Լարված իրավիճակ Թբիլիսիում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով
Վրաստանի խորհրդարանը օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրինագիծը, որի պատճառով վերջին օրերին Թբիլիսիում իրավիճակը խիստ լարված է, ապրիլի 30-ից շուտ չի կարող երկրորդ ընթերցմամբ քվեարկության դնել։
Վրացական օրենսդրության համաձայն՝ հաջորդ շաբաթ օրինագիծը խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովում կքննարկվի երկրորդ ընթերցմամբ։ Իսկ խորհրդարանում նոր նստաշրջանի շաբաթը կսկսվի ապրիլի 30-ից, ինչը պատգամավորներին թույլ կտա օրինագիծը երկրորդ ընթերցման ներկայացնել արդեն լիագումար նիստում։
Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր «օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրինագիծը, որին դեմ են արտահայտվել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արեւմտյան դիվանագետները։ Վերջիններս պնդում են, որ դա էականորեն կխոչընդոտի Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին: Երկուշաբթի օրվանից Թբիլիսիում ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները ցույցեր են անում: Բողոքի այդ ակցիաները երբեմն վերածվում են ոստիկանության հետ բախումների։ Իրավապահները բերման են ենթարկել տասնյակ մարդկանց։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի գործող կառավարությունը ռուսամետ է և հույս հայտնել, որ վրացական հասարակությունը կկարողանա փոխել այդ իշխանություններին։
Interview with @cnni News https://t.co/68cCX9w1M2
— Salome Zourabichvili (@Zourabichvili_S) April 18, 2024
«Պարզ է, որ Վրաստանի բնակչությունը երբեք թույլ չի տա կառավարությանը, որն ակնհայտորեն ռուսամետ է, շարունակել լինել իր կառավարությունը, քանի որ նա պայքարում է գլխավոր, էքզիստենցիալ ընտրության դեմ (խոսքը Վրաստանի եվրոպական ինտեգրման մասին է-խմբ.), ինչը Վրաստանն արել է դարեր առաջ»,- CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին։
Վրաստանի նախագահը նաև հույս է հայտնել, որ այս օրինագծի դեմ բողոքի ակցիաները կշարունակվեն և կդառնան խորհրդարանական ընտրությունների ռազմավարության մի մաս, որոնք նշանակված են այս տարվա հոկտեմբերի 26-ին։
«Այն, ինչ մենք տեսանք վերջին երեք օրվա ընթացքում, լայնածավալ, բայց շատ խաղաղ ցույցեր էին՝ բազմաթիվ երիտասարդների մասնակցությամբ։ Ես վստահ եմ, որ դրանք կշարունակվեն։ Սա միտում է, որը դարձել է ռազմավարության մի մասը, որի նպատակը պետք է լինեն առաջիկա ընտրությունները»,- հավելել է Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք, որ «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն ապրիլի 3-ին հայտարարել էր, որդարձյալ խորհրդարանի օրակարգ են բերում «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագիծը։ Ընդ որում՝ ներկայացվել է 2023 թվականի գարնանը՝ բողոքի ակցիաներից հետո հետ կանչված նույն նախագիծը։
Մեկ տարի առաջ ներկայացված օրինագծի տեքստը նախատեսում էր, որ Վրաստանում կստեղծվի «օտարերկրյա գործակալների» ռեեստր, որտեղ նշված կլինեն բոլոր ոչ առևտրային իրավաբանական անձինք և ԶԼՄ-ները, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 %-ը գալիս է արտերկրից։
Այդ կազմակերպությունները պետք է հրապարակեին տարեկան ֆինանսական հաշվետվություն: Խախտման դեպքում նրանց համար ֆինանսական պատժամիջոցներ էին նախատեսվում։
Առաջին անգամ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը նախաձեռնվել էր 2023 թվականի փետրվարին, իսկ մարտի սկզբին Վրաստանի խորհրդարանն այն ընդունել էր առաջին ընթերցմամբ։ Դրանից հետո Թբիլիսիում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր, որոնց ժամանակ ոստիկանությունը ձերբակալել էր մարդկանց, բողոքի ցույցերը ցրել ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազ կիրառել:
Օրինագիծը դատապարտել էին ԱՄՆ-ն և Եվրամիությունը։ Մի քանի օր անց օրինագիծը հետ էր կանչվել «հասարակության շրջանում տարաձայնությունների» պատճառով։
Ընդդիմության կարծիքով՝ օրինագիծը կրկնում է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենսդրության դրույթները։
Ապրիլի 15-ին օրինագծի քննարկումն ընդհատվել էր խորհրդարանում ծեծկռտուքի պատճառով։ «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի ելույթի ժամանակ նրա վրա հարձակվել էր ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին:
Լուսանկարը՝ Vano Shlamov/AFP/Getty Images
Մեկնաբանել