HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, եթե անդամակցի Եվրամիությանը. Ղարիբաշվիլի

Եվրամիությունը դեռ պատրաստ չէ Վրաստանի անդամակցությանը, սակայն, եթե այդ ժամանակը գա, ապա Վրաստանի իշխանությունները կկարողանան վերանայել օտարերկրյա գործակալների մասին օրենքը: Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Եթե մեզ ասեն, որ վաղը մենք դառնում ենք Եվրամիության անդամ, ապա շատ հեշտ կլինի չեղյալ հայտարարել կամ վերանայել դա, վերափոխել այն կամ ընդունել նորը»,- լրագրողներին հայտարարել է Ղարիբաշվիլին։

Քաղաքական գործիչը հավելել է, որ Վրաստանը Եվրամիության հետ հարաբերություններում հասել է իր գագաթնակետին, երբ 2023 թվականի դեկտեմբերին Թբիլիսին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստացավ։ Դրանից հետո արդեն սկսվում են Եվրամիությանն անդամակցության բանակցությունները, սակայն Վրաստանի անդամակցության վերաբերյալ ԵՄ երկրները դեռևս կոնսենսուս չունեն:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենսդրական նախագիծը։ 

Դրա դեմ են հանդես գալիս Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները, որոնք պնդում են, որ այս օրինագծի ընդունումը կխոչընդոտի Վրաստանի եվրաինտեգրմանը: Այս շաբաթվա սկզբից ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները Թբիլիսիում ցույցեր են անցկացնում։ Բողոքի ակցիաները երբեմն վերածվում են ոստիկանության հետ բախումների։ Դրանց ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկում քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն ապրիլի 3-ին հայտարարել էր, որ դարձյալ խորհրդարանի օրակարգ են բերում «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագիծը։ Ընդ որում՝ ներկայացվել է 2023 թվականի գարնանը՝ բողոքի ակցիաներից հետո հետ կանչված նույն նախագիծը։

Մեկ տարի առաջ ներկայացված օրինագծի տեքստը նախատեսում էր, որ Վրաստանում կստեղծվի «օտարերկրյա գործակալների» ռեեստր, որտեղ նշված կլինեն բոլոր ոչ առևտրային իրավաբանական անձինք և ԶԼՄ-ները, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 %-ը գալիս է արտերկրից։

Այդ կազմակերպությունները պետք է հրապարակեին տարեկան ֆինանսական հաշվետվություն: Խախտման դեպքում նրանց համար ֆինանսական պատժամիջոցներ էին նախատեսվում։ 

Առաջին անգամ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը նախաձեռնվել էր 2023 թվականի փետրվարին, իսկ մարտի սկզբին Վրաստանի խորհրդարանն այն ընդունել էր առաջին ընթերցմամբ։ Դրանից հետո Թբիլիսիում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր, որոնց ժամանակ ոստիկանությունը ձերբակալել էր մարդկանց, բողոքի ցույցերը ցրել ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազ կիրառել:

Օրինագիծը դատապարտել էին ԱՄՆ-ն և Եվրամիությունը։ Մի քանի օր անց օրինագիծը հետ էր կանչվել «հասարակության շրջանում տարաձայնությունների» պատճառով։

Ընդդիմության կարծիքով՝ օրինագիծը կրկնում է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենսդրության դրույթները։

Ապրիլի 15-ին օրինագծի քննարկումն ընդհատվել էր խորհրդարանում ծեծկռտուքի պատճառով։ «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի ելույթի ժամանակ նրա վրա հարձակվել էր ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին:

Լուսանկարը՝ Juan Medina/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter