HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը կօգնի ռուս խաղաղապահներին արագ դուրս գալ Լեռնային Ղարաբաղի տարածքից

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է անհրաժեշտ տեխնիկական աջակցություն ցուցաբերել ռուսական խաղաղապահ զորախմբին՝ Լեռնային Ղարաբաղից անձնակազմի և մարտական տեխնիկայի դուրսբերման հարցում: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վերջինիս փոխանցմամբ՝ հրահանգը տրվել է Ադրբեջանի ԶՈւ ցամաքային զորքերի շտաբում ծառայողական խորհրդակցության ժամանակ։ «Պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ է տվել՝ կապված Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի անձնակազմի, սպառազինության և մարտական տեխնիկայի տեղափոխման համար անհրաժեշտ տեխնիկական աջակցության տրամադրման հետ, որը ժամանակավորապես տեղակայված էր Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում (նկատի ունեն Լեռնային Ղարաբաղը- խմբ.) և ներկայումս լքում է մեր երկիրը»,- ասված է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ խորհրդակցությանը նաև «վերլուծվել է հայ-ադրբեջանական պայմանական սահմանին ստեղծված օպերատիվ իրադրությունը, քննարկվել են զորամասերի մարտական պատրաստության միջոցառումները և զինվորական կարգապահության վիճակը»:

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս է բերվում Լեռնային Ղարաբաղից։ Լուրը հաստատել էին նաև Կրեմլում և Բաքվում։  Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման մասին որոշումն ընդունվել է երկու երկրների (Ռուսաստանի և Ադրբեջանի- խմբ.) բարձրագույն ղեկավարության կողմից։

«Մեր երկրի տարածքից Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին վաղաժամկետ դուրս բերելու մասին որոշումը, որոնք ժամանակավորապես տեղակայվել էին Ադրբեջանի Հանրապետության տարածքում (նկատի ունի Արցախը- խմբ.)՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության հիման վրա (Ադրբեջանում նոյեմբերի 9-ի փոխարեն 10 ամսաթիվն են օգտագործում- խմբ.), ընդունվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից: Գործընթացն արդեն սկսվել է։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այդ որոշումն իրագործելու համար»,- ասել էր Հաջիևը։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն էլ միայն հաստատել էր այս լուրը՝ չնշելով որևէ այլ մանրամասն։ 

Խաղաղապահների դուրսբերման մեկնարկի մասին ապրիլի 16-ին գրել էին նաև ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ: Նրանց տվյալներով՝ գործընթացն ընթանում է արդեն մի քանի օր։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում էին, որ խաղաղապահ զորախմբի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան օրեր առաջ լքել էին Դադիվանքի տարածքը։

Ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախում տեղակայվել էր 2020 թվականի աշնանը՝ 44-օրյա պատերազմից հետո։ Այդ մասին համաձայնությունը ձեռք էր բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունների ժամանակ։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ խաղաղապահ զորակազմը կտեղակայվի 5 տարի ժամկետով։

Խաղաղապահ զորակազմում մոտ երկու հազար զինծառայող էր։ 3,5 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում յոթ խաղաղապահ է զոհվել։ Նրանցից 5-ը, այդ թվում՝ զորախմբի հրամանատարի տեղակալ Իվան Կովգանը, սպանվել են 2023 թվականի սեպտեմբերի 20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջադեպի համար պաշտոնական ներողություն էր խնդրել Ռուսաստանից և խոստացել պատժել մեղավորներին (հետաքննության հետագա ընթացքի մասին այլևս ոչինչ չի հաղորդվել- խմբ.

Այդուհանդերձ, ռուս խաղաղապահների գործունեությունը մեծապես քննադատության է ենթարկվել այս ողջ ընթացքում։ Նախ, խաղաղապահները ոչինչ չձեռնարկեցին անցած տարվա սեպտեմբերին Արցախի հայաթափության ժամանակ։ Բացի այդ, նրանց ներկայությունը զսպիչ գործոն չէր ադրբեջանցիների համար, անգամ եղել էր դեպք, երբ դաշտում աշխատող գյուղացին սպանվել էր խաղաղապահի ներկայությամբ։

Լուսանկարը՝ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter