխատում` որպես մաքրուհի։
«Հաջորդ անգամ, երբ փողոցում աղբ նետեն, թող պատկերացնեն, որ երբ իրենք քնած են, մենք աշխատում ենք ու մաքրում մեր բոլորի քաղաքը։ Պատահում է, երբ փողոցով քայլելիս նկատում են քեզ, տեսնում են, որ մաքրում ենք, ու մաքրած հատվածում աղբ են նետում»,- ասում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» (ԵԱՍՄ) հիմնարկի աշխատակից Զադինա Ավդալյանը։
Նկարահանման նախորդ օրը՝ մարտի 20-ին, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում մեքենան հարվածել է ԵԱՍՄ հիմնարկի 65-ամյա աշխատակցին և փախել, անգամ չի արգելակել, որ օգնություն ցույց տա։ Զադեն ու գործընկերուհին՝ Սվետլանան, դեպքի վայրում են եղել։
Նկարագրում է՝ ուժեղ ձայն են լսել, հետ են նայել, գործընկերուհուն՝ Աշխենին, արդեն գետնին ընկած՝ անշնչացած են գտել։ Շտապօգնություն են կանչել, հետո Ոստիկանությունն է եկել, նրանց տարել են Ոստիկանության բաժին, որտեղ պատմել են իրենց տեսածը։ Մեքենայի պետհամարանիշն ու մակնիշը Զադեն ու գործընկերուհին չեն հասցրել նկատել, ասում են՝ շատ արագ է անցել։ Ոստիկաններն ասել են, որ մոտակա բանկի, փողոցի տեսախցիկների միջոցով հնարավոր կլինի նույնականացնել վարորդին։
Այս դեպքից հետո Զադեն ու գործընկերները շատ են վախեցել, փորձում են զգույշ լինել, որքան հնարավոր է՝ մայթեզրերով են քայլում, բայց աղբը հավաքելու համար անհրաժեշտ է լինում փողոցի երթևեկելի հատվածներ անցնել։ Ամիսներ առաջ էլ մեկ այլ աշխատակից էր վրաերթի ենթարկվել, բարեբախտաբար, միայն թևն էր կոտրել։
«Վտանգավոր է, իհարկե, վտանգավոր աշխատանք է, ճիշտ է՝ մենք հատուկ էս վառ գույնի շորերով ենք, բայց դե արագ ընթացող մեքենայի համար գույնը կապ չունի, չեն հասցնում արգելակել»,- ասում է նա։
Ընդմիջման համար հատկացված 15-20 րոպե ժամանակը աշխատում են չօգտագործել, որ աշխատանքն ավելի շուտ ավարտեն, միայն սուրճի ընդմիջում են անում աշխատանքային ժամի կեսին։ Ձմռան ամսիներին, երբ դրսում ցուրտ է, գիշերը ինչ-որ տեղ մի քանի րոպե նստելուց հետո մրսում են, դրա համար աշխատում են երկար ընդմիջում չանել։
Ժամը 21:00-ին, հաճախ՝ ավելի շուտ, ԵԱՍՄ աշխատակիցները տնից դուրս են գալիս ու հասնում աշխատավայր՝ վարչական շրջանի շենք։ 22:00-ին սկսվում է նրանց աշխատանքը՝ ավելներն են կապում, ու յուրաքանչյուր խումբ գնում է իր տարածքը մաքրելու։ Աշխատանքը տևում է մինչև լուսաբաց՝ ժամը 5-ը։ Բոլոր բրիգադներն ունեն իրենց մշտական տարածքները։
Ամեն վարչական շրջան իր աշխատակիցներն ու համակարգողն ունի։ Կենտրոնի տարածքը մեծ է, շարժը՝ շատ, գրեթե ամեն փողոց մի բրիգադ է մաքրում։ Ամեն բրիգադում երեք հոգի է, երկուսն ավլում են փողոցի աջ և ձախ հատվածները, մեկը նրանց հետևից հավաքում է կուտակած աղբը։
ԵԱՍՄ աշխատակիցների մեծ մասը տարեց է՝ կենսաթոշակային տարիքի կանայք ու տղամարդիկ, որոնք իրենց ապրուստի միջոցը հայթայթելու համար աշխատում են։
Նրանք տարվա ամեն եղանակի գործ ունեն՝ ձմռանը ձյունն են բահով մաքրում, սառույցն են կոտրում, մայթերին աղ ու ավազ են շաղ տալիս։ Ամենադժվարը աշնան տերևաթափի օրերն են, այդ ժամանակ աշխատանքը սովորականից ուշ են ավարտում։ Անձրևային օրերին, եթե անձրևը հորդառատ չէ, հագնում են անձրևանոցներն ու շարունակում գործը, իսկ երբ աշխատելն անհնար է լինում, սպասում են, մինչեւ կտրվի։
ԵԱՍՄ աշխատակիցների հանգստյան օրը ուրբաթն է։ Այստեղ աշխատում են ոչ միայն Երեւանի, այլեւ մոտակա մարզերի՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի բնակիչները։
Աբովյան փողոցը մաքրում է Ալվարդ Նադարյանը։ Նա կույր դուստր ունի։ Ընտրել է այս աշխատանքը, որ ցերեկը տանը լինի ու կարողանա դստեր խնամքով զբաղվել։ Երկար տարիներ նաև խանութում է աշխատել, ամուսնու մահից հետո՝ արդեն 8 տարի Երևանի փողոցներն է մաքրում։ Երբ հարցնում ենք, թե տարեցների համար դժվար չէ՞ այս աշխատանքը, կատակում է. «Երբ մեծանում ես, քունդ էլ է փախնում, էսպես լավ է, էլի, մեկ է՝ երկար չենք կարողանում քնել»։
Գիշերային ժամերին տարբեր մարդկանց են հանդիպում։ Երբ ալկոհոլի ազդեցության տակ մարդիկ փորձում են վիճաբանել, աշխատում են անտեսել, երբեմն ստիպված են լինում զանգել համակարգողներին։
Ալվարդն ասում է՝ շատերը ամաչում են կատարած աշխատանքից կամ մտածում, որ այն պատվաբեր չէ, բայց ինքը վստահ է՝ շատ կարևոր գործ են անում բոլորի համար։
Ալվարդի գործընկերուհին երկու տեղ է աշխատում։ Ցերեկը հաշվապահական գրասենյակում է մաքրություն անում, նկարվել չի ուզում, ասում է՝ հարազատները տեղյակ չեն, թե որտեղ է աշխատում:
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցներից շատերը երկրորդ աշխատանք ունեն։ Լուսաբացին գնում են տուն, մի քանի ժամ հանգստանում, ապա գնում երկրորդ աշխատանքին։
Այդ ժամին, երբ նրանք ավարտում են գործը, հասարակական տրանսպորտը չի աշխատում։ Երեւանում ապրողները կամ տաքսիով են տուն գնում, կամ էլ սպասում են վարչական շրջանի շենքում, մինչև հասարակական տրանսպորտը սկսի աշխատանքը։
Ալվարդը նստած է վարչական շրջանի շենքում, տաքսի է կանչել։ Տուն հասնելուն պես մի բաժակ սուրճ կխմի, մի քանի ժամ կքնի, կհանգստանա։ Հենց դուստրն արթնանա, կանցնի առօրյա գործերին։ Նա ուզում է, որ համաքաղաքացիները գնահատեն իրենց կատարած աշխատանքն ու ավելի հարգալից լինեն։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել